Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ, ԱՅԼ ՍՊԱՆՎԵԼ Է

Փետրվար 23,2007 00:00

\"\"Այս համոզմանն են Տավուշի մարզի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում երկու տարի առաջ հրազենային վնասվածքով սպանված Հայկ Սարգսյանի հարազատները:

Արագածոտնի մարզի Ավան գյուղի 22-ամյա բնակիչ Հայկ Սարգսյանը բանակից այդպես էլ տուն չվերադարձավ: Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո նա մեկնեց բանակ: Սպասվածի պես Հայկի համար ծառայությունն այնքան լավ է ընթանում, որ նրան պաշտպանության նախարարության կողմից շնորհվում է պատվոգիր: Սակայն 2005թ. մարտի 16-ին Տավուշի մարզի զորամասում զինվորները Հայկին գտնում են մեռած: 13 զինվորների տված ցուցմունքներից հետո գործի վարույթը մարզային դատարաններից հասնում է Աջափնյակ համայնքի առաջին ատյանի դատարան, հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, ապա՝ մարզ: Վերջապես Իջեւանի դատարանում 2006 թ. դեկտեմբերի 7-ին դատավճիռ է կայացվում, ըստ որի՝ որոշվում է, որ Հայկը հոգեբանական ճնշման տակ է ինքնասպանություն գործել:

Նախնական քննության ժամանակ ավագ սպա Կարեն Մայիլյանն ու հրամանատար Արթուր Ամիրխանյանը երեք ամիս կալանքի տակ են մնում, սակայն հետո ազատ արձակվում՝ ստանալով վկայի կարգավիճակ: Արդյունքում՝ Հայկին ինքնասպանության դրդելու համար (հայհոյել, ծաղրել են, ստորացրել) 6-7 տարվա ազատազրկման է դատապարտվել երեք զինվոր՝ Դավիթ Առաքելյանը, Ատոմ Բոխյանը եւ Կարեն Մարտիրոսյանը: Սակայն հարազատները մինչ օրս համոզված են, որ Հայկի բանականությունը կբավականացներ ինքնասպանության չդիմելու համար։ Նրա իրավահաջորդը՝ հորեղբայր Սարգիս Սարգսյանը դիմել էր ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան։ Հայկի հարազատները ոչ մի ապացույց չեն տեսնում ինքնասպանության վարկածը հաստատելու համար. ոչ մեկը չի տեսել նրան ինքնասպանություն կատարելու ժամանակ, զինվորներից շատերը նախաքննության ժամանակ ասել են, որ իրենք ցուցմունք են տվել ստիպողաբար, քննիչի ճնշման տակ եւ այլն: Վկաների տված ցուցմունքների համաձայն, մարտի 16-ին, ժամը 16-ի կողմերը՝ Հայկը, Դավիթը, Ատոմը, հրամանատար Արթուր Ամիրխանյանը եւ ավագ Կարեն Մայիլյանը սկսել են վիճել ու գետնախցից հայhոյանքի ձայներ են լսվել: «Ռազբորկային» ներկա զինվոր Արսեն Խաչատրյանից Կարեն Մայիլյանը ջուր է ուզել: Երբ վերջինս վերադարձել է, Կարեն Մայիլյանը այդ ջրով ձեռքերն է լվացել: Հետո, երբ Արսենը մտել է վրան, Դավիթը այդ պահին ճչացել է՝ «Արա, մենք հաստատ դատվեցինք..»:

Երեկ վերաքննիչ դատարանը քննեց հարազատների բողոքը: Նախ տուժող կողմին լսելուց հետո հարցաքննվեցին ամբաստանյալներ Կարեն Մարտիրոսյանն ու Դավիթ Առաքելյանը: Երկուսն էլ դժվարանում էին որեւէ բան հիշել: Դավիթը համաձայնեց, որ ինքը ասել է նման բան. «իրար խառնված էի, չեմ հիշում»,- կցկտուր կրկնում էր նա: Երեկվա դատավարության ժամանակ Կարեն Մարտիրոսյանն էլ համարյա ոչինչ չէր հիշում: Դատական նիստի ժամանակ Հայկ Սարգսյանի հայրը՝ Իշխան Սարգսյանը, սկսեց իրեն վատ զգալ, սակայն դատը նախագահող Մելիք Տեր-Ադամյանը փոքրիկ հուշում կատարեց՝ «սենտիմենտալ զեղումների փոխարեն հիմնավոր փաստեր բերեք, որը կփոխի գործի էությունը»:

«Հիմնավոր փաստեր ունենայինք՝ դատն ինչու այսքան կձգձգվեր: Մի բան գիտենք, որ հանցագործները դեռ ազատության մեջ են»,- «Առավոտին» ասացին հարազատները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել