Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՎԶՈՒՄԻ ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐԸ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ

Փետրվար 06,2007 00:00

\"\"Այդ օրը «Այլընտրանքը» հանրահավաք է հրավիրել

Փետրվարի 20-ին, ժամը 14-ին Ազատության հրապարակում «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հանրահավաք է նախաձեռնել: Ուղիղ 19 տարի առաջ այդ օրը Հայաստանի համար դարձել էր վերածննդի, անկախացման գործընթացի մեկնարկ ու նշանավորվել «Ղարաբաղյան շարժում» անվամբ: Այս հայտարարությունը անցյալ շաբաթ օրը «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցած հավաքի ամենագործնական մասն էր: Ի դեպ, 700 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր, անգամ կանգնելու տեղ չկար: Թերեւս հավաքի նախաձեռնողներն իրենք էլ չէին սպասում նման արձագանքի, երբ տեղեկացնում էին միջոցառման մասին: Հրավիրյալների թվում միայն այն կուսակցություններն էին, որոնց անդամները մասնակցել էին «Այլընտրանքի» ձեւավորման նախաձեռնությանը՝ ՀՀՇ-ն, «Հանրապետություն» եւ Պահպանողական կուսակցությունները: Այդուհանդերձ, հավաքին մասնակցելու էին եկել նաեւ «Հայրենիք ու պատիվ», ՀԺԿ, ՆԺԿ եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, նաեւ հասարակական գործիչներ ու անհատներ, որոնց թվում՝ քաղաքագետ Գայանե Սարգսյանը, դեղագործ եւ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտա Վարդանյանը:

Ամենաազդեցիկ ելույթը, ներկաների համոզմամբ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանինն էր, ում համոզմամբ՝ միայն հասարակության աջակցությամբ է հնարավոր երկրում իրավիճակը փոխել: Նա հորդորեց ներկաներին ու հասարակությանը՝ երկրում ստեղծված «բեսպրեդելից», «վտանգավոր հանգրվանից» դուրս գալու համար փրկիչների չփնտրել: Նրա համոզմամբ, փրկիչը յուրաքանչյուրն ինքն է. «Թող ամեն մարդ հենց հիմա, հենց այստեղ ինքն իր համար անընդհատ կրկնի՝ Հայաստանի Հանրապետության փրկությունը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկը ես եմ: Գնացեք եւ դարձեք ձեր միջավայրի քաղաքական լիդերը ու եկեք Ազատության հրապարակ՝ ձեզ հետ բերելով եւս 10 հոգի»:

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ հավաքի ներկաներին, ո՛չ մեր ժողովրդին էլիտար Հայաստան պետք չէ, «մեզ պետք է բոլորին հասանելի Հայաստան», եւ այդ իմաստով այսօր, ըստ նրա, կոնկրետ գաղափարներ եւ այդ հենքի վրա իրավիճակից դուրս գալու ելքեր առաջարկող «Այլընտրանքը» այլընտրանք չունի: «Մենք հավաքվել ենք խոստանալու, որ հաղթելու ենք եւ հաղթելու են մեր գաղափարները. սա է մեր այլընտրանքը»,- հայտարարեց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ «Այլընտրանքում» միավորված մարդիկ չեն խնայելու ո՛չ իրենց, ո՛չ նրանց, ովքեր կփորձեն կանգնել այդ շարժման ճանապարհին:

«Այլընտրանքի» նախաձեռնող անդամ, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն էլ ընդգծեց «քաղաքացի» դառնալու կարեւորությունը՝ «ուզում ենք ստրուկ չլինել, նաեւ՝ ստրկատեր չլինել, լինենք ազատ, դառնանք քաղաքացի»:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի համոզմամբ, գլխավորը ստրուկի հոգեբանությունից ազատվելն է եւ ոչ ստանդարտ քայլեր անելու պատրաստակամությունը: Ըստ նրա, հայ ժողովուրդն ու նրա սերունդներն այս երկրում Սերժ Սարգսյան կամ Գագիկ Ծառուկյան նախագահով ապագա չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728