Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԾԱՂԿԱՁՈՐ

Փետրվար 26,2007 00:00

\"\"Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքներ անցկացրած Ռուսաստանի ձմեռային մարզաձեւերի ազգային հավաքականները միջազգային մրցասպարեզներում վերադարձնում են իրենց երբեմնի առաջատարի դերը:

Փետրվարի 9-ին Հայաստա ն էր ժամանել Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչովի գլխավորած պատվիրակությունը, որը եղավ Ծաղկաձորում, գործնական հանդիպումներ ունեցավ Հայաստանի սպորտկոմիտեի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահների հետ: Սակայն եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցներում այդ այցելության արդյունքների մասին մանրամասներ չհրապարակվեցին: «Առավոտը» փորձեց լրացնել այդ բացը:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, վերջերս ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի ֆեդերացիաները միավորելով՝ ստեղծվել է մի ասոցիացիա, որի ղեկավար նշանակվել է նրա աշխատակազմի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը, ով նույնպես պատվիրակության կազմում էր: Տյագաչովն ու Կոժինը Հայաստան եկել էին Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, քանի որ տեւական ընդմիջումից հետո վերջին 2-3 տարում այդ երկրի դահուկային տարբեր մարզաձեւերի ազգային հավաքականներն իրենց ուսումնամարզական հավաքները Ծաղկաձորում կազմակերպելով՝ աշխարհի առաջնություններում եւ Գավաթի խաղարկություններում կրկին սկսել են հաղթել կամ մրցանակային տեղեր գրավել: Պարոնայք Տյագաչովն ու Կոժինը այցելել են օլիմպիական ավանի մարզաբազաներ, ճոպանուղի, լեռնադահուկային ուղիներ, հանդիպել Ծաղկաձորը նախընտրած Ռուսաստանի դահուկային սպորտի հավաքականների անդամների հետ, որոնց մեջ քիչ չէին օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների եւ գավաթների խաղարկությունների չեմպիոններն ու մրցանակակիրները: Վերջիններս իրենց մեծ գոհունակությունն են հայտնել թե բնությունից եւ թե մարզումների համար սպասարկող անձնակազմի ստեղծած կատարյալ պայմաններից:

Նույն օրը երեկոյան Հայաստանի սպորտի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Լ. Տյագաչովն ու Վ. Կոժինը, արտահայտելով իրենց մարզական աստղերի եւ հավաքականների մարզիչների ցանկությունը, առաջարկել են տաքերն ընկնելուն պես օլիմպիական մարզաբազայի կիպ հարեւանությամբ գտնվող դահուկային վազքուղին հարթեցնել, այսպես կոչված, «փափուկ ասֆալտով», որպեսզի իրենց լավագույն մարզիկները նաեւ ամռանն անվավոր դահուկներով մարզվելու հնարավորություն ունենան: Հյուրերը նաեւ Ծաղկաձորի որեւէ հատվածում իրենց փոքրիկ հողատարածքն ունենալու ցանկություն են հայտնել, որտեղ մտադիր են կառուցել մի քանի քոթեջ, այդ տարածքը կոչել «Ռուսաստանի օլիմպիական տուն» խորհրդանշական անունով: Այդ նպատակով նրանք պետք է դիմեն Հայաստանում տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին:

Ռուսաստանի պատվիրակությունը գոհ է մնացել ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանի տրամադրած միջոցներով հիմնանորոգվող Օլիմպիական ավանի նախագծից եւ իրականացվող շինարարության որակից՝ համաձայնելով, որպեսզի այն ավարտվելուց հետո, սահմանված կարգով վճարումները կատարելով, իրենց նաեւ ամառային մարզաձեւերի ազգային հավաքականները ուսումնամարզական հավաքներն անցկացնեն այնտեղ: Դա մեծ խթան կլինի նաեւ մեր հանրապետությունում շատ մարզաձեւերի զարգացման համար, քանի որ ռուսների հետ մեր ազգային հավաքականների համատեղ ուսումնամարզական հավաքներ կազմակերպել՝ միշտ չէ, որ հնարավոր է լինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել