Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամ. «Ռինգում հաղթում է խելքը»

Փետրվար 26,2007 00:00

\"\"«Յունիբանկի» հրավերով մի քանի օր Հայաստանում է միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ում սեպտեմբերի 23-ին կայացած մենամարտը կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ՛ IBF-ը լավագույնն է ճանաչել վերջին տասնամյակում, իսկ Արթուրը դարձել է պատմության մեջ միակ բռնցքամարտիկը, ով ծնոտի կոտրվածքով կարողացել է մարտը հասցնել հաղթական ավարտի:

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Աբրահամը տեղեկացրեց, որ Երեւան եկել է հավաքներից ու Բեռլին է վերադառնալու արդեն փետրվարի 26-ին՝ մարզումները շարունակելու: Նախապատրաստվում է հերթական մենամարտին, որը, եթե ամեն բան հաջող ընթանա, կկայանա ապրիլի 21-ին, բայց առայժմ՝ ոչ Միրանդայի հետ: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ներկայումս չորս թեկնածուի անուն է քննարկվում: Այնուհետեւ պատմեց կոլումբիացու հետ ծանր մենամարտի մասին: «Բայց ես հաղթեցի: Եթե ցանկանում ես աշխարհի չեմպիոն դառնալ, առավել եւս՝ պահպանել տիտղոսդ, պետք է կարողանաս ամեն բան հաղթահարել: Ուրախ եմ, որ մեր ազգի պատիվը բարձր պահեցի, ինչում օգնեց իմ հայկական դաստիարակությունը,- ասաց Արթուրը:- Ինչ վերաբերում է Միրանդայի հետ մեր երկրորդ հանդիպմանը, նա դեռ պետք է մարտի 3-ին հաղթի ամերիկացի Ալան Գրինին: Դրանից հետո միայն մենք կհանդիպենք ամռանը»:

Տեղեկացրեց նաեւ, որ վնասվածքը բուժվել է 90 տոկոսով եւ չորսից վեց շաբաթվա ընթացքում լրիվ ապաքինված կլինի. «Առաջիկա մենամարտերում, կարծում եմ, վնասվածքս խանգարիչ դեր չի կատարի, որովհետեւ մարզումները կրկնակի դժվար են, քան բուն մարտը»: Հարցին, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտում ո՞ւժն է կարեւոր, թե՞ տեխնիկան, Աբրահամը պատասխանեց. «Խելքը: Ռինգում հաղթում է նա, ով խելամիտ է գործում: Անձամբ ես հաղթում եմ եւ տեխնիկայով, եւ նոկաուտի ենթարկող հուժկու հարվածով»:

«Այնպիսի տպավորություն կա, որ Միրանդան ատում է քեզ ու քո կողմը ցեխ շպրտելու ոչ մի առիթ բաց չի թողնում: Իսկ դու համեմատաբար զուսպ ես արտահայտություններիդ մեջ: Ինչո՞ւ»: «Առավոտի» հարցին Աբրահամը պատասխանեց. «Ես էլ նրան եմ ատում ու նրա արտահայտություններին պատասխանում եմ, բայց՛ կարճ: Թե ո՞վ է իսկական տղամարդ, ավելի ուժեղ մարզիկ, խոսելով չի: Ռինգն է դա որոշում: Իսկ ինչ վերաբերում է մարտից առաջ արվող ամպագոռգոռ հայտարարություններին, դա շոուի կանոններից է, որպեսզի հանդիսականի մեջ հետաքրքրություն առաջանա»: Տողերիս հեղինակը Արթուր Աբրահամին առաջարկեց գալիք մարտի շոուն սկսել հենց ասուլիսի ժամանակ. «Ես նրան կասեմ, որ ավելի լավ կլինի, եթե թողնի բռնցքամարտը: Եթե մեծ-մեծ խոսելուց հետո նա չկարողացավ հաղթել մենամարտի միջնամասում ծնոտի կոտրվածք ստացած մրցակցին, ռինգը նրա տեղը չի: Ավելի լավ կլինի, որ նա զբաղվի մեկ այլ մարզաձեւով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել