Լրահոս
Օրվա լրահոսը

Անզուգական «Սարոյի» հոբելյանը

Մարտ 16,2007 00:00

\"\"Այսօր լրանում է օպերային արվեստի ականավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ավագ Պետրոսյանի ծննդյան 95-ամյակը, ով միայն Սարոյի դերերգը կատարել է շուրջ 900 անգամ:

Ա. Պետրոսյանը իր կյանքի շուրջ 60 տարին նվիրել է հայ բեմին: Նա 1947-49թթ. կատարելագործվել է Մոսկվայի Մեծ թատրոնում, սակայն մերժել է այնտեղ մշտապես աշխատելու առաջարկը եւ գերադասել վերադառնալ Հայաստան: Շատ դերերգեր Ազգային օպերային թատրոնի բեմում առաջին անգամ Ա. Պետրոսյանն է կերպավորել: Նրա հայտնի դերերգերն են. Ա. Տիգրանյանի «Անուշ» եւ «Դավիթ Բեկ» օպերաներում՝ Սարոն եւ Սանթուրը, Տիրիթը՝ Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդում, Կավարադոսին՝ Պուչինիի «Տոսկայում» եւ այլն:

Նա հաջողությամբ հանդես է եկել նաեւ որպես կամերային երգիչ, հայ դասական եւ ժողովրդական երաժշտության մեկնաբան ու տարածող:

2004 թվականից Թումանյան փողոցի առաջին նրբանցքը, որը Թումանյանը կապում է Սայաթ-Նովայի փողոցի հետ, այլեւս կրում է հայ օպերային բեմի երախտավորի անունը:

Ավագ Պետրոսյանի որդին՝ ճանաչված դիրիժոր Արա Պետրոսյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ հոր ծննդյան 95-ամյակի հարցով մի քանի շաբաթ առաջ եղել է մշակույթի նախարարությունում: «Փոխնախարար Կարինե Խոդիկյանն ինձ շատ զարմացրեց՝ ասելով, որ հոբելյանը նշելու համար ուշ եմ դիմել: Զարմացա, որովհետեւ պատկան մարմիններն իրենք պետք է զբաղվեն երեւելիների հոբելյաններով, ոչ թե հարազատները: Ես բացեիբաց հայտարարում եմ՝ մշակույթի նախարարությունն այսօր մշակույթով չի զբաղվում, դրա համար էլ տեղյակ չէ, թե երախտավորներից ով՝ երբ է ծնվել: Տիկին Խոդիկյանը ինձ ճանապարհ դրեց՝ ասելով, որ 5-ով վերջացող տարեթվերը չեն նշում: Մինչդեռ, օրինակ, անցյալ տարի մեր մշակույթի արժանավոր գործիչներ Էդվարդ Միրզոյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի 85-ամյակները նշվել են… Մեր մշակույթը ծանր վիճակում է, ինչի արտահայտությունը թաշկինակի նման փոխվող «նախարարներն» են: Ինչ վերաբերում է ազգային օպերային թատրոնին, որտեղ հայրս մեծ ավանդ ունի, ստիպված եմ փաստել, որ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանին էլ թվում է, թե իրենից առաջ թատրոնը պատմություն չի ունեցել: Դրա համար օպերան դժվար թե իր նախաձեռնությամբ կազմակերպի որեւէ գործչի հոբելյանի նշումը: Ես փոխնախարարին փոխանցեցի նաեւ Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի նամակը, որտեղ նա նախարարությանն առաջարկում էր նամակով դիմել Հանրային հեռուստատեսությանը՝ հորս հոբելյանին անդրադառնալու խնդրանքով: Փոխնախարարն ասաց, որ մշակույթի նախարարությունը չի կարող ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանին նման նամակ հղել: Լա՛վ, եթե Հ1-ը մեր մշակույթի ականավոր գործիչներին չի ներկայացնում, ապա էլ ո՞ւմ մասին պիտի հաղորդում պատրաստի, մի՞թե այսօրվա աստղիկների, որոնց թիվ ու հաշիվ չկա»,- ասաց Ա. Պետրոսյանը:

Հ. Գ. Արա Պետրոսյանի անձնական խնդրանքով երեկ Հ1-ը համաձայնել էր Ավագ Պետրոսյանի մասին պատմող ֆիլմ ցուցադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել