Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ԳՆԱԼ «STEP BY STEP»

Փետրվար 12,2007 00:00

Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) կովկասյան ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրայզերը նոր նշանակում է ստացել եւ շուտով մեկնելու է Բրյուսել, որտեղ կստանձնի ՄՃԽ եվրոպական ծրագրի տնօրենի պաշտոնը:

Մարտ ամսից Կովկասում նրան փոխարինելու է Մագդալենա Ֆրիչովան, որը մի քանի տարի աշխատել է Վրաստանում, ունի ԵԱՀԿ-ում աշխատանքի փորձ: Մինչ մեկնումը՝ Սաբինա Ֆրայզերը Թբիլիսիում հարցազրույց է տվել ադրբեջանական «Զերկալո» թերթին: Հարցազրույցը նա սկսում է մի տեսակ «հաշվետվությամբ». «Ինքնագովեստ չհնչի, բայց այս 2,5 տարիների ընթացքում մեր խումբն այստեղ հսկայական աշխատանք է կատարել, եւ արդյունքում ունենք մի քանի զեկույցներ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցերով: Մեր զեկույցները ոչ վերջին դեր են խաղացել այդ կոնֆլիկտների շուրջ բանավեճերի եւ քննարկումների ծավալման մեջ, մասնավորապես՝ ԼՂ կոնֆլիկտի: Թեեւ պետք է ափսոսանքով նշեմ, որ լքում եմ տարածաշրջանը, այդպես էլ չտեսնելով այդ պրոբլեմի լուծմանն ուղղված լուրջ քայլեր: Այն, որ մեկնում եմ Բրյուսել, չի նշանակում, թե դադարեցնում եմ աշխատանքս հարավկովկասյան կոնֆլիկտների շուրջ: Առաջիկա կիսամյակի ընթացքում մենք պատրաստվում ենք հրապարակել հերթական հաշվետվությունը ԼՂ-ի եւ ՀՕ-ի մասին: Բացի Հարավկովկասից, ես պետք է հետեւեմ նաեւ Կոսովոյի, Բոսնիայի, Հերցեգովինայի իրավիճակներին: Ի դեպ, շուտով կբացվի մեր նոր գրասենյակը Ստամբուլում»:

Ֆրայզերի պլաններին ծանոթանալուց հետո «Զերկալոյի» լրագրողը հետաքրքրվել է ԼՂ կոնֆլիկտին առնչվող հարցերով: Հնարավոր զարգացումների մասին տիկին Ֆրայզերն ասել է. «Մինչ Ռամբույեում նախագահների հանդիպումը խաղաղության հասնելու մեծ հույսեր կային: 2006-ը ամենահաջող ժամանակն էր գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հետ կապված հարցերը լուծելու եւ տեղահանվածներին իրենց բնօրրանը վերադարձնելու համար: Ափսոսում եմ, որ համաձայնություն չկնքվեց: Ցավոք, կողմերն այդպես էլ չկարողացան փոխզիջումների գնալ: Կարծում եմ, հիմա հարկ է ընթանալ կամաց-կամաց, այսպես ասած՝ «step by step»: ԵԱՀԿ ՄԽ միջնորդներն արեցին ամեն հնարավորը: Բայց խաղաղության համաձայնագիրը պետք է կնքեն իրենք՝ կողմերը, եւ ոչ ոք իրենց փոխարեն դա անել չի կարող: Սա բալկանյան իրավիճակը չէ, երբ միջնորդները բաց տեքստով ստիպեցին կոնֆլիկտի կողմերին ստորագրել համաձայնագիրը: ԼՂ դեպքում համաձայնության հասնելու ճանապարհին ամենամեծ պրոբլեմը նախագահների անպատրաստությունն էր՝ դիմել իրենց ժողովուրդներին՝ փոխզիջման գնալու առաջարկով: Չկա որեւէ միջազգային կազմակերպություն, որը կպարտադրի հայկական եւ ադրբեջանական կողմերին ինչ-որ համաձայնություն: Մի օր նախագահներն իրենք պետք է որոշեն՝ կարո՞ղ են վերցնել նման պատասխանատվություն իրենց վրա եւ ստորագրել փաստաթղթի տակ, թե՞ ոչ»:

Այնուհետեւ «Զերկալոն» դժգոհել է, որ Սաբինա Ֆրայզերը այլեւս չի կրկնում իր այն պնդումները, թե՝ Հայաստանը պետք է ազատի գրավյալ տարածքները: Ի պատասխան՝ ՄՃԽ եվրոպական ծրագրի նորանշանակ տնօրենն ասել է. «Մենք առաջվա պես հակված ենք դրան եւ հենվում ենք մեր զեկույցների առաջարկների վրա, որոնց առաջին մասում հստակ ասվում է՝ գրավյալ տարածքների ազատում եւ բռնի տեղահանվածների վերադարձ իրենց բնակավայրերը, այդ թվում՝ ԼՂ: Մեր հանձնարարականներում նաեւ ասվում է, որ այդ ընթացքում ԼՂ-ն պետք է ունենա միջանկյալ ստատուս, իսկ միջազգային հանրությունը պետք է ներկա լինի տեղում՝ մատուցելով խաղաղարար եւ հումանիտար-տեխնիկական օգնություն, եւ միայն այդքանից հետո ԼՂ բնակչությունը կարող է իրավունք ունենալ որոշելու իր կարգավիճակը՝ հանրաքվեի միջոցով: Բայց խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմն ուզում է տեսնել մեր առաջարկների միայն առաջին մասը, իսկ հայկական կողմը շեշտը դնում է երկրորդի վրա»: «Զերկալոն» դիմել է հաջորդ պրովոկացիային, խնդրելով, որ Ֆրայզերը մեկնաբանի ներկա վիճակը, երբ «Հայաստանի թեթեւ ձեռքով բանակցությունները մտել են փակուղի»: Ի պատասխան՝ տիկինը նկատել է, որ Հայաստանը չի թողել բանակցային գործընթացը. «Վերջերս կայացավ հանդիպում ԱԳ նախարարների մակարդակով եւ, ինչպես հասկացա Օսկանյանի խոսքերից, մինչեւ ՀՀ-ում ընտրությունների կայացումը շատ դժվար կլինի գալ ինչ-որ համաձայնության: Նա երեւի գիտակցում է, որ եթե հայկական կողմը հիմա գնա զիջումների, ապա ազգայնականորեն տրամադրված ուժերը ՀՀ-ում դրանից կօգտվեն եւ ընտրություններից առաջ կփորձեն «փչացնել» իշխանություններին: Դա կարող է տեղի ունենալ նաեւ Ադրբեջանում, այնպես որ, հաշվի առնելով առաջիկա ընտրությունները ՀՀ-ում, ապա Ադրբեջանում, կարելի է եզրակացնել, որ քաղաքական առաջնորդները դժվար թե գնան փոխզիջումների»:

Ապա ադրբեջանցի լրագրողը զարմացել է, թե ինչո՞ւ է տիկին Ֆրայզերն անհանգստանում այն բանի համար, որ Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն: «Ի՞նչ է, Ադրբեջանն իրավունք չունի՞ իր բանակը հզորացնել»՝ լրագրողի տարակուսանքին ի պատասխան, Ֆրայզերը մեկնաբանել է. «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի գումարներ ներդնել ռազմական բյուջեի վրա: Ներկայումս Ադրբեջանը անընդհատ հայտարարում է, որ իր ռազմական բյուջեն կհասնի մինչեւ մեկ միլիարդ դոլարի, դա հսկայական աճ է վերջին տարիների համեմատ: Նման երեւույթներ են նկատվում նաեւ ՀՀ-ում եւ Վրաստանում, որոնց կառավարությունները նույնպես զգալիորեն մեծացնում են իրենց ռազմական բյուջեն: Հարցն այն է, թե ինչո՞ւ է դա արվում: Սկզբունքորեն Ադրբեջանը կարող է ուժի դիմել, որպեսզի վերադարձնի ԼՂ-ն, սակայն եթե դա պատահի, նա անխուսափելիորեն կենթարկվի միջազգային հզոր քննադատության: Բացի այդ, հավանականություն կա, որ պատերազմի մեջ կներքաշվեն հարեւան հանրապետությունները, օրինակ՝ ՌԴ-ն եւ Իրանը: Իսկ դա արդեն կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների, դա կլինի կատաստրոֆա: Ահա թե ինչու ոչ ոք չի ուզում Կովկասի կենտրոնում պատերազմ լինի: Դա մեծ վտանգ է ոչ միայն այդ տարածաշրջանի, Եվրոպայի, այլեւ՝ ողջ միջազգային հանրության համար: Եվ եթե Ադրբեջանը որոշի գնալ ռազմական ճանապարհով, դա դեռ բոլորովին չի նշանակում, թե նա կհաղթի պատերազմը եւ կոնֆլիկտը կգտնի իր լուծումը: Ավելի շուտ՝ հակառակը կլինի: Ռազմական ճանապարհը բոլորին շատ ավելի կհեռացնի հակամարտության լուծումից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել