Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԻՄ-Ի ԳՐՈՀԸ» ՀԵՏԱՁԳՎԵՑ

Փետրվար 02,2007 00:00

«Բոլորս Հրանտ ենք, բոլորս ՍԻՄ», «ՍԻՄ-ՍԻՄ, բացվիր». երեկ այսպիսի վանկարկումներով ՍԻՄ կուսակցությունից հեռացված մի խումբ անդամներ, Հրանտ Խաչատրյանի գլխավորությամբ, հավաքվել էին կուսակցության գրասենյակի առջեւ եւ պահանջում էին, որ իրենց ներս թողնեն, որպեսզի անցնեն աշխատանքային պարտավորությունների:

Նրանք հիմք էին ընդունել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ նախօրեին կայացրած որոշումը, ըստ որի՝ չեղյալ են համարվել ՍԻՄ 17-րդ համաժողովի որոշումները. այդպիսով Հրանտ Խաչատրյանը մնացել է ՍԻՄ նախագահ: Երեկ, սակայն, պարոն Խաչատրյանին ՍԻՄ-ի գրասենյակ մտնել չհաջողվեց: ՍԻՄ-ի անվտանգության ծառայության աշխատակիցները պահանջեցին կուսակցության անդամությունը հաստատող վկայական: Հ. Խաչատրյանն այն ցույց տվեց եւ իրեն թույլատրվեց մտնել, սակայն նա հայտարարեց, որ գրասենյակ մտնելու իրավունք ունեն նաեւ կուսակցությունից հեռացված մի շարք անդամներ, ինչին ի պատասխան՝ անվտանգության աշխատակիցները հորդորեցին սպասել: 15-20 րոպե սպասելուց հետո Հ. Խաչատրյանը վրդովված հայտարարեց՝ «ՍԻՄ-ի նախագահին, այժմ նաեւ շարքային անդամին այսքան սպասեցնելն ուղղակի վիրավորական է»: Այնուհետեւ հեռացավ՝ ասելով. «Մենք արդեն կգանք ԴԱՀԿ ծառայության հետ»:

«Առավոտի» հետ զրույցում ՍԻՄ-ի մյուս նախագահ Հայկ Բաբուխանյանը կուսակցությունից հեռացված անդամներին գրասենյակ չթողնելու վերաբերյալ ասաց. «Հրանտ Խաչատրյանին թույլ տվել ենք մտնել՝ միայն որպես ՍԻՄ շարքային անդամ, իսկ մնացածը գող-ավազակներ են: Ես ՍԻՄ-ում գրեթե միաձայն ընտրվել եմ կուսակցության նախագահ, չեմ տեսել դատարանի որոշումը, երբ կտեսնեմ՝ կդիմեմ Վճռաբեկ, իսկ եթե պահանջվի՝ նաեւ Եվրոպական դատարան: Սա ուղղակի ֆաշիզմ է. ինչպե՞ս կարող է դատարանը որոշել, թե ով է լինելու այս կամ այն կուսակցության նախագահ, դա որոշում է կուսակցությունը՝ քվեարկության միջոցով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել