Լրահոս
Օրվա լրահոսը

Լրջացող անջրպետ

Մարտ 14,2007 00:00

\"\"Սրընթաց փոփոխվող քաղաքական իրողությունների համատեքստում դժվար չէր ենթադրելը, որ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները, մեղմացման խիստ հարաբերական փուլ ապրելուց հետո, դարձյալ պետք է սրվեին:

Ինչպես հայտնի է, օրերս Կոդորի կիրճի որոշ հատվածներ ռմբահարվել են ռազմական ուղղաթիռների կողմից, որոնք, վրացական իշխանությունների պնդմամբ, ռուսական են եղել: Մինչդեռ պաշտոնական Մոսկվան չի հաստատել հիշյալ գործողություններին իր մասնակցությունը:

Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի արտգործնախարարությունը Կոդորի կիրճի իրադարձությունների առնչությամբ պաշտոնապես ՌԴ իշխանություններից պարզաբանումներ է պահանջել: Վրացական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Գելա Բեժուաշվիլու եւ Սերգեյ Լավրովի միջեւ, որի ընթացքում վրաց արտգործնախարարը «ծայրահեղ վրդովմունք» է հայտնել նախորդ գիշեր Վերին Աբխազիայի գյուղերի օդային ռմբակոծության կապակցությամբ, եւ վրացական կողմի «կոշտ բողոքն է» փոխանցել ՌԴ իշխանություններին: Բեժուաշվիլին նաեւ հաղորդել է, որ, վրացական կողմի տվյալներով, ռմբակոծումն իրականացրած ուղղաթիռները «վրաց-ռուսական սահմանը հատել են հյուսիսից»: Վրաստանի ԱԳՆ հաղորդմամբ, արտգործնախարարները պայմանավորվել են հարցի քննարկմանը վերադառնալ միջադեպի վերաբերյալ Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդների առաքելության պաշտոնական եզրակացությունից հետո:

Իսկ երեկ Վրաստանում տեղի է ունեցել մի իրադարձություն, որն այլ կերպ, քան վերը նկարագրված զարգացումների օրգանական շարունակություն, դժվար է բնութագրել: Վրաստանի խորհրդարանն ընդունել է մի հռչակագիր, որում պաշտպանում է երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Փաստաթուղթն ընդունվել է 160 ձայնով. խորհրդարանականներից ոչ մեկը դեմ չի քվեարկել:

Ինչպես հաղորդում է «Կովկասպրես» գործակալությունը, հռչակագրի ընդունման միջոցով վրաց խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել նախօրեին երկրի առաջատար քաղաքական ուժերի ստորագրած նույնաբովանդակ հուշագրին:

Եվս մի իրադարձություն, որը Վրաստանի հետ ուղղակի առնչություն չունենալով՝ լավագույնս է ցուցանում եվրասիական տարածաշրջանում բաժանարար նոր գծերի առաջացման ու խորացման ողջ լրջությունը: «Ազատություն» ռ/կ-ի հաղորդմամբ, երեկ Ուկրաինա է ժամանել Պենտագոնի պատվիրակությունը՝ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար, գեներալ Հենրի Օբերինգի գլխավորությամբ: Ինչպես հաղորդել են Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանատնից, պատվիրակությունը քննարկելու է Եվրոպայում հակահրթիռային համակարգ ստեղծելու՝ ԱՄՆ նախաձեռնության հետ կապված հարցեր: Հատկանշական է, որ Ուկրաինայի նախագահը դրականորեն է տրամադրված Մոսկվայի ծայրահեղ զայրույթն առաջ բերած այդ ծրագրի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել