Լրահոս
Օրվա լրահոսը

Ինժեներն ու հաշմանդամը՝ մուրացկան

Մարտ 16,2007 00:00

\"\"Ռաֆայելի եւ Վաչագանի ընտանիքների գոյությունը կախված է անցորդների մեծահոգությունից: \"\"

Արդեն քանի տարի է՝ 35-ամյա Վաչագան Ալմասյանը մայրաքաղաքի փողոցներում մուրացկանություն անելով է գումար վաստակում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցելուց ի վեր՝ Վաչագանի «աշխատավայրը» եկեղեցու աստիճաններն են: Նրա պատմելով, այդ հատվածը մարդաշատ է եւ, բացի այդ, «եկեղեցի գնացողները խղճով են»: Վաչագանը մանկուց հաշմանդամ է, նա չի կարողանում ինքնուրույն քայլել, ոտքերը թույլ են եւ տեղաշարժվում է հենակների օգնությամբ: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ դիմել է մի շարք պաշտոնյաների, որպեսզի ազատ տեղաշարժվելու համար գոնե հաշմանդամության անվասայլակի հարցով օգնեն, բայց անօգուտ. «հաշմանդամ եմ, բայց մի քանի տարի է՝ չեմ կարողանում բժշկական կոմիսիայի գնամ, դրա համար էլ է գումար պետք: Իշխանավորներին մեր նմանների կյանքը չի հետաքրքրում, ընդհանրապես չեն մտածում մեր սոցիալական վիճակի մասին, այս օրերին նրանց միակ դարդն ու ցավը ընտրություններն են»: Վաչագանի ընտանիքը վարձով է ապրում. «Այս ամիս գործերս վատ էր, անգամ վարձիս փողը չկարողացա աշխատել, արդեն մոտենում է բնակարանի վարձը վճարելու ժամկետը եւ քանի որ հնարավորություն չունենք գումարը տալու, մտավախություն ունենք, որ տնից մեզ կհանեն ու կմնանք փողոցում: Նախկինում մենք լավ ենք ապրել, բայց հանգամանքների բերումով հիմա մի կերպ ենք յոլա գնում: Մեզ շան տեղ դնող չկա»: Վաչագանի պատմելով, եկեղեցական տոների օրերին օրական 2-3 հազար դրամ եկամուտ է ունենում. «սովորական օրերին պատահում է, որ հազար դրամ էլ չեմ կարողանում հավաքել»:

Ի տարբերություն Վաչագանի, Ռաֆայել Շամցյանը դրամ է վաստակում Երեւանի փողոցներում ջութակ նվագելով: Ինչպես ինքն է ասում՝ «Մասնագիտությամբ ինժեներ եմ, բայց կյանքն ինձ երաժիշտ է դարձրել: Տասը տարուց ավելի այս գործով եմ զբաղված: Կոշիկի գործարանում լաբորատորիայի վարիչ եմ աշխատել, եղել եմ գլխավոր ինժեների տեղակալ եւ այդ ամենից հետո սկզբնական շրջանում ինձ համար շատ դժվար էր, ամաչում էի, ամեն անգամ մտածում էի, որ ինձ հանկարծ ծանոթ, բարեկամ չհանդիպի: Հիմա սովորական բան է դարձել, մարդը տասը տարի ինչ էլ որ անի՝ դրան կվարժվի»: Ռ. Շամցյանը 53 տարեկան է: Նրա խոսքերով. «Կյանքիս լուսավոր էջն իմ երեխաներն են, որոնք անվճար ուսում են ստանում: Տղաս ինձ խոստացել է, որ ավարտելուց հետո աշխատանք կգտնի ու այլեւս չի թողնի որ ես այս գործը շարունակեմ, 10 տարի դիմացել եմ՝ մի քանի ամիս էլ կհամբերեմ, շուտով տղաս կավարտի»: Ռաֆայելին մտահոգում էր սրտային հիվանդ կնոջ առողջությունը. «Նա բարեգործների հովանավորությամբ 2 անգամ վիրահատվել է: Այժմ էլ կնոջս վիճակը ծանր է, սակայն անգամ դեղի գումար չունենք: Օրական աշխատածս 2-3 հազար դրամը բավարարում է միայն սննդի եւ 2 ուսանող երեխաների կարիքները հոգալուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել