Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ի 18-րդ համագումարն էլ չեղյալ համարեցին

Փետրվար 20,2007 00:00

Ի նշան բողոքի եւ հաշվի առնելով հնչած սպառնալիքները՝ այսօր լույս չի տեսնելու «Իրավունք» թերթը:

Վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Հակոբյանը Դատական ակտերի հարկադիր ծառայության խնդրանքով երեկ պարզաբանել է իր վճիռը՝ 17-րդ համաժողովի արդյունքները չեղյալ հայտարարելու մասին: Ըստ այդմ՝ վճիռն ի կատար ածելու համար նախ պիտի վերականգնվեր մինչեւ 17-րդ համաժողովը գործող ՍԻՄ նախագահությունը: Հայկ Բաբուխանյանը երեկ հրավիրած ասուլիսում սա գնահատեց իբրեւ ՍԻՄ-ի փակում. «Ավելի ճիշտ՝ դատարանը որոշեց, թե ով պետք է լինի ՍԻՄ-ի ղեկավար ու ղեկավարություն»:

Հայկ Բաբուխանյանը տեղեկացրեց. «Հրանտ Խաչատրյանի կամակատարների, վեցնոցների, իշխանությունների խմբակը նաեւ արգելափակել է մեր բանկային հաշիվը»: Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին «Տարեգիր»-ում հրապարակված հարցազրույցում Հրանտ Խաչատրյանը հայտնել էր. «Իրավունքի» բնականոն գործունեությունն ապահովելու համար շաբաթական 2 անգամ բանկային գործարք է կատարվում, դրա նյութական պատասխանատուն ես եմ: Դե հաշվեք, այսքան ժամանակ իմ ստորագրությունը բանկ է ներկայացվել ապօրինի, մեղավորը բանկը չէ, քանի որ կնիքով է ներկայացվել, իսկ ես կնիքը չեմ հանձնել»: Այժմ, ըստ Հայկ Բաբուխանյանի, VTB-Հայխնայբանկը որոշել է այսուհետ չընդունել իր ստորագրությունը, որն ընդունում էր վերջին 6 ամիսներին:

Հավելեց, թե երեկ առավոտից սպառնալիքներով զանգեր են հնչել. «Մենք արդեն աշխատակազմի կանանց ուղարկել ենք տուն, որ երաշխավորենք նրանց անվտանգությունը»: Մեր հարցին, թե ումի՞ց են ստանում այդ սպառնալիքները՝ պատասխանեց. «Հրանտ Խաչատրյանի եւ իր կողմնակիցների անունից ինչ-որ մարդիկ են զանգում»: Հիշեցրեց նաեւ, որ ՍԻՄ-ի վրա նախորդ հարձակումից հետո ոչ ոք չի պատժվել:

Հայկ Բաբուխանյանն իր անհամաձայնությունը հայտնեց մինչեւ 17-րդ համագումարը գործող ՍԻՄ նախագահությունը վերականգնելու վճռին. «Այդ մարդիկ վերջին անգամ ընտրվել են 2001-ին: Իսկ մեր կանոնադրությամբ՝ տարին մեկ պիտի հրավիրվի համագումար եւ լինեն ընտրություններ»: Ըստ նրա՝ 2006-ի մայիսի 3-ին գրավոր զեկուցագրով դիմել էր Հրանտ Խաչատրյանին՝ հիշեցնելով, թե իրենց լիազորությունները սպառված են եւ իրավունք չունեն շարունակել ղեկավարել կուսակցությունը. «Բանավոր դիմել եմ բազմիցս»:

Իսկ այժմ Հրանտ Խաչատրյանին դիմեց մամուլի միջոցով. «Թող գա փետրվարի 24-ին նշանակված 19-րդ համագումարին, քվեարկվի կուսակցության անդամների առաջ, որ մենք հասցնենք մասնակցել ընտրություններին: Մի հարց ենք դնում օրակարգում՝ կուսակցության նախագահի ընտրության հարցը: Երկու թեկնածություն է դրվում՝ ով հաղթեց հաղթեց: Մի պայմանով, որ դրանից հետո էլի նորից դատարան չի դիմելու»:

Հրանտ Խաչատրյանը մեր զրույցի ընթացքում մերժեց այս առաջարկը. «Ե՛վ իրավական տեսակետից, ե՛ւ արդեն հասարակական կարծիքով՝ ինքը որեւէ իրավասություն չունի մեզ նման առաջարկություն անելու: Դատարանի պարզաբանումով իրավական հարթության մեջ ամեն ինչ վերադարձավ նախահամագումարյան վիճակ՝ սեպտեմբերի 16-ի առավոտ, երբ ես նրան առաջարկում էի կամավոր համաձայնել 3 ամսով անդամության կասեցմանը, որ կարողանանք առողջացնել կուսակցությունը, հետո քննարկել իր եւ իր կողմնակիցների անհատական հարցերը: Առնվազն դա պիտի կամավոր համաձայնի, իհարկե՝ նաեւ հրապարակայնորեն ներողություն խնդրի: Քանի որ՝ իր մեղքով, արդեն նաեւ դատախազությունում ու ոստիկանությունում է հարց քննարկվում՝ ինքնիրավչության եւ քրեորեն հետապնդելի այլ արարքների»:

Հ. Գ. Իսկ այսօր ՍԻՄ-ում, ըստ Հայկ Բաբուխանյանի, սպասվում է «շատ հզոր ակցիա»: Ըստ նրա՝ ողջ կուսակցությունը ոտքի է կանգնել, մարդիկ գալիս են մարզերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել