Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան «կհանձնի՞» Իրանին

Փետրվար 27,2007 00:00

ՆԱՏՕ-ն դիմել է Թուրքիային Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում իր օդային տարածքը բացելու խնդրանքով:

Ըստ newsru.com–ի, այս մասին երեկ հաղորդել է CNN-Turk հեռուստաալիքը: Ըստ նույն աղբյուրի, Թուրքիային հորդորել են բացել նաեւ Իրանի հետ ցամաքային սահմանը: Տակավին հայտնի չէ Թուրքիայի պատասխանը, սակայն շատ փորձագետներ հակված են ենթադրելու, որ դրական պատասխանի հավանականությունը փոքր է, քանի որ վերջին ժամանակներս Թուրքիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլն ավելի վաղ հայտարարել էր, թե Իրանի հետ հարաբերությունները լավ են, եւ պաշտոնական Անկարան «այլեւս չի զգուշանում իսլամական հեղափոխության արտահանումից»: Հատկանշական է նաեւ այն, որ 2003 թվականին Թուրքիան հրաժարվեց մասնակցել Իրաքի դեմ ԱՄՆ-ի սկսած ռազմական գործողություններին: Ըստ այդմ, մեկնաբանները պնդում են, որ Անկարան այս անգամ էլ չի սատարի Վաշինգթոնին, եթե նա Իրանին հարվածելու որոշում ընդունի:

«Ազատություն» ռ/կ-ն տեղեկացնում է ամերիկյան «Նյու Յորքեր» հանդեսում տպագրված մի հրապարակման մասին, որի համաձայն, չնայած Ջորջ Բուշի վարչակազմի հավաստիացումներին, թե ԱՄՆ-ն չի պատրաստվում ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, Պենտագոնը արդեն իսկ մշակել է Իրանի մի շարք օբյեկտների ավիահարվածներ հասցնելու ծրագիր: Հոդվածագիր Սեյմուր Հերշը, որը մի շարք աղմկոտ լրագրողական հետաքննությունների հեղինակ է, պնդում է, թե այդ ծրագիրը «կարող է գործողության մեջ դրվել նախագահ Բուշի՝ համապատասխան կարգադրությունից 24 ժամ անց»: Իրանի դեմ ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությունը չի բացառել նաեւ ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին: Ավստրալիայում այդ երկրի վարչապետի հետ հանդիպումից հետո Չեյնին, նշելով, որ ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները բոլոր ջանքերը գործադրում են՝ Իրանին համոզելու՝ դադարեցնել բոլոր միջուկային ծրագրերը, հավելել է. «Սակայն ես եւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը արդեն պարզորոշ հասկացրել ենք, որ մենք դիտարկում ենք գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները»: Չեյնիի խոսքերով, Իրանի նկատմամբ հաջորդ քայլը «քննարկման փուլում է»: «Մենք կարծում ենք, որ լուրջ սխալ կլիներ Իրանի պես պետությանը միջուկային տերություն դառնալու հնարավորություն ընձեռելը»,- ամփոփել է ԱՄՆ փոխնախագահը:

Միեւնույն ժամանակ, բրիտանական «Սանդի Թայմս» պարբերականը, վկայակոչելով «զինվորական եւ հետախուզական շրջանակները», գրել է, թե Պենտագոնի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ սպառնացել են հրաժարական տալ, եթե Բուշը Իրանի վրա հարձակվելու հրաման տա: Ըստ պարբերականի, Պարսից ծոցում լարվածության աճի հետ մեկտեղ մեծանում է այն մտահոգությունը, որ Ջորջ Բուշը Իրանի դեմ ռազմական գործողություն կնախաձեռնի մինչեւ իր լիազորությունների ավարտը: Սակայն, ինչպես գրում է «Սանդի Թայմսը», Պենտագոնում նաեւ գիտակցում են, որ ԱՄՆ-ն չունի Իրանի հետ միանշանակ «հաշիվ մաքրելու» համար անհրաժեշտ ռազմական հզորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել