Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց պատգամավորին կորցրել են

Փետրվար 27,2007 00:00

\"\"Օրերս «Առավոտի» խմբագրություն եկած մի խումբ թալինցիներ նշում էին, որ ընտրվելուց հետո իրենց պատգամավոր Խաչիկ Մանուկյանին նույնիսկ հեռուստացույցով չեն տեսել:

«Վարչապետը նման պատգամավորին չպետք է թույլ տա, որ իր կուսակցության ցուցակով առաջադրվի, մենք ամբողջ ընտրատարածքով չենք ուզում նման պատգամավոր ունենալ, որը երբեք մեր դարդին դարման չի անելու»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Ներքին Արթիկ գյուղի բնակիչ Քաջիկ Գեղամյանը: Նա վրդովված պատմում էր, որ այս 4 տարիների ընթացքում պրն Մանուկյանն իրենց ոչ մի խնդրի մասին Ազգային ժողովում չի բարձրաձայնել, ոչ էլ ընտրվելուց ի վեր բնակիչների հետ հանդիպումներ է ունեցել. «Գյուղացիները տասնյակ կիլոմետրեր են կտրում, որ խմելու ջուր բերեն, այս ընթացքում մենք ոչ մի անգամ մեր պատգամավորի աջակցությունը չենք ստացել, եւ արդեն լսում ենք, որ մեր հոգսերով չհետաքրքվող պատգամավորը կրկին ցանկանում է առաջադրվել»:

Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների ներկայացմամբ, 2003-ին թիվ 19 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը դեռեւս նախընտրական քարոզարշավում իր ընտրողներին խոստացել էր, որ կլուծի նրանց խմելու ջրի եւ բազմաթիվ այլ խնդիրներ, սակայն «արդեն 2 տարի է խմելու ջուր չունենք, պատգամավորի երեսն էլ ընտրվելուց հետո չենք տեսել»: Բնակիչների՝ պատգամավորի հետ հանդիպելու բոլոր փորձերն անհաջող են եղել. «Մեր գյուղապետ Աշոտ Հակոբյանը մի առիթով համաձայնություն է ձեռք բերել, որ պատգամավորի երեւանյան օֆիսում հանդիպեն: Երբ գյուղապետը գնացել է, պատգամավորը ներսից իր աշխատողներին կարգադրել է նրան ճամփու դնել, իսկ գյուղապետին պատճառաբանել են, թե պատգամավորը տեղում չէ, այսքանից հետո էլ ինչպե՞ս նրա հետ հանդիպենք»: Ներքին Բազմաբերդի գյուղապետ Աշոտ Հակոբյանի խոսքերով, պրն Մանուկյանն ընդամենը մեկ անգամ է եղել գյուղում, այն էլ ընտրություններից երկու օր անց եւ այլեւս չի մտել Ներքին Բազմաբերդ: Թալինցի Վահան Մնացականյանի պատմելով. «Ես դիմել եմ ՀՀ վարչապետին, ասելով, որ կորցրել ենք մեր պատգամավորին, եւ որ ցանկանում ենք նրա հետ հանդիպում ունենալ: Վարչապետին խնդրել ենք նրան գտնել եւ ուղարկել ընտրողների հետ հանդիպման, բայց մինչ օրս նամակս անպատասխան է»:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում պատգամավոր Խաչիկ Մանուկյանն ասաց. «Մարզի հետ ակտիվ աշխատում եմ եւ չկա մի ծրագիր, որ առանց իմ մասնակցության արվի: Հնարավոր չէ, որ Ներքին Արթիկը խմելու ջրի խնդիր ունենա, քանի որ ջրագիծը երեք տարի է՝ ինչ պատրաստ է»: Մեր այն դիտարկմանը, թե ընտրողները ձեզ չեն ճանաչում, պատգամավորը պատասխանեց. «Միշտ էլ իրենց հետ շփվում եմ, թող մի հարյուր հազարից մի քանիսն էլ չճանաչեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել