Լրահոս
Օրվա լրահոսը

«AEROFLOT OPEN»-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑ

Փետրվար 16,2007 00:00

\"\"Մոսկվայում վեցերորդ անգամ մեկնարկեց մասնակիցների թվաքանակի եւ մրցումների որակի առումով աշխարհի խոշորագույն միջազգային ավանդական մրցաշարերից մեկը՝ «Aeroflot Open» շախմատային փառատոնը:

Անհատական վարկանիշներով չորս խմբի բաժանված մրցաշարին մասնակցում է աշխարհի բոլոր ծայրերից ժամանած շուրջ 600 շախմատիստ, որից 138-ը կրում է միջազգային գրոսմայստերի կոչում: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, մեր հանրապետությունն «Aeroflot Open»-ում ներկայացնում է երեք տասնյակից ավելի շախմատիստ: Նրանք հանդես են գալիս բոլոր չորս խմբերում: Մասնավորապես, ուժեղագույնների «A1» մրցաշարում խաղում են օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը, ինչպես նաեւ Հայաստանի ուժեղագույն այլ շախմատիստներ:

«Aeroflot Open»-ի մեկնարկը ուժեղագույնների խմբում (այստեղ ընդգրկված է 88 հոգի) հանդես եկող յոթ հայաստանցիների համար այնքան էլ հաջող չէր: Միակ հաղթանակը տարավ գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Ջիբրալթարի գերմրցաշարի հաղթող Վլադիմիր Հակոբյանը, հանրապետության չեմպիոն Կարեն Ասրյանն ու աշխարհի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն Զավեն Անդրիասյանը բաժանեցին միավորը, իսկ Գաբրիել Սարգսյանը, Աշոտ Անաստասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը պարտություն կրեցին: Սակայն իսկական պայքարը դեռ առջեւում է ու դեռ շատ բան կփոփոխվի շախմատիստների դասավորությունում:

Համեմատաբար հաջող է մեր շախմատիստների մեկնարկը «A2» խմբում: Տիգրան Նալբանդյանը, Դավիթ Պետրոսյանը, Բենիամին Գալստյանը, Ավետիք Գրիգորյանը առավելության հասան մրցակիցների նկատմամբ, Արթուր Չիբուխչյանը, Հրանտ Մելքումյանը, Արա Մինասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Արսեն Եղիազարյանը, Էլին Դանիելյանը ոչ-ոքի արեցին, եւ պարտություն կրեցին միայն Արման Փաշիկյանն ու Տիգրան Քոթանջյանը:

Քանի որ բոլոր խմբերում էլ մասնակիցները բավականին շատ են ու պայքարը նոր է սկսվել, առաջին տուրերից հետո մրցաշարային աղյուսակներն իրենցից առանձնապես հետաքրքրություն չեն ներկայացնում: Դրանց կանդրադառնանք մի երկու-երեք տուր հետո, երբ արդեն որոշակի հստակություն կլինի, առավել եւս, եթե առաջատարների մեջ մեր հանրապետության ներկայացուցիչները լինեն:

Եվ վերջում ավելացնենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Կայանալու է ինը տուր: «A1» խմբի հաղթողը կպարգեւատրվի $30 հազարով, միեւնույն ժամանակ Դորտմունդի միջազգային գերմրցաշարին մասնակցելու իրավունք կստանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728