Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-սիրիական հարաբերություններ

Փետրվար 12,2007 00:00

Դրանցից ի՞նչ դասեր կարող է քաղել հայկական դիվանագիտությունը

Միջազգային հարաբերություններով զբաղվող մասնագետները հաճախ նշում են, որ անչափ դժվար է լուծել այն խնդիրները, որոնք կապված են այս կամ այն ժողովրդի պատմական հիշատակի հետ: Եթե նայենք նույն տեսանկյունից թուրք-սիրիական հարաբերություններին անցած դարի երկրորդ կեսում, այսինքն Սիրիայի կողմից անկախության հռչակման պահից՝ 1946 թ.-ից, ապա կտեսնենք, որ նրանք մեծապես պայմանավորված էին Թուրքիայի կողմից սիրիական Ալեքսանդրետտի (այժմ Հաթայ) շրջանի՝ անեքսիայի ենթարկելու փաստի հետ: Շուրջ 50 տարի այս երկու երկրների պաշտոնյաների գրեթե յուրաքանչյուր հանդիպում ավարտվում էր անարդյունք, քանի որ առաջ էր գալիս Ալեքսանդրետտի խնդիրը, որը սիրիացի ժողովրդի համար շատ կարճ ժամանակահատվածում պատմական հիշողությունից վերածվեց (Սիրիայի իշխանությունների անմիջական ջանքերով) հոգեբանական բարդույթի: Թուրքիայի հետ հարաբերությունները գրեթե միշտ պայմանավորվում էին Թուրքիայի կողմից սիրիական տարածքների վերադարձման հետ: Ավելին, այդ եւ հետագայում Եփրատ գետի ջրերի հավասար բաշխման խնդիրը պատճառ հանդիսացան, որպեսզի սիրիական կողմը, իր հերթին, նախ օգտագործի ԱՍԱԼԱ-ի, ապա Քրդական աշխատավորական կուսակցության, այլ կերպ ասած՝ Օջալանի կազմակերպության գործոնները՝ Թուրքիայի վրա վերոնշյալ երկու խնդիրներում ճնշում գործադրելու համար: Արդյունքում՝ երկու երկրների միջեւ սկսվեց հակամարտության մի շրջան, որը նրանց 1998 թ. հասցրեց պատերազմի եզրին (բարեբախտաբար ժամանակին կանխվեց): Սակայն այդ ճգնաժամից հետո նրանց միջեւ սկիզբ առավ մերձեցման մի գործընթաց, որը 21-րդ դարի սկզբին բերեց այդ երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների աննախադեպ բարձունքների:

90-ականների վերջին Սիրիան գտնվում էր գրեթե նույն վիճակում, ինչ՝ Հայաստանը մեր օրերում: Այսպես.

1996թ. Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ կնքվեցին ռազմական համաձայնագրեր: Այլեւս Սիրիան նրանցից մեկի դեմ պատերազմ սկսելու դեպքում՝ ստիպված էր լինելու պատերազմել նաեւ իսրայելա-թուրքական դաշինքի մյուս անդամի հետ: Զուգահեռը մեր իրականության հետ՝ ադրբեջանաթուրքական հարաբերություններն են, որոնց մասին խոսելն ավելորդ է:

Չհաշված իսրայելա-թուրքական դաշինքի պատուհաս լինելը Սիրիայի համար, այդ դաշինքին իր միանալու մասին անթաքույց հայտնում էր Սիրիայի հարավային հարեւան Հորդանանը՝ ցանկություն հայտնելով մասնակցել նրանց կողմից պարբերաբար իրականացվող զորավարժություններին: Զուգահեռը մեր իրականության հետ՝ Վրաստանի անթաքույց համագործակցությունն է թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ վերջիններիս տնտեսական ծրագրերի նկատմամբ վրացական իշխանությունների ունեցած մեծ հետաքրքրությունը:

Արեւմուտքից Սիրիային սահմանակցում է Իրաքը: Իննսունականների իրաքյան ռեժիմի հետ սիրիացիների ունեցած հարաբերություններն էլ գտնվում էին շատ ցածր մակարդակի վրա, քանի որ տասնամյակներ շարունակ Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադն ու Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը պայքարում էին միմյանց դեմ՝ արաբական աշխարհում առավելություն ունենալու համար: Զուգահեռը մեր իրականության հետ՝ անորոշ հարաբերություններն են Իրանի հետ:

Փաստորեն, Սիրիան գտնվում էր կատարյալ մեկուսացման մեջ: Զուգահեռը մեր իրականության հետ, ըստ իս, ավելորդ է:

Միայն մեկ տարբերություն կա հայաստանյան եւ սիրիական այս իրավիճակների միջեւ. սիրիական վարչակազմն արեւմտյան երկրների, հատկապես՝ ԱՄՆ կողմից մեղադրվում էր միջազգային ահաբեկչությանը հովանավորելու մեջ: Հայաստանին դեռ դրանում չեն մեղադրում:

Ի՞նչ արեց «արեւելքի առյուծ» մականունը ստացած Հաֆեզ Ասադն ու հետագայում նրան փոխարինած որդին՝ Բաշարը. այլ ծրագրերի հետ մեկտեղ նրանք հմտորեն խաղարկեցին «թուրքական գամբիտ»՝ տարածաշրջանային հետագա մեկուսացումից խուսափելու համար: Արդյունքում՝ այսօր Թուրքիայի եւ Սիրիայի երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող շատ խնդիրներին արդեն լուծումներ են տրվել, իսկ Սիրիան այսօր չի գտնվում այն մեկուսացած վիճակում, ինչ մեկ տասնամյակ առաջ: Այս հոդվածը կարդացող շատ ընթերցողներ հիմա կասեն՝ «գամբիտ» խաղարկել, նշանակում է զոհաբերել զինվորին, հետագայում որակ շահելու նպատակով: Ավելին, նրանք կմտածեն, որ տողերիս հեղինակը զինվոր ասելով նկատի ունի, որ զոհաբերվել է Ալեքսանդրետտի խնդրին հետամուտ լինելու Սիրիայի վճռականությունը, իսկ մեր դեպքում՝ անհրաժեշտ է հրաժարվել Ցեղասպանության ճանաչման գաղափարից: Ամենեւի՛ն ոչ: Այսօր թուրք-սիրիական հարաբերությունների թերեւս ամենամեծ չլուծված խնդիրը մնում է հենց Ալեքսանդրետտի հարցը: Ասադ որդին իր բազմաթիվ հարցազրույցներում նշել է այդ խնդրի գոյության մասին: Սակայն ամենակարեւորը, որի վրա նա բազմիցս ուշադրություն է դարձրել, դա գոյություն ունեցող մնացյալ խնդիրների լուծման անհրաժեշտությունն է, որոնք հետագայում կբերեն գոյություն ունեցող սկզբունքային հարցերի լուծմանը: Ամենեւին չվիճարկելով կամ կասկածի տակ դնելով ցեղասպանության իրողությունը, ի՞նչն էր մեզ խանգարում ցուցաբերել դիվանագիտական հմտություն եւ Թուրքիայի՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկին մասնագետների մի մեծ խումբ ուղարկել Անկարա՝ «թուրք մասնագետներին պարզաբանումներ տալու» նշանաբանով (չէ՞ որ գիտությունն է տգիտությունը վերացնում): Պատասխանը կրկին նույնն է՝ դիվանագիտության բացակայությունը կամ էլ՝ ճատրակ խաղացողների պակասը, քանի որ «նրանց ժամանակն արդեն անցել է»: Ախր, ո՞վ, եթե ոչ մեր դիվանագետները պետք է իմանան, որ Արեւելքում դիվանագիտությունը մի քիչ էլ հիմնված է քծնանքի, ժողովրդի լեզվով ասած՝ փշի-փշիի վրա (որին երբեմն պետք է դիմես երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը լուծելու համար): Դա էլ չեն կարողանում օգտագործել: Հիմա անպայման մեր դիվանագետները կասեն, որ քծնանք կիրառելը մեր արժանապատվությունից ցածր է եւ չի համարվում դիվանագիտական կատեգորիա: Լրիվ Ձեզ հետ համամիտ կլինեի, պարոնայք դիվանագետներ, եթե ամեն օր քծնանքի մի մեծ մասնաբաժին չուղղեիք դեպի հյուսիսային Ձեր «դաշնակիցը»: Սիրիայի խելամիտ դիվանագիտության շնորհիվ, բազմաթիվ այլ պատճառների հետ մեկտեղ, այսօր Թուրքիան շատ հարցերում այդ երկրի հետ հարաբերությունները գերադասում է իր բազմամյա դաշնակիցներ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ ունեցած հարաբերություններից: Մի՞թե մեր պարագայում չէր կարելի Թուրքիայի հետ հարաբերությունները խորացնելով հետագայում չեզոքացնել ադրբեջանա-թուրքական համատեղ գործելու վտանգը մեր պետության համար: Կարելի էր, բայց չենք կարողանում կամ չենք էլ ուզում… անհանգստացնել «կովկասյան վագրին»:

P. S. Նախկին իշխանությունների ներկայացուցիչները կնշեն, որ իրենք փորձեր կատարել են՝ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Բայց դրանք եղել են հենց միայն փորձեր, եթե ցայսօր ոչ մի արդյունք չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել