Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ՛ ՊԱՐՏԱԴՐԵՔ ՄԵԶ ԱԺ-Ի, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԺԷԿ-Ի ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ

Փետրվար 22,2007 00:00

\"\"Ասում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը

– ՀՀ նախագահի՝ Սահմանադրական դատարան դիմելուց 1 ամիս առաջ՝ 2006-ի նոյեմբերի 29-ին, ասուլիսում վստահեցրել էիք, թե ԱԺ կանոնակարգով Հ1-ին հեռարձակումներ պարտադրելու հարցը հանել եք օրակարգից, որ ընդդիմությունն այն չշահարկի ընտրություններից առաջ եւ դրան հետո եք անդրադառնալու: Այս վստահեցումը յուրօրինակ «փափուկ բա՞րձ» էր, եւ այդ պատճառով այդքան անակնկալ դարձավ ՍԴ փետրվարի 16-ի որոշումը:

– Այդ հարցը երբե՛ք օրակարգից չի հանվել: Խոսքը վերաբերում էր ոչ թե խորհրդարանական ընտրություններին, այլ պետք է հաշվի առնել, որ այն ժամանակ քիչ օրեր էին մնացել, մինչեւ լրանար իմ պաշտոնավարման ժամկետը: Եվ ես ուղղակի չէի ուզում մինչեւ ժամկետի ավարտը խոսել այդ մասին՝ մտածելով, թե կընտրվի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահ, եւ եթե դա ես լինեմ՝ այդ ժամանակ օրակարգում դարձյալ կլինի այդ հարցը, իսկ եթե ոչ… Իսկ այդ խնդիրը վաղուց էր արծարծվում, նաեւ՝ եվրոպական կառույցների կողմից:

– Անցած տարվա մարտին, երբ այս հարցի շուրջ բանավեճի ամենաեռուն շրջանն էր, Դուք անընդհատ առաջարկում էիք. «Պատրաստ եմ հիմա ԱԺ-ի հետ կնքել խորհրդարանական հաղորդումները հեռարձակելու վերաբերյալ պայմանագիր՝ նույն պայմաններով, ինչ հիմա կա, միայն թե օրենքից հանվեն այդ դրույթները»: Իսկ հիմա պնդում եք, թե այնուամենայնիվ՝ փոխվելո՞ւ են պայմանները՝ հեռարձակման ժամը եւ այլն:

– Այս պահին պատրաստ չեմ ասել, թե ինչ կլինի: Իմ կարծիքով, Սահմանադրական դատարանի այս որոշման հետ կապ չունի, թե ինչպիսին կլինեն խորհրդարանական հաղորդումները կամ ինչ լուծում կլինի: Ավելի կարեւոր է, որ օրենքից հանվեցին այդ դրույթները, որոնք մի քիչ ամոթ էին Հայաստանի պես՝ Եվրախորհրդի անդամ երկրի համար:

– ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, սակայն, պնդում է, որ չկա Եվրոպայի խորհրդի անդամ որեւէ երկիր, որտեղ նման բան չի արվում՝ օրենսդիր մարմնի աշխատանքի վերաբերյալ հասարակությունը չի ստանում լիարժեք տեղեկատվություն: Հավելենք՝ շատ երկրներում լուսաբանվում է անգամ առանձին հեռուստաալիքով:

– Բնականաբար, լուսաբանվում է: Եվ ես դեմ չեմ, որ առանձին հեռուստաալիքով կամ որեւէ այլ ձեւով լուսաբանվի: Խնդիրն այն է, որ չի կարելի որեւէ լրատվամիջոցի, նաեւ Հանրային հեռուստատեսությանն օրենքով պարտադրել որեւէ բան, այդ թվում՝ հեռարձակել խորհրդարանական հաղորդումներ: Եթե օրենքով պարտադրվեին նաեւ կառավարության հաղորդումները, կամ, չգիտեմ՝ որեւէ ԺԷԿ-ի՝ էլի միեւնույն է, դա ճիշտ չի:

– Եվս մի հիշեցում անցած տարի Ձեր արած հավաստիացումներից. «Համաձայն կլինեմ այն տարբերակին, որ բյուջեից մեզ հատկացված գումարից որոշակի գումար տրամադրեն խորհրդարանին, եւ ԱԺ-ն իր հաղորդումները հեռարձակի իր նախընտրած հեռուստաալիքով»: Այսինքն՝ Հ1-ի համար մեծ կորուստ չե՞ք համարի, եթե այդ հաղորդումները ցուցադրվեն այլ հեռուստաընկերությամբ:

– Ես կորուստ չեմ համարում: Եթե Ազգային ժողովը ցանկություն կունենա, որ դրանք հեռարձակվեն Հանրային հեռուստաընկերությամբ՝ այդ ժամանակ կնստենք եւ Ազգային ժողովի ղեկավարության ու խմբակցությունների հետ կխոսենք, որ լինեն փոխադարձաբար ընդունելի պայմաններ: Բայց, բնականաբար, ԱԺ-ն է որոշում՝ ինչ միջոցներ հատկացնի Հ1-ին եւ ինչի համար:

– Տեղեկացնեմ, որ ԱԺ նախագահի մոտ փետրվարի 20-ին կայացած խորհրդակցության ժամանակ էլ են պայմանավորվել, թե փորձելու են համաձայնության հասնել Հանրային հեռուստառադիոընկերության հետ, որ առանց որեւէ փոփոխության շարունակեք խորհրդարանի աշխատանքները լուսաբանող հաղորդումների հեռարձակումը՝ մինչեւ կանցնեք արդեն պայմանագրային հիմունքներով աշխատանքի:

– Բնականաբար: Ուղղակի ուզում եմ առաջարկել՝ պետք է ուսումնասիրել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների Հանրային հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների փորձը եւ տեսնել, թե որտեղ ինչպես են կարգավորվում նման խնդիրները: Չեմ ուզում, որ մեխանիկորեն կրկնենք որեւէ երկրի փորձ: Մանավանդ՝ Հայաստանն ունի իր փորձը՝ հասկանում ենք, որ կա նաեւ հոգեբանական խնդիր՝ տարիներ շարունակ այդ հաղորդումները հեռարձակվել են հեռուստատեսությամբ, եւ ժամանակներ են եղել, երբ նիստերը հեռարձակվել են ուղիղ եթերով:

Բայց այստեղ կա մեկ այլ խնդիր, որի մասին, չգիտես ինչու, չի խոսվում: Եկեք նորից վերհիշենք, թե ինչպես ԱԺ կանոնակարգում ամրագրվեց «Խորհրդարանական շաբաթը» կիրակի ժամը 21-ին Հ1-ով ցուցադրելու դրույթը: Այդ ժամին մինչ այդ ցուցադրվում էր «Օրակարգ» հաղորդաշարը, որը դուր չէր գալիս խորհրդարանի խմբերի ու խմբակցություններից շատերին: Եվ նրանք հատուկ օրենք ընդունեցին, որ այդ նույն ժամին պետք է հեռարձակվի «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարը: Սրանից հետո խոսելը, թե խորհրդարանական հաղորդումների հեռարձակումը կապ ունի միայն խոսքի իրավունքի կամ մամուլի ազատության հետ՝ մի քիչ ճիշտ չի: Ընդգծում եմ՝ ընդունվել է հատուկ օրենք, որով լռեցվել է մամուլի ազատությունը: Եվ «360 աստիճան» հաղորդաշարը, որը համարում եմ «Օրակարգի» իրավահաջորդը, պիտի՛ վերադառնա իր տեղը՝ ժամը 21-ին:

«ԱԺ կանոնակարգի» անվավեր դարձած այդ դրույթների հետ չկապենք Հայաստանում խոսքի ազատության վիճակը, որը, չեմ կարծում, թե շատ փայլուն է: Բայց եթե խոսքի ազատության առումով Հայաստանում կան խնդիրներ՝ չի նշանակում, թե պետք է ստալինյան ինչ-որ օրենք ընդունել: Զոռով ոչինչ չի կարելի անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել