Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ՊԵ՛ՏՔ է ՏՐՎԵՆ ՀՀ ԱՆՁՆԱԳՐԵՐ»

Փետրվար 15,2007 00:00

\"\"Լիբանանահայ երիտասարդ խմբավար Րաֆֆի Միքայելյանը կարծում է, որ Երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումը ի նպաստ հայկական մշակույթի է:

Վերջին տարիներին Հայաստանի մշակույթի բուհեր ավարտած սփյուռքահայերից ոմանք հիմնավորվում են հայրենիքում: Նրանցից շատերը պնդում են, որ Հայաստանում դրսից եկածի համար կարիերա սկսելն ավելի դյուրին է, քան իրենց ծննդավայրում:

«Առավոտը» հյուրընկալել էր լիբանանահայ երիտասարդ խմբավար, Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանող Րաֆֆի Միքայելյանին: Վերջինս ուսմանը զուգահեռ ղեկավարում է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու կամերային երգչախումբը, իսկ ամռան ամիսներին մեկնում Շուշի, ուր աշխատում է տեղի «Վարանդա» երգչախմբի հետ:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ Բեյրութում ինքն ուսանել է «Բարսեղ Կանաչյան» քոլեջում՝ Զաքար Քեշիշյանի ղեկավարությամբ, որն էլ 1992-ին Շուշիի ազատագրումից հետո ստանձնել է «Վարանդայի» ղեկավարությունը: Րաֆֆին ներկայացնելով լիբանանահայ գաղութի մշակութային կյանքը, տեղեկացրեց, որ այնտեղ գործում են շուրջ 30 հայկական դպրոց, 3 եկեղեցի, օրաթերթ, ռադիոկայան ու մեկ հայկական TV. «Ի տարբերություն հայաստանյան TV-ների, Լիբանանում առաջին հերթին պրոպագանդվում է հայ հոգեւոր, ազգային, ժողովրդական երգարվեստը, ինչպես նաեւ Կոմիտասից մինչեւ Խաչատրյան ու մերօրյա հայ դասական կոմպոզիտորների երկերը: Ամենասարսափելին այստեղ հայ հոգեւոր երաժշտության պակասն է թե եթերում, թե համերգասրահներում: Հայերիս մեջ գենետիկորեն այդ հոգեւորը կա, պարզապես պետք է այն հնչեցնել, տարածել, ու համոզված եմ՝ կարճ ժամանակ անց, յուրաքանչյուր հայի, անկախ իր նախասիրությունից, կձգի հոգեւոր երաժշտությունը»:

Ըստ խմբավարի, պետք է միջնադարյան երգը ոչ թե մեխանիկորեն տեղափոխել մեր օրերը, այլ բխեցնել ժամանակակից մարդու հոգեբանության ակունքներից. «Մատուցելով ցանկացած հոգեւոր արժեք, անհրաժեշտ է դրան տալ աշխարհիկ համարժեք»:

Հետաքրքրությանը՝ երաժիշտն ուսումն ավարտելուց հետո կմեկնի ծննդավա՞յր, թե՞ կշարունակի հայրենիքում արդեն սկսած խմբավարի իր կարիերան, Րաֆֆին պատասխանեց. «Լիբանանում համեմատաբար վերջերս են սկսել հետաքրքրվել երգչախմբային արվեստով: Գործում է սիմֆոնիկ նվագախումբ, որի 3 դիրիժորներից մեկն արդեն ճանաչված Հարություն Ֆազլյանն է: Ի տարբերություն Հայաստանի նվագախմբի արտիստների, այնտեղ աշխատավարձն անհամեմատ բարձր է՝ շուրջ $2000: Գտնում եմ, որ հայերս, ունենալով երգչախմբային հարուստ ժառանգություն, գործող երկու պետական երգչախմբերի կողքին պետք է ունենայինք գոնե եւս երկուսը: Արդյոք կմեկնեմ, թե ոչ՝ կախված է Հայաստանում երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումից: Անշուշտ, կարող եմ այստեղ տասը տարվա կեցության իրավունք ստանալ, անտեսելով դրա համար շինծու քաշքշուկն ու թղթաբանությունը, բայց ինչո՞ւ, եթե կարելի է հարցը ավելի քաղաքակիրթ եղանակով լուծել: Սփյուռքահայ ուսանողներիս անունից կարող եմ փաստել, որ վիրավորված կզգանք, եթե օրենքը չընդունվի: Ավելին, գտնում ենք, որ մեզ ՀՀ անձնագրեր պետք է տրվեն մեխանիկորեն: Եվ այդ օրենքի ընդունումը անպայման իր դրական ազդեցությունը կունենա մեր մշակույթի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728