Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԻՆ ԳՈՐԾ ԱՆՈՂ Է ՊԵՏՔ»

Մարտ 14,2007 00:00

Վստահ է ԱԺ արդեն հինգերորդ գումարման պատգամավորության թեկնածու, ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը:

– Բավականին անակնկալ էր, որ ձեր անունը ոչ թե ՀՀԿ-ի, այլ «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակում հայտնվեց: Սակայն հայտնի է, որ դուք Հանրապետական կուսակցության անդամ եք, նաեւ՝ ՀՀԿ խմբակցության անդամ: Ինչպե՞ս եղավ, որ ՀՀԿ անդամը հայտնվեց «Բարգավաճի» ցուցակում:

– Ես չեմ համարում, որ դա իսկապես անակնկալ էր: Նախ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս տարվա հունվարի 10-ից իմ անդամությունը ՀՀԿ-ին կասեցվել է: Ուշադիր նայեք ԿԸՀ ներկայացված համամասնական ցուցակները՝ տարբեր գործիչներ տարբեր ընտրությունների մասնակցել են տարբեր համամասնական ցուցակներով, եւ այդտեղ որեւէ արտառոց բան չկա: Եթե իմ անունը հայտնվեր ընդդիմադիր որեւէ կուսակցության ցուցակում, դա իսկապես անակնկալ կհամարվեր, բայց դուք ինքներդ էլ գիտեք եւ այդ մասին ասել է նաեւ «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ կուսակցության նպատակը մեկն է՝ շարունակել այն դրական տեղաշարժերը, որ վերջին տարիներին արձանագրվել է մեր երկրում: Այսինքն՝ ես այսօր մի թիմում եմ, որը ոչ թե հեղափոխական կոչեր է անում, ոչ թե կոչ է անում դուրս գալ բարիկադների վրա, ամեն ինչ ջնջել եւ սկսել զրոյից, այլ հայտարարում է, որ իր ներուժը, որը իսկապես մեծ է, ծառայեցնելու է մեր երկրի բարգավաճմանը: Քաղաքական այս մոտեցումը ինձ համար ընդունելի է: Հաշվի առեք, որ Գագիկ Ծառուկյանի յուրաքանչյուր խոսքը գործ է դառնում: Իսկ ես գործի մարդ եմ եւ, որպես նախկինում մեծամասնականով ընտրված պատգամավոր, այսօր ընտրել եմ հենց «Բարգավաճ Հայաստանը», որովհետեւ վստահ եմ, որ այդ կուսակցությունը գործի կուսակցություն է: Ի դեպ, չմոռանամ ասել, որ այսօր մի թերթում կարդացի, որ ես իբր Կոմունիստական կուսակցության անդամ եմ եղել: Ուզում եմ հայտնել, որ դա կեղծ տեղեկատվություն է, ես եղել եմ միայն ՀՀԿ անդամ, եւ այդ անդամությունը կասեցվել է այս տարվա հունվարի 10-ից: Այլ կուսակցության անդամ ես չեմ եղել:

– Ցուցակները կազմելուց մոտ մեկ ամիս առաջ մեր թերթին տրված հարցազրույցում դուք անձամբ էիք հայտարարել, որ որոշել եք այս անգամ ընտրություններին չմասնակցել ո՛չ համամասնական եւ ո՛չ էլ մեծամասնական ընտրակարգով: Ի՞նչը ստիպեց փոխել ձեր որոշումը:

– Ինչո՞ւ եք զարմանում, որ մարդը կարող է նաեւ վերանայել իր որոշումը, այդտեղ ես որեւէ դատապարտելի բան չեմ տեսնում: Դա սկզբունքի փոփոխություն կամ դավաճանություն չէ: Այո, եղավ մի պահ, որ մտածեցի չմասնակցել ընտրություններին, որովհետեւ գիտեք՝ ես անցած չորս գումարումների պատգամավոր եմ եղել: Բայց քանի որ դեռեւս անավարտ գործեր կան, որոնք ես ի զորու եմ իրականացնել այս անգամ արդեն «Բարգավաճ Հայաստանի» հետ միասին, երկմտանքի պահն անցավ: Ու ես վստահ եմ, որ միասին մենք իսկապես կառուցելու ենք բարգավաճ երկիր:

– Լուրեր կան, որ «Բարգավաճի» ցուցակ մտնելու ձեր որոշումն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ դուք նեղացել եք Հանրապետական կուսակցությունից, քանի որ ՀՀԿ-ն ո՛չ մեծամասնական, ո՛չ էլ համամասնական ընտրակարգով չէր պատրաստվում սատարել ձեզ:

– Եթե մենք հիմա սկսենք մեկնաբանել բոլոր կարգի լուրերը, ապա ամեն ինչ կհասցվի աբսուրդի: Իրականությունն այն է, որ այսօր ես Գագիկ Ծառուկյանի քաղաքական թիմում եմ եւ ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի իրականացնենք բոլոր այն լուրջ խնդիրներն ու ծրագրերը, որ կուսակցությունը դրել է իր առջեւ:

– Գաղտնիք չէ, որ այս տարիներին դուք առանձնապես աչքի չեք ընկել օրենսդրական գործունեությամբ: Երբեք ելույթներ եւ հայտարարություններ չեք արել, ուրեմն ինչո՞ւ եք արդեն 5-րդ անգամ ուզում դառնալ պատգամավոր:

– Նախ եկեք ճշտենք, թե ի՞նչ է նշանակում օրենսդրական գործունեություն: Եթե դա ամբիոնից ամեն պատեհ ու անպատեհ առիթով ելույթներ ունենալն ու գոռգոռալն է, ապա, այո, նման աշխատանքով ես աչքի չեմ ընկել: Սակայն եկեք ցանկացած ընտրողի մեկ պարզ հարց ուղղենք՝ ինչպիսի՞ պատգամավոր է նա ուզում՝ ճառ ասո՞ղ, թե՞ կոնկրետ գործ անող: Կարծում եմ՝ պատասխանը միանշանակ պարզ է: Ճառ ասելուց հեշտ բան չկա, իսկ գործ ամեն մեկը չէ, որ կարող է անել: Դուք էլ եք տեսնում, որ մեր օրերում խոսողները շատ են, գործ անողներն են քիչ: Այնպես որ, մարդուն պետք է գնահատել ոչ թե նրանով, թե քանի անգամ է մոտեցել խորհրդարանի ամբիոնին, այլ՝ թե քանի փուշ է հանել ժողովրդի մատից: Ես նախընտրել եմ երկրորդ տարբերակը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել