Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա լավագույն որոշումն է»

Մարտ 14,2007 00:00

Դաշնակցական սփյուռքահայերը՝ երկքաղաքացիության մասին

Իրանի «Ալիք» հայկական թերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը համամիտ չէ այն հայաստանցիների կարծիքին, որ երկքաղաքացիությունը ներմուծելուց հետո սփյուռքահայերը դրսում ազատ եւ հանգիստ ապրելու են եւ երբ ուզեն՝ գալու ու ազդելու են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա՝ թեկուզ եւ ընտրություններին մասնակցելով: Ըստ Դերենիկ Մելիքյանի, ինքը կընդուներ այդ կարծիքը, եթե Սփյուռքը ցեղասպանության ճանապարհով ձեւավորված չլիներ. «Բայց Սփյուռքը անբանականորեն է ձեւավորվել եւ արդեն իսկ այդ կառույցին վերագրել, որ նա լավ է ապրել, ճիշտ չէր հնչի, որովհետեւ Սփյուռքը իր ամեն ինչով հետեւանքն է զարհուրելի մի իրադարձության, որը կոչվում է Հայոց ցեղասպանություն»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս են պատկերացնում իրենց մասնակցությունը ընտրություններին, արդյո՞ք դրսում ապրող սփյուռքահայը կկարողանա հայրենի կուսակցություններին ճանաչել այնպես, որ կողմնորոշվի եւ ձայն տա կամ չտա նրանց: Մեր զրուցակիցը նկատեց, որ շատ կուսակցությունների՝ անգամ Հայաստանում լավ չեն ճանաչում. «Ինձ համար շատ երանելի կլինի, որ սփյուռքահայն այնպես ինտեգրվի հայրենիքին, որ իր քաղաքական հայացքները եւս համահունչ լինեն տեղի ժողովրդի հայացքներին: Բայց արդյո՞ք այսօր Հայաստանի ժողովուրդը ճանաչելով է քվեարկում կուսակցություններին: Ցավոք, ես այսօր Հայաստանում այդ բանը չեմ տեսնում՝ ոչ հասարակության մեղքով, այլ ընդհանուր քաղաքական դաշտի ոչ կայացածության արդյունքում»:

Եգիպտոսի Հայ դատի ներկայացուցիչ Պերճ Հալաջյանին հարցրինք՝ իրե՞ն ինչու էր այդքան հարկավոր երկքաղաքացիության մասին ՀՀ օրենքի ընդունումը: Ասաց, որ ինքն արդեն ունի կարգավիճակի փաստաթուղթ. «Անշուշտ, սփյուռքահայության եւ հայ ժողովրդի համար սա լավագույն որոշումն է, բայց պետք է քննարկվեն որոշակի կետեր, որոնցից կարեւորն է, որ դրսում ապրող հայաստանցին, որ մինչեւ այսօր իրավունք ուներ քվեարկել, սրանից հետո այդ իրավունքից փաստորեն զրկվում է: Ուրեմն, պիտի առաջարկեի, որ այս հարցը մանրամասն քննվի եւ չկորչեն դրսում ապրող հայաստանցիների քվեները»: Բանակում ծառայելու խնդիրը պարոն Հալաջյանն առաջարկում է լուծել այսպես՝ մարդը քանի քաղաքացիություն էլ ունենա, պետք է ծառայի այն երկրի բանակում, որտեղ ծնվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել