Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողները նորից փող հավաքեցին

Փետրվար 06,2007 00:00

\"\"Մնում է հայ ժամանակակից գրականության որակը լավանա

Կիրակի օրը կայացավ Հայաստանի գրողների միության գրական հիմնադրամի հեռուստամարաթոնը: Ինչպես անցյալ անգամ, այս հեռուստամարաթոնին էլ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը 68.000 դոլար նվիրեց հայ գրողներին: Բնականաբար, հայտնի նպատակով՝ որ վերջիններս չբողոքեն Ռուսաստանում հայերի սպանությունների առիթով: Իսկ ընդհանուր առմամբ, երեկվա հաշվարկներով հավաքվել է 150.000 դոլար, որը, գրողների ձեւակերպմամբ՝ պիտի բարելավի իրենց եւ հայ գրականության վիճակը (՞): Փոքրիկ հաշվետվությամբ գրական հիմնադրամի գործադիր տնօրեն, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց, թե ինչի վրա է ծախսվել նախորդ մարաթոնի գումարը. թոշակառու գրողներին աջակցել են ամսական 5000-ական դրամով, հոբելյարներին՝ նույնպես, «Գրական վաստակի համար» վկայական ու շքանշան են ստեղծել եւ այլն:

Հատկանշական էր, որ միջոցառմանը ներկա երգիչ-երգչուհիներից ոչ մեկը ժամանակակից հայ բանաստեղծների խոսքերով երգ չերգեց: Նրանք անուղղակիորեն ակնարկեցին, որ այսօրվա գրականության որակն այն չէ… Օրինակ, Շուշան Պետրոսյանը նշեց, որ ժամանակին երիտասարդները հանդիպելով միմյանց, գլուխ էին գովում, թե կարդացել են Սլավիկ Չիլոյանի գործերը կամ պատահաբար սրճարանում տեսել են Վահագն Դավթյանին. «Այսօր նման բան չկա»: Նունե Եսայանն էլ ասաց, որ դպրոցական տարիներին ուներ իր սիրելի հեղինակները. «Այսօր նրանց շարքերը ժամանակակից գրողներով չեն համալրվել: Ախր միայն անարդարության մասին՝ կարելի է հատորներ գրել»: Սիրուշոն էլ խոստացավ, որ իր ապագա երեխաներին, անկախ ամեն ինչից, ընթերցասիրությամբ կվարակի:

Նկատենք, որ գրական հիմնադրամի հեռուստամարաթոնին մասնակցում էին թոշակառուներ, դպրոցականներ, սփյուռքահայեր, հայաստանյան հրատարակչություններ, գրատներ, հոգեւորականներ, անգամ դիվանագետներ, օրինակ՝ Ալեքսանդր Բոժկոն, Ռեզա Աթուֆին: Սակայն ԱԺ պատգամավորներից 1-2-ը միայն իրենց ներդրումն ունեցավ. դա պատահական չէ, մեր ԱԺ-ում չեն գերակշռում գիրքն ու գրականությունը գնահատող ինտելեկտուալները: Հեռուստամարաթոնը վարող Արթուր Բախտամյանը փորձում էր շահագրգռել հայ գործարարներին, զուգահեռ անցկացնելով 17-րդ դարի հետ, երբ հայ վաճառականությունը ներդրումներ էր անում հայ գրականության զարգացման համար: Սակայն նրա կոչը առանձնապես մեծ արձագանք չունեցավ, ընդամենը 1-2 բանկ որոշ ներդրումներ արեցին: ԱԺ պատգամավոր, գրող Ռուբեն Հովսեփյանն ասաց, թե չէր ցանկանա, որ գրողների հարցերը լուծվեին նման ճանապարհով, բայց իրականությունն այս է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728