Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքար՝ ընդդեմ «բախտախաղի»

Փետրվար 02,2007 00:00

Երեկ տեղեկացրել էինք, որ ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ցեղասպանությունը վերահաստատող թիվ 106 բանաձեւի նախագիծը, սկիզբ դնելով բավական աղմկոտ եւ որոշակիորեն անկանխատեսելի մի գործընթացի։

Ինչպես հայտնի է, Կոնգրեսի նոր՝ դեմոկրատների մեծամասնությամբ բնորոշվող կազմի ձեւավորումից հետո աննախադեպ կերպով աշխուժացել են Ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւի ընդունման հետ կապված քաղաքական բանավեճերը, մի դեպքում հրճվանք եւ ոգեւորություն պատճառելով հայկական լոբբիստական շրջանակներին, մյուս դեպքում՝ լրջորեն անհանգստացնելով պաշտոնական Անկարային: Եվ ահա, ինչպես եւ կարելի էր սպասել, երեկվանից սկսվել է հիշյալ նախագծին Սպիտակ տան հակազդեցության առավել ակտիվ եւ տեսանելի փուլը: Այսպես. «Մեդիամաքսի» փոխանցմամբ, ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Շոն Մաքքորմակը, պատասխանելով Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդգրկելու մասին հարցին, հայտարարել է. «Մեր քաղաքականությունը հստակ է: Մենք սգում ենք 1915 թ. ողբերգական դեպքերի զոհերի համար: Մենք երբեք չենք հերքել այդ իրադարձությունները: ԱՄՆ նախագահը յուրաքանչյուր տարի ճանաչում է այդ վայրագությունները: Բայց մենք դեմ ենք քաղաքական սահմանումներ տալու այն տերմինաբանությանը, որն օգտագործվում է այդ ողբերգությունը նկարագրելիս»:

ԱՄՆ Կոնգրեսում վերոհիշյալ բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու՝ Սպիտակ տան մտադրության մասին հայտարարություն է արել նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը: «Արմինֆոյի» հաղորդմամբ, վերջինս, մասնավորաբար, նշել է, թե Ջորջ Բուշի վարչակազմն առաջիկայում խստորեն հանդես է գալու օրերս Ներկայացուցիչների պալատում ներկայացված՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման դեմ: Ուիլսոնի՝ նախօրեին տարածած գրավոր հայտարարության մեջ նաեւ ասված է. «Բուշի վարչակազմի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել, եւ ինչպես ես ավելի վաղ նշել եմ, վարչակազմը մտադիր է ակտիվորեն խոչընդոտել այդ բանաձեւի ընդունմանը»: Անդրադառնալով ամերիկացի դիվանագետի այս հայտարարությանը, թուրքական Abhaber թերթը, վկայակոչելով Բուշի վարչակազմի աղբյուրները, այնուամենայնիվ, նկատում է, թե այս անգամ «նույնիսկ Բուշի վարչակազմը չի կարող երաշխավորել բանաձեւի տապալումը»:

Իսկ մինչ այդ, խնդրահարույց նախագծի դեմ պայքար է ծավալվել ոչ միայն նախագահի վարչակազմում, այլեւ բուն Կոնգրեսում, եւ հետաքրքիրն այն է, որ հենց դեմոկրատների ձեռամբ: Ըստ թուրքական «Զամանի», ԱՄՆ Կոնգրեսի անդամ, դեմոկրատ Ռոբերտ Վեքսլերը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բարեկամական մնան: Նա ընդգծել է, թե այսօր ԱՄՆ-ի համար առավել կարեւորը ոչ թե հայերի ցեղասպանության ճանաչման, այլ Իրաքի խնդիրն է: «Թուրքիան, որի տարածքում են կենտրոնացված ամերիկյան ավիաբազաները, մեր բանակին ապահովում է պարենով»,- ասել է կոնգրեսականը՝ հավելելով. «հենց այդ պատճառով պետք չէ բախտախաղի դնել ԱՄՆ ազգային շահերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել