Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ նորակառույց մասնաշենքը քանդվում է

Փետրվար 20,2007 00:00

\"\"Ձնհալից վերջինիս «եվրոպական» տանիքը վնասվել է

ԵՊՀ նոր մասնաշենքը, որը նույն բուհի տնտեսագիտական ֆակուլտետի մոտակայքում է, դեռ մեկ տարի է շահագործվում, սակայն արդեն նորոգման կարիք ունի: Օրերս «Առավոտը» դժգոհություն ստացավ ԵՊՀ բանասիրական եւ փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետներում սովորող ուսանողներից՝ այն մասին, որ ձնհալի օրերին տանիքից հոսող ջուրը շենքի երրորդ հարկի մի շարք լսարանների առաստաղները ապականել է: Օրինակ՝ բանասիրական ֆակուլտետի ուսանող Կարեն Հարությունյանը մեկ նախադասությամբ այսպես նկարագրեց իրենց լսարաններում տիրող իրավիճակը. «Դասի ժամանակ մեկ էլ տեսար առաստաղից ծեփ թափվեց գլխիդ»:

ԵՊՀ նոր մասնաշենքի երրորդ հարկում հիմնականում անցկացվում են փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դասերը, որոնք հաճախ են տապալվում տանիքի խնդիրների պատճառով: «Ես՝ որպես մարդ, որպես դասախոս եւ որպես դեկան, ամաչում եմ այս պատկերի համար»,- այս առիթով նշեց փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Միրզոյանը, որի աշխատասենյակը եւս տուժել է ձնհալից: Նա իրեն մխիթարում է այն հանգամանքով, որ իր ֆակուլտետի որոշ կուրսեր այս ընթացքում մասնագիտական պրակտիկա են անցնում եւ շաբաթվա մի մասը համալսարանում չեն լինում:

Մասնաշենքի պարետ Վլադիսլավ Սողոմոնյանից էլ տեղեկացանք, որ ձնհալից անցյալ տարի էլ են վնասվել մի շարք լսարաններ: «Քանի որ եվրոպական չափանիշներով կառուցված շենք է, տանիքն էլ ժամանակակից է: Սակայն Հայաստանի համար չէ: Մեր կլիմայական պայմաններում հարթ տանիքներն իրենց չեն արդարացնում»,- ասաց ԵՊՀ գլխավոր ինժեներ Արմեն Հարությունյանը: ԵՊՀ գլխավոր ինժեները գծային եւ շինարարական բազմաթիվ թերություններ էլ է նկատել նորակառույց շենքում. «Նույնիսկ տանիք դուրս գալու պատուհաններ չկան: Կամ գոնե մի ապահովագրված տեղ էլ չկա, որ աշխատողը՝ տանիքի ձյունը մաքրելու համար կարողանա պարան կապել»: Նախագծային ու շինարարական բացթողումներից բացի, ԵՊՀ-ում նույնիսկ կասկածում են, թե բարձրորակ շինանյութ է օգտագործվել շենքի կառուցման համար: «Մտավախություն ունենք, որ օգտագործվել են էժանագին նյութեր եւ սարքավորումներ, ինչի պատճառով էլ համալսարանը հսկայական վնաս է կրել»,- ասաց Ա. Հարությունյանը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ շինարարությունը մեկ տարի առաջ իրականացվել է «Ինտեր» ՍՊԸ-ի կողմից, որը շենքի հանձնումը կատարել է 2005-ի դեկտեմբերի 25-ին: ԵՊՀ-ում որոշել են օգտվել քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսվող այն երաշխիքից, ըստ որի՝ երկու տարուց պակաս ժամկետի դեպքում եթե պատվիրատուն կարողանա ապացուցել, որ այդ շինարարության վնասը կատարվել է կապալառուի մեղքով, շինությունը հանձնելուց հետո երկու տարվա ընթացքում կարող է դիմել նրան: Մայր բուհում փորձաքննությունն իրականացնելու համար արդեն դիմել են համապատասխան տեսչությունների: Ա. Հարությունյանը վստահեցրեց, որ անպայման դիմելու են «Ինտերին». «Այդ տանիքը պիտի հիմնովին նորոգվի, մեկ մետր այն պիտի բարձրացվի եւ ջրատարի տեղերը փոխվեն: Այս աշխատանքները մոտ երեսուն միլիոն դրամ կարժենան»: Երբ «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ «Ինտեր» ՍՊԸ-ից, պարզվեց, որ ոչ մի տեղ չկան գրանցված նման կազմակերպության կոորդինատներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728