Լրահոս
Օրվա լրահոսը

Անտեղյակության բյուրոն

Փետրվար 13,2007 00:00

«Ես ձեր համար որպես տեղեկատվական բյուրո չեմ»,- ԶԼՄ-ներին փետրվարի 10-ի ասուլիսում տեղեկացրեց Գառնիկ Իսագուլյանը:

Սակավ են դեպքերը, երբ անկախ քաղաքական ուղղվածությունից՝ լրատվամիջոցները մի ասուլիսի անդրադառնան նույն շեշտադրումներով: Նման եզակի դեպք էլ ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հանդիպումն էր «Ուրբաթ» ակումբում, որը panorama.am-ը վերնագրել էր՝ «Անհարմարությունից Գ. Իսագուլյանի քրտինքը ծորում էր», իսկ lragir.am-ը՝ «Ի վերջո, ի՞նչ է հետաքրքրում Գառնիկ Իսագուլյանին»: Ասուլիսին անդրադարձածները նշել էին, որ նա հարցերին պարզապես չէր պատասխանում, եւ որ այդ հանդիպումը վերածվել էր լրագրողներ-Գառնիկ Իսագուլյան բանավեճի: Ըստ տարբեր ԶԼՄ-ներից մեր համադրած տեղեկությունների՝ ահա թե ինչպես է ընթացել այս ասուլիսը:

– Ազգային անվտանգության հայեցակարգը հաստատվել է փետրվարի 7-ին տեղի ունեցած ազգային անվտանգության խորհրդի նիստում: Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ Անվտանգության խորհուրդը նիստեր չի գումարել մի քանի ամիս շարունակ: Ինչպե՞ս ստացվեց, որ գումարվեց փետրվարի 7-ին:

– Ես չգիտեմ, թե ով է ձեզ նման տեղեկություն տվել: Իսկ ես ձեր համար որպես տեղեկատվական բյուրո չեմ:

– Թբիլիսիում Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրեցին Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը կառուցելու պայմանագիր, իսկ 2 օր անց Ռոբերտ Քոչարյանը կարմիր ժապավեն կտրեց՝ Ծաղկաձորի ճոպանուղու, եւ դահուկ քշեց…

– Ի՞նչ կապ ունի նախագահի դահուկ քշելն ինչ-որ երեք նախագահների հետ… Եթե ուշադիր լինեիք՝ կտեսնեիք, որ այդ հարցի (երկաթգծի.- Ա. Ի.) հետ կապված եղել է Հայաստանի ԱԳ նախարարի մեկնաբանությունը: Բարի լինեիք կարդայիք, ու այդ հարցը ձեզ մոտ չէր առաջանա: Ես էլ ի՞նչ ասեմ ձեզ:

– Ձեզ չի՞ մտահոգում, որ երկքաղաքացիությունն արտոնելով՝ տարերայնորեն կգան 1995-ին Հայաստանի քաղաքացիությունը կորցրած քաղաքացիները եւ կքվեարկեն:

– Եթե «Ընտրական օրենսգիրքն» ուշադիր ուսումնասիրեք՝ կտեսնեք, որ նման բան չկա: Երկքաղաքացիության հարցը այնքա՜ն է ծեծվել: Հարցեր կան, որոնք միլիոն անգամ տրվել են, եւ այդ հարցերին տրվել է պատասխան: Նորից նույն հարցը կրկնել այլ կոնտեքստով՝ անհասկանալի է:

– Մեր ազգային անվտանգությանն ուղղված ընդհանրապես սպառնալիք կա՞:

– Ոչ, հանգիստ եղեք՝ դրանցից որեւէ մեկն ընդհանրապես ՀՀ ազգային անվտանգության սպառնալիք չէ: Կարող եք հանգիստ քնել:

– Եթե ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք չկա, ուրեմն ինչի՞ մասին եք նախագահին խորհուրդներ տալիս:

– Պարտադիր չէ, որ խորհրդականը անպայման սպառնալիքների հետ կապված խորհուրդներ տա:

– Ազգային անվտանգության հայեցակարգում որքանո՞վ են հավասարակշռված հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ:

– Իմաստ չունի այստեղ նշված բոլոր դրույթները թվարկել: Վերցրեք, կարդացեք եւ կտեսնեք, թե ինչ է գրված այնտեղ:

Հ. Գ. Ուղղակի ապշեցուցիչ է, թե այն գործիչները, որոնք ոչ վաղ անցյալում ուղղակի երազում էին մամուլի ուշադրությանն արժանանալ՝ այժմ, մի ժամանակավոր պաշտոն ձեռք գցելով, ինչպես են իրենց թույլ տալիս լրագրողների հետ խոսել վերամբարձ ու ամենագետ ուսուցչապետի դիրքերից: Դե, անհաջող էին Գառնիկ Իսագուլյանի փորձերն այդպես խոսել, ասենք, ՀՀԿ-ի գործիչների հետ՝ հակահարված ստացավ Տիգրան Թորոսյանից: Ուստի հիմա ստիպված՝ լրագրողների վրա է խորհրդականը փորձարկում իր «ուժերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել