Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»

Փետրվար 02,2007 00:00

 \"\"Մեր զրուցակիցն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՖԻԴԵ-ի վարպետ, վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանը:

– Պարոն Խալիկյան, ի՞նչ կասեք Լեւոն Արոնյանի վերջին ելույթի մասին:

– Շախմատի համաշխարհային օլիմպիադայից հետո Արոնյանը ավելի հասուն խաղ է ցուցադրում: Աճի տեմպերը սովորականից բարձր են եւ ակնառու: Արոնյանն այսօր արդեն ինտեգրված է աշխարհի լավագույն շախմատիստների ընտանիքում եւ չափազանց կարեւոր է դառնում, բացի շախմատային պատրաստվածությունը, նրա բարոյահոգեբանական, ֆիզիկական եւ էներգետիկ մարզավիճակը:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Էքստրեմալ վիճակում կայունության դրսեւորման ունակությունը: Օրինակ՝ Վեյկ ան Զեեում, բոլորս գիտենք, որ Լեւոնը մրցաշարը սկսեց բավական համեստ: Իսկ աղյուսակը երկար ժամանակ գլխավորում էր Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովը: Ռաջաբով-Արոնյան պարտիայից առաջ փորձենք հասկանալ Արոնյանի հոգեվիճակը: Խաղում է սեւերով, հակառակորդը գերազանց մարզավիճակում է, եւ հայ ազգը հերթական սխրանք է ակնկալում: Միայն երկաթյա նյարդեր ունեցող շախմատիստը կարող էր այն իրագործել: Նման լարվածությունը հաղթահարելիս շախմատիստը մեծ էներգիա է կորցնում եւ վտանգվում է նրա՝ մրցաշարը հաջող ավարտելու գործընթացը: Ինչպես տեսանք, Արոնյանը կարողացավ հաղթահարել նաեւ այդ հոգեֆիզիկական խոչընդոտը եւ գերազանց ավարտել մրցաշարը:

– Իսկ ի՞նչ տվեց այդ հաղթանակը:

– Աշխարհի գավաթակիր, օլիմպիական չեմպիոն, խոշոր մրցաշարերի հաղթող. սա է Արոնյանի շախմատային այցեքարտը աշխարհի առաջնության փուլերից առաջ: Եթե վաղը Արոնյանը դառնա աշխարհի չեմպիոն, դա ընդունելի կլինի շախմատի աշխարհի տրամաբանության կողմից:

– Իսկ կդառնա՞ Արոնյանը չեմպիոն: Երեւի այս հարցին դուք իրավունք ունեք պատասխանելու, չէ՞ որ նա իր շախմատային մկրտումը Ձեր ղեկավարած դպրոցում է ստացել:

– Ձմերուկը մինչեւ չկտրես, չես իմանա՝ կարմի՞ր է, թե՞ ոչ: Սակայն կան մարդիկ, որոնք առանց կտրելու կարողանում են գուշակել, չէ, դա ճիշտ չէ, հստակ ասել: Կդառնա, թե ոչ՝ դժվար է ասել, բայց մի բան պարզ է՝ պատրաստ է գրոհելու:

– Արդյո՞ք Արոնյանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվի, սա բախտախաղ չէ՞: Մեծ աշխատանք է սպասվում: Ովքե՞ր կլինեն այդ պահին Արոնյանի կողքին, ի՞նչ մարզական ռիթմով նա հանդես կգա, ինչպիսի՞ն կլինի նրա ֆիզիկական պատրաստվածությունը, կհաղթահարվի՞ արդյոք առաջինը լինելու հոգեբանությունը, ինչպիսի՞ն կլինի էներգետիկ մթնոլորտը, եւ ամենակարեւորը, ո՞վ է ներդաշնակելու այս ամենը:

– Անձամբ ես սպասում եւ հավատում եմ Լեւոն Արոնյանի հաղթանակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել