Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԴԱՐՁԱ ԹԻՐԱԽ

Փետրվար 02,2007 00:00

Հարցազրույց ԱԺ նախագահի նախկին խորհրդական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Բորիս Շահնազարյանի հետ:

– Հայտնի է, որ Դուք «Գարդմանահայերի հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության նախկին նախագահն էիք, Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի խորհրդականը: Դուք զբաղվու՞մ եք հասարակական գործունեությամբ:

– Ես հրաժարական եմ տվել 2006թ. դեկտեմբերին: Հայրենակցական միության նախագահի պարտականությունները մինչեւ նոր համագումար հրավիրելը ժամանակավորապես դրվել են Հակոբ Մարտիրոսյանի վրա: Համագումարը նախատեսվել է 2007թ. փետրվարին:

– Պրն Շահնազարյան, սակայն «Առավոտի» տեղեկություններով, շրջանառության մեջ են դրվել մանդատներ՝ գարդմանահայերի արտահերթ համագումարի անցկացման համար:

– Մեկ տարի է, ինչ նախապատրաստվում էինք հաշվետու համագումարին: Անցյալ տարվա հոկտեմբերին նախագահության նիստում առաջարկություն եղավ աշխատանքային խումբ ստեղծել: Խմբի անդամ դարձան նախագահության անդամները: Տեղյակ եմ, որ կան կեղծ մանդատներ:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ գարդմանցիները բաժանվել են հակադիր ճակատների: Ընդ որում, որքան մեզ հայտնի է, Ձեզ մեղադրում են Հայրենակցականի՝ «Օրինաց երկիր» կուսակցության հետ համագործակցելու մեջ:

– Չեմ կարող ասել, թե քանի ճակատ կա: Ինձ համարում եմ միությունից դուրս ու չեմ մասնակցում կազմակերպության աշխատանքներին: Միությունը առքուվաճառքի առարկա չի կարող դառնալ: Դեռ 2003թ. գարնանը միության խորհրդի նիստում մենք քննարկեցինք ԱԺ ընտրությունների մասնակցության հարցը: Առաջարկությունները երեքն էին. սատարել «Օրինաց երկրին», ՀԺԱՄ-ին եւ ՀՅԴ-ին: Երեք առաջարկները քննարկման դրվեցին, եւ մենք որոշեցինք սատարել «Օրինաց երկրին»: Այս ամենն արձանագրված է եւ կարող եք ծանոթանալ:

– Պրն Շահնազարյան, Դուք համամասնական ցուցակով ընտրվեցիք ԱԺ պատգամավոր: Որքա՞ն մնացիք պատգամավորի կարգավիճակով:

– Այո, ընտրվեցի, սակայն դեռ չգրանցված՝ հրաժարվեցի, խնդրելով ինձ տալ այնպիսի կարգավիճակ, որպեսզի դրանով օգտակար լինեմ փախստական դարձած հայրենակիցներիս: ԱԺ նախագահի խորհրդականի կարգավիճակով ես զբաղվում էի հենց այդ խոցելի խմբերին՝ իրավական, սոցիալական օգնությամբ:

– «Առավոտի» տեղեկություններով, Ձեզ «Գարդման երկիր» թերթը (ի դեպ, 99 օրինակով լույս տեսած այս թերթի տեղը, գտնվելու վայրը, կազմը հայտնի չեն) մեղադրել էր, որ «յուրացրել եք «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենա», եւ որ «նախընտրական առեւտրի տխրահռչակ մասնագետ եք»: Ինչո՞ւ թիրախ ընտրվեցիք հենց Դուք, երբ որոշակի դիրք այսօր չեք զբաղեցնում:

– Տեղյակ եմ այդ զրպարտանքին եւ դիմելու եմ դատախազություն ու դատարան՝ իմ դեմ արված հերյուրանքներին իրավական գնահատական տալու համար: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես սադրանքներից հեռու մարդ եմ: Նախ չգիտեմ, թե ով է մեքենա տվել, ում մեքենան եմ յուրացրել: Ինչու ընտրվեցի որպես թիրախ: Որովհետեւ «Գարդմանի» նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը պայքարում է միության նախագահ դառնալու համար: Ինձ չներեցին, որովհետեւ գտնում եմ, որ միությունը չպետք է կուսակցականացնել: Ահա սա դուր չի գալիս նրանց, ովքեր լռում էին ամիսներ առաջ:

– Սակայն մամուլում վերջերս անդրադարձան նաեւ Ձեր բուհական գործունեությանը, մեղադրելով, որ կուրսայինների դիմաց գումար եք վերցնում:

– Այդ զրպարտության մասին էլ, ցավոք, տեղյակ եմ: Այսօր այդ կապակցությամբ դիմել եմ գլխավոր դատախազություն: 27 տարի ամբիոնի վարիչ եմ, 500-ից ավելի մենագրությունների, գիտական հոդվածների հեղինակ, եւ որեւէ մեկը չի կարող ինձ մեղադրել կոռուպցիայի մեջ:

Քաղաքական խաղերը կրթության ոլորտ տեղափոխելը ազնիվ քայլ չէ: Հերյուրանքները տարածում են թե իմ, թե բուհի, թե գիտության եւ կրթության նախկին եւ ներկա նախարարների մասին: Վերջիններիս ներկայացնում են որպես իմ պաշտպան: Ասեմ, որ նրանց հետ առնչություն չեմ ունեցել: Մենք ընկերներ չենք, եւ նրանք իմ պաշտպանը չեն: Ես պաշտպան չեմ փնտրում:

Բուհական ոլորտում պղտորություններն անում են նրանք, ովքեր խցկվում են այնտեղ: Դեռ քիչ է, որ ինձ վարկաբեկում են, մեղադրում են լաբորատորիայի վարիչին էլ:

Հ. Գ. Լաբորատորիայի վարիչ Բելլա Բաբայանը մեզնից տեղեկացավ, որ իրեն մեղադրում են կոռուպցիայի մեջ: Նա հուզված ասաց. «Ես էլ ունեմ չուզողներ: Հավանաբար, 10 տարի առաջ դոցենտ դառնալու քայլիս պատասխանն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել