Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրակրթական» քննարկում՝ ԵՊՀ-ում

Փետրվար 15,2007 00:00

«Հանրակրթության մասին» օրենքի նախագծի քննարկումը երեկ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց:

«Այս օրենքի արդյունքը, ի վերջո, յուրաքանչյուրս մեզ վրա ենք զգում»,- ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի նախագծի՝ ԵՊՀ-ում կազմակերպված քննարկման ժամանակ այսպես արտահայտվեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Այս օրենքի նախագծի քննարկումները ԿԳ նախարարությունում սկսել են 2005-ից, իսկ այն վերջնական տեսքի է բերվել 2006-ի աշնանը:

Երեկվա քննարկմանը մասնակցող հանրակրթական ոլորտի ներկայացուցիչները փաստեցին, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ միայն միջազգային, այլեւ ներքին պահանջների դրդմամբ ՀՀ-ում պարբերաբար փոփոխությունների է ենթարկվել հանրակրթության ոլորտը: «Օրինակ, եթե նախկինում՝ մինչ սահմանադրական բարեփոխումները, «Կրթության մասին» օրենքով սահմանվում էր պարտադիր միջնակարգ կրթությունը, ապա այսօր արդեն կարող ենք խոսել միջին մասնագիտական կրթության պարտադիր լինելու մասին»,- նկատեց Հ. Հակոբյանը: Վերջինս, պարզվում է, «Հանրակրթության մասին» օրենքի անվան հետ կապված դժգոհություններ ունի. «Դեմ եմ հանրակրթություն անվանմանը, քանի որ հանրակրթությունը ներառում է նաեւ բուհական կրթությունը, գուցե հանրակրթական դպրոցների մասի՞ն օրենք կոչեինք»: Իսկ ԿԳ դաշնակցական փոխնախարար Բագրատ Եսայանի կարծիքով՝ օրենքն այդպես կոչելը նպատակահարմար է, չնայած քննարկումների սկզբնական փուլում այն «Միջնակարգ կրթության մասին» օրենք էր կոչվում. «Օրենքը պիտի հանրակրթական կոչվի, քանի որ հանրակրթության ամենամեծ բլոկը դպրոցականն է»: Նա ներկայացրեց, թե ինչպիսի դրույթներ է պարունակում այս օրենքը: Օրինակ՝ 12-ամյա կրթական համակարգից բխող նոր նորմատիվներին վերաբերող հարցերի կանոնակարգումը, միջնակարգ կրթության չափորոշիչները եւ այլն: Նա հատկապես առանձնացրեց ավագ դպրոցին վերաբերող հարցերը. «Ավագ դպրոց պիտի ներմուծվեն նոր առարկաներ, քանի որ կառավարության ներկայացրած ծրագրերը երեխաներն այսօր դժվարանում են յուրացնել: Արդյունքում՝ մենք ունենք կիսադատարկ 9-րդ դասարաններ, ռեպետիտորական համակարգ»,- փաստեց Բ. Եսայանը: Նրա համոզմամբ, այսօր հանրակրթական բլոկը բաց է մնացել: Իրենց կարծիքներն արտահայտեցին նաեւ կրթական ոլորտի այլ մասնագետներ: «Լավ փաստաթուղթ է, բայց մի քիչ ուշացած: Այն ավելի շուտ պիտի ընդունվեր, քան միջին մասնագիտական, բուհական կրթության մասին օրենքները»,- ասաց ԵՊՀ մանկավարժական ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը: Նա զեկուցման ձեւով ներկայացրեց բոլոր այն դիտողությունները, որոնք գրանցվել են ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից հավաքված կարծիքների հիման վրա:

«Հիմնականում դաստիարակության ոլորտն է թույլ արտահայտված: Խիստ է երկու նկատողությունով աշակերտին դպրոցից հեռացնելու հարցը: Այսօր ինչքան հնարավոր է երեխային պիտի կապենք դպրոցին, ոչ թե օրինախախտների թիվը ավելացնենք»,- նկատեց Ն. Հարությունյանը: Որոշ մասնագետների կարծիքով էլ՝ «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծը հավասար պայմաններ չի նախատեսում մասնավոր եւ պետական ուսումնական հաստատությունների համար: «Ինչն է պատճառը, որ օրենքի համաձայն՝ ՝մասնավոր հաստատությունները կարող են շահութաբեր գործունեությամբ զբաղվել, գուցե վարձավճարների վրա սահմանափակումնե՞ր դնենք»,- հարցրեց ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Միրզոյանը: «Օրենքի մեջ այդպիսի կետ ներմուծելով՝ կսահմանափակենք պետական մարմնի լիազորությունները: Սակայն վստահեցնում եմ, որ, ի վերջո, մասնավոր ուսումնական հաստատությունների առաջ համարժեք չափորոշիչներ ենք դնելու»,- ասաց Բ. Եսայանը:

Հարց բարձրացվեց նաեւ ուսուցչությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակումների մասին. «Ծնողական իրավունքից զրկված մարդուն դպրոց չպիտի թողնել»,- հայտարարեց Հ. Հակոբյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել