Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Փետրվար 16,2007 00:00

\"\"ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿՈՐՈՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Սույն թվականի փետրվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության հեղինակավոր «Ռեգնում» լրատվական գործակալությունն իր կայք էջում զետեղել էր «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի մեկնաբանությունները Հայաստանի ներքաղաքական զարգացումների շուրջ: Ստորեւ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանք:

«Առճակատումը «Բարգավաճ Հայաստան» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) կուսակցությունների միջեւ առկա է ճիշտ այնքանով, որքանով այն գոյություն ունի «Սերժ Քոչարյանի» եւ «Ռոբերտ Սարգսյանի» միջեւ»,- «REGNUM» լրատվական գործակալության թղթակցի հետ ունեցած զրույցում հայտարարեց «Ազգային Միաբանություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը՝ նշելով, որ չի սխալվել՝ նախագահի եւ պաշտպանության նախարարի անունների նման մեկնաբանությունում:

Նրա խոսքերով՝ առճակատում բացարձակապես չկա, ուղղակի Քոչարյանն ու Սարգսյանը «ֆիլիգրան ձեռնածություն են անում Հայաստանի քաղաքական դաշտում՝ օգտվելով քաղաքականության մեջ անփորձառու գործիչներից, ովքեր հայտնվել են պայքարի այդ թեւում»: «Ուրիշ բան է, որ նրանց միջեւ գոյություն ունի գործառույթների հստակ բաժանում եւ ոչ միայն բնակչության ուղեղները պուդրայելու հարցում, այլեւ աշխարհաքաղաքական վեկտորների սպասարկման գործում», – ասաց նա՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանը (Հայաստանի պաշտպանության նախարարը- խմբ.) խաղեր է տալիս Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, իսկ Ռոբերտ Քոչարյանը (Հայաստանի նախագահը- խմբ.) հյուսիսային հարեւանի՝ Ռուսաստանի հետ: Խոսելով այն մասին, թե որքանով է դա ստացվում վերոհիշյալ անձանց մոտ, Արտաշես Գեղամյանը նշեց, որ պետության ղեկավարը, ճիշտ այնպես, ինչպես եւ պաշտպանության նախարարը, «սնանկ են իրենց արտաքին քաղաքական բոլոր երրորդություններում, հակումներում, բոլոր այն դրսեւորումներում, որոնք նրանք փորձում են ներկայացնել որպես քաղաքական կողմնակցություն այս կամ այն գերտերությանը»: Որպես իր խոսքերի ճշմարտացիության ապացույց, Գեղամյանը մատնանշեց այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանն ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ է վավերացրել, որը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի՝ սահուն կերպով ՆԱՏՕ-ի մեջ անցնելը նախապատրաստող փաստաթուղթ:

«Նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանի դերը ամենեւին էլ չեն որոշելու ոչ «Բարգավաճ Հայաստանը», ոչ էլ ՀՀԿ-ն»,- համարում է «Ազգային Միաբանություն կուսակցության» ղեկավարը,- այլ «նրա ճակատագիրը կորոշեն ընդդիմադիր կուսակցությունները, որոնք, անշուշտ, կգան իշխանության, ինչպես նաեւ այդ գործին մասնակից կդառնան Հայաստանի գործընկեր պետությունները՝ լինեն դրանք Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները, Եվրամիությունը, եւ թե նույն ԱՄՆ-ն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 2003 թ. Ռոբերտ Քոչարյանը պահպանեց իշխանությունը բացառապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եվրամիության ներողամիտ դիրքորոշման շնորհիվ, այսինքն՝ ուժերի այն կենտրոնների, որոնք իրենց վերահսկողության եւ պատասխանատվության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու խնդիրը»: «Իհարկե, նրանց դերն ու տեղը Ռոբերտ Քոչարյանի հետագա ճակատագրում չի կարելի ոչ մի դեպքում նսեմացնել»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

Պատասխանելով այն հարցին, արդյոք հնարավո՞ր է իրականացնել իշխանությունների սցենարը նոր գումարման Ազգային ժողովի եւ կառավարության ձեւավորման գործում, Գեղամյանը նշեց, որ սցենարները կարող են տարբեր լինել, սակայն տվյալ դեպքում կարեւոր է ոչ թե սցենարը, այլ բեմադրող ռեժիսորը: «Տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համահեղինակներ են եւ սցենարի ռեժիսոր-բեմադրիչներ, սակայն այդ գործում նրանք չեն կարող մրցել Ֆեդերիկո Ֆելինիի հետ»,- կարծում է Գեղամյանը: Նրա գնահատականով՝ Հայաստանի վերը նշված պաշտոնական անձինք «ընդամենը գավառական ինքնուս ռեժիսորներ են եւ ի վիճակի չեն Հայաստանի քաղաքական դաշտում «ֆիլմ» բեմադրել»:

«Նրանք պետք է մտորեն ընդդիմության հետ մեկտեղ խաղի կանոնների մշակման մասին եւ, որ ամենակարեւորն է, ստանան համապատասխան երաշխիքներ իշխանությունը սահուն փոխանցելու համար: Իսկ երաշխիքները կլինեն ոչ թե քաղաքական շահարկումների ոլորտում, այլ քաղաքական կոմպրոմիսի մեջ: Գալով իշխանության՝ ընդդիմությունն անպայման հաշվի կառնի ներկայիս վարչախմբին սեւացնելու աննպատակահարմարությունը, քանի որ ադրբեջանական եւ թուրքական քարոզչամեքենան կօգտվի այդ հանգամանքից, որպեսզի կոծկի վերջին 17 տարիներին Լեռնային Ղարաբաղի եւ հայ ժողովրդի նկատմամբ իր իսկ կատարած հանցագործությունները: Դրանք երկու տեսակ են եւ ունեն բազմագործոն բնույթ: Ես, առնվազն, խոսում եմ տնտեսական հանցագործությունների մասին, որոնք իրականացվել են Ադրբեջան-Թուրքիա երկյակի կողմից, ինչպես, օրինակ, Հայաստանի շրջափակումը, եւ արդեն լռում եմ այն սանձարձակությունների ու վայրագությունների մասին, ինչին ենթարկեցին հայերին»,- հայտարարեց նա:

Մեկնաբանելով շահարկվող լուրերն այն մասին, որ «Օրինաց երկիր» կուսակցության անցումն ընդդիմություն՝ իշխանությունների սցենարի մի մասն է, Գեղամյանը նկատեց, որ 2006թ. մայիսի 21-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերի ավարտից հետո ինքը սեղմեց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի ձեռքը: «Դրանից հետո արդեն իմ ճշմարտությունը կպաշտպանեմ միանգամայն այլ հարթությունում՝ չնսեմացնելով, չնվազեցնելով եւ չմերկացնելով ով էլ, որ լինի: Ես հավատարիմ կլինեմ այն բանին, որ սեղմեցի նրա ձեռքը»,- եզրափակեց Գեղամյանը:

Կգտնի՞, արդյոք,

«Ազգային միաբանություն կուսակցության» առաջնորդն իր Պենելոպեին

Հաշվի առնելով ազգաբնակչության ճնշող մասի տրամադրությունները, Հայաստանի նոր գումարման խորհրդարանում մեծամասնություն կկազմեն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները: Այս մասին «REGNUM» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ազգային Միաբանություն կուսակցության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը:

Նրա խոսքերով, ընտրությունները կեղծելու հնարավոր մտադրությունները հղի են սոցիալական պայթյունով եւ, ցավոք, արյունահեղությամբ, քանի որ ժողովրդի համբերության բաժակը լցված է: «Երեքհազարամյա մշակույթ ունեցող ազգին չի կարելի ցած գլորել մինչեւ համազգային բոմժերի մակարդակի, որոնք զմայլվում են ինչ-որ ողորմությամբ, որ ամենախորամանկ ձեւերով մատուցվում են իրենց ու իրենց երեխաներին»,- գտնում է նա:

Պատասխանելով այն հարցին, թե իրեն տեսնո՞ւմ է Հայաստանի վարչապետի պաշտոնում, Արտաշես Գեղամյանը նշեց. «Գլխավորն այն չէ, որտեղ եմ ես ինձ տեսնում, գլխավորն այն է, թե որտեղ եմ ես ավելի պետք իմ ժողովրդին»: «Կարծում եմ, Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականիցս հետո անցած 17 տարիներին աշխատել եմ ոչ պակաս ինտենսիվ, քան պաշտոններ զբաղեցրած ժամանակ: Ես գիտելիքներ եմ կուտակել եւ ափսոս կլինի, եթե դրանք իրենց լիարժեք կիրառությունը չգտնեն երկրում»,- հայտարարեց Գեղամյանը՝ հիշեցնելով, որ Տրոյական պատերազմից սկսած, Ոդիսեւսը 17 տարի շարունակ ճանապարհորդում էր եւ, ի վերջո, հասավ նպատակին՝ Իթակե կղզի՝ իր Պենելոպեի մոտ: «Ահա եւ ես՝ արդեն 17 տարի է, որ պետական պաշտոնյա չեմ: Ոդիսեւսի ճակատագիրը հոգեհարազատ է ինձ եւ ես, անշուշտ, կհասնեմ իմ «Իթակե կղզուն»: Իսկ «Իթակե կղզին», իմ պատկերացմամբ, դա արեւի երկիր Հայաստանն է, որը մշտապես բոլորին հրապուրել է իր իմաստությամբ, անբիծ մաքրությամբ»,- իր խոսքն ամփոփեց քաղաքական գործիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728