Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք բավակա՞ն է մի մարդու մասին, որը…

Փետրվար 06,2007 00:00

«Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձավ Վազգեն Մանուկյանի դժգոհությանը հայկական բանակի 15-ամյակի տոնակատարությունից:

«Կա միտումնավոր մի բան՝ մի կողմ թողնել շարժումը, նշել այն անունները, որոնք իրենց համար ընդունելի են: Ղարաբաղի պատերազմի մասին խոսում են՝ Սամվել Բաբայանի անունը չեն տալիս: Բանակի ձեւավորման, հաղթանակների մասին խոսում են՝ իմ անունը չեն տալիս»,- «Փաստարկ» ակումբում ասել էր Վազգեն Մանուկյանը: Սերժ Սարգսյանը կարդաց այն հատվածը, ուր հիշատակվել էր Վազգեն Մանուկյանի անունը, նաեւ նշեց, թե հեռուստաընկերություններից մեկը նրան խոսքի հնարավորություն է տվել, եւ հարցրեց. «Արդյոք բավակա՞ն չէ այսքանը մի մարդու մասին, որն ընդամենը մի քանի ամիս է եղել Հայաստանի պաշտպանության նախարար եւ ամեն ինչ արել է, որպեսզի օր առաջ հեռանա այդ պաշտոնից»: Ըստ նրա, անցած տարիների ընթացքում Վազգեն Մանուկյանը «մի բարի խոսք չի ասել բանակի մասին» եւ ո՛չ հունվարի 28-ին, ո՛չ էլ որեւէ այլ անգամ չի մասնակցել բանակային որեւէ միջոցառման՝ չնայած մշտապես հրավիրվել է:

Վազգեն Մանուկյանն առայժմ հարկ համարեց անդրադառնալ միայն փաստական մի շարք սխալների. «Պաշտպանության գծով պետնախարար եմ նշանակվել 1992-ի սեպտեմբերին, իսկ 1 ամսից՝ արդեն նախարար: Լեւոն Տեր-Պետրոսյանը հրամանագրով ինձ ազատել է այդ պաշտոնից 1993-ի օգոստոսի 21-ին: Այսինքն՝ գրեթե 1 տարի եմ եղել պաշտպանության նախարար: Ես չեմ դիմել այդ պաշտոնից հեռանալու համար՝ ինձ համար դա շատ պատվաբեր ու կարեւոր գործ էր: Ես շատ էի ցանկանում պաշտպանության նախարար լինել մինչեւ վերջնական հաղթանակ, որից հետո, բնական է, դուրս կգայի: Նույնիսկ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց, որ իմ դիմումով դուրս գամ, հրաժարական տամ՝ ասացի, որ դավաճանություն կլինի, եթե պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարը կամավոր հեռանա, այն էլ՝ հաղթանակների ժամանակ: Բայց ասացի, որ կարող է ինձ հրամանով հեռացնել՝ առանց զգուշանալու, թե կարող եմ չենթարկվել ու բանակն օգտագործել իր դեմ: Եվ այդպես էլ եղավ»: Պաշտպանության նախկին նախարարը նաեւ մի շարք փաստեր թվարկեց, որոնք վերաբերում են պաշտոնավարման իր շրջանին. «Սկսված բանակաշինությունը 1992-1993-ին շարունակվեց ամենամեծ թափով: Հետաքրքիրն այն էր, որ կարծես զուգահեռ ընթանում էր 2 բանակի կառուցում՝ մի կողմից, զինակոչիկների միջոցով ապագայի համար ստեղծվում էր կանոնավոր բանակ, ու մենք աշխատում էինք իրենց չօգտագործել ռազմական գործողությունների ժամանակ, մյուս կողմից՝ պայմանագրային հիմքի վրա ստեղծեցինք կամավորների բրիգադներ ու զորամասեր, որոնք իրենց ուսերին վերցրին պատերազմի ծանրությունը: Այդ ընթացքում մեզ հաջողվեց ապահովել հակաօդային պաշտպանությունը, եւ օր էր լինում՝ 3 ինքնաթիռ էինք խփում: Այդ ժամանակ տեղի ունեցան Կապանի, Քելբաջարի գործողությունները, հետ վերցրինք Մարտակերտը, սկսվեց Հարավային գործողությունը: Եվ երբ ես որպես պաշտպանության նախարար վերջին անգամ էի ԼՂՀ-ում՝ արդեն շրջապատված էր Աղդամը»:

Թեեւ նա ոչ միայն պաշտպանության նախկին նախարար է, այլ նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարը, ըստ պրն Մանուկյանի՝ «Որպես կանոն՝ ինձ երբեք չեն հրավիրում բանակի կամ ԼՂՀ-ի անկախության տոնակատարություններին, չնայած ողջ Շարժման ու «Ղարաբաղ» կոմիտեի շնորհքն էր այդ ամենը: Իսկ վերջին անգամ ինձ զանգեցին ԱԺ-ից եւ ասացին, որ հրավիրված եմ իբրեւ պատգամավոր, բայց պիտի նախօրոք ասեմ՝ գնալո՞ւ եմ, թե՞ ոչ, քանի որ տեղերի խնդիր ունեն: Ես էլ ասացի, թե չեմ գա, քանի որ, ճիշտն ասած, բանակի 15-ամյակին իբրեւ պատգամավոր մասնակցելը, այն էլ՝ ուրիշից «տեղ խլելով»՝ ինձ համար մի առանձնապես կարեւոր բան չէր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728