Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը եւ նախարարները կարող են լինել երկքաղաքացի

Փետրվար 22,2007 00:00

\"\"Իսկ ՀՀ նախագահը, պատգամավորները եւ ՍԴ անդամները՝ ոչ

Երեկ տասը րոպեից ավելի խորհրդարանի աշխատանքները պարզապես ձախողված էին: Նիստը վարող Վահան Հովհաննիսյանը օրակարգում եղած բոլոր օրինագծերի անունները պարտաճանաչորեն ընթերցում էր եւ ընթացքում հայտնում, որ սպասում են նախարարներից մեկին: Գաղտնիք չէր, որ այդ խորհրդավոր նախարարը արդարադատության նախարարն էր, որն էլ պետք է ներկայացներ մի շարք օրինագծերի փաթեթները երրորդ եւ երկրորդ ընթերցման, եւ այդ փաթեթներից մեկի մեջ էր նաեւ «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ընդհանրապես, այս օրինագծի մասով խորհրդարանը երեկ բավականին անհանգիստ էր, քանի որ ստեղծվել էր հետաքրքիր իրավիճակ՝ երբ ՀՀԿ խմբակցությունն ակնհայտորեն դեմ էր այս օրինագծի հիմնական փոփոխություններին, մասնավորապես՝ մի քանի կետերի, Դաշնակցությունը, հասկանալի պատճառներով, կողմ էր եւ շահագրգիռ, որ այն ընդունվի: Իսկ եթե քվեարկությունը երեկ տեղի ունենար, այս փաթեթը իր, այսպես կոչված՝ երկքաղաքացիության մասին օրինագծով, չէր ընդունվի, քանի որ խորհրդարանը ակնհայտորեն քվորումի պակաս ուներ: Ինչեւէ, Վահան Հովհաննիսյանը տիտանական աշխատանք կատարեց ժամանակ ձգելու նպատակով եւ քիչ էր մնում օրինագծերի երկար-բարակ անվանումների թվարկումներից բացի՝ անուն առ անուն կարդար դահլիճում ներկա տասից պակաս պատգամավորների կենսագրությունները՝ ժամանակը էլ ավելի ձգելու համար: Եվ ձգեց՝ մինչեւ ի վերջո խորհրդարան եկավ Դավիթ Հարությունյանը: Եկավ եւ անմիջապես անցան այնքան աղմկահարույց օրինագծերի փաթեթների երկրորդ ընթերցմամբ քննարկմանը, որի մեջ է նաեւ «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունները:

Առաջարկվեց, մասնավորապես, որ օրենքը ուժի մեջ մտնի հունիսի 1-ից: Ըստ նախարարի, դա ճիշտ չէ. «Շատ պարզ պատճառով. բոլոր անձինք նաեւ պետք է գրանցվեին, եւ մենք ուղղակի գրեթե անհավանական ենք համարում, որ թեկուզ մեկ անձ կհասցնի անցնել այս բոլոր գործընթացները՝ ստանալով երկքաղաքացիություն, եւ մասնակցել ընտրություններին»: Առաջին ընթերցումից երկրորդն ընկած հատվածում առաջարկ էր արվել նաեւ սահմանափակել երկքաղաքացիությունը ՀՀ վարչապետի եւ կառավարության անդամների համար: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս առաջարկը չի ընդունվել. «Մեր կարծիքով, նման սահմանափակումը պետք է տարածվի միայն երեք տարբեր կատեգորիա-սուբյեկտների համար՝ ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորի եւ ՍԴ անդամի համար»: «Երկքաղաքացիության» ճակատագիրը հավանաբար կվճռվի այսօր, եթե հնարավոր լինի պատգամավորներին բերել աշխատանքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել