Լրահոս
Օրվա լրահոսը

Սադոյանը Մկրտչյանի դեմ

Մարտ 21,2007 00:00

Ընդդիմության մեջ էլ «իրար փլավ չեն բաժանում»

ՀԺԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանի առաջադրումը հատկապես թիվ 12 ընտրատարածքում ամենեւին անակնկալ չէ, քանի որ նա հենց այստեղ էլ ապրում է եւ նախորդ ընտրություններում եւս առաջադրվել էր հենց այս ընտրատարածքում: Սակայն շատ զարմանալի է Արշակ Սադոյանի՝ այստեղ առաջադրումը, քանի որ նա էլ միշտ առաջադրվում էր Երեւանի Կենտրոն համայնքի ընտրատարածքում: Երեկ մենք երկուսին էլ մի քանի հարցեր ուղղեցինք այս կապակցությամբ: Վարդան Մկրտչյանին հարցրինք, թե ինչպե՞ս է պատրաստվում պայքարել Արշակ Սադոյանի դեմ. «Այնպես, ինչպես իմ մյուս մրցակիցների դեմ: Ես չեմ մրցակցելու այնպես, ինչպես մրցակցում են ռինգում, ես մտնելու եմ ազնիվ պայքարի մեջ, ներկայացնելու եմ իմ կատարած գործերը, իմ կուսակցության աշխատանքները, եւ եթե ժողովուրդը որոշի, որ ձայները մեզ է տալու, ես կփորձեմ պահպանել այդ ձայները եւ արդարացնել ընտրողների վստահությունը»:

Արշակ Սադոյանը նախ պատմեց. «Երբ քննարկումներ գնացին 41 ընտրատարածքներում մեծամասնականով ընդդիմության լիդերների առաջադրումների մասին, խոսակցություն գնաց, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները Կենտրոնում են, եւ հարց բարձրացավ՝ քանի որ ես միշտ Կենտրոնում էի դնում իմ թեկնածությունը, հիմա ո՞նց պետք է լինի, այդ տարածքում Ստեփան Դեմիրճյանն է ապրում, Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը: Ասացի՝ ես պրոբլեմ չունեմ, որեւէ խնդիր չունեմ: Հետո էլ նույնիսկ թերթերում տպագրվեց, որ ինձ առաջարկվել է 12 ընտրատարածքը: Եվ քանի որ հարցազրույցներում ասել էի, որ թեկնածությունս դնելու եմ 12 ընտրատարածքում, երբ տարա գործերս հանձնելու, այդտեղ իմացա, որ Վարդան Մկրտչյանն էլ է առաջադրվել»:

Թե ինչպես են միմյանց դեմ պայքարելու՝ Արշակ Սադոյանը չասաց, բայց ենթադրում ենք, թե իր այստեղ առաջադրվելով Արշակ Սադոյանը ինչպիսի դժվարին դրության մեջ է դրել ընտրողներին: Մանավանդ՝ այստեղ այս երկու թեկնածուներից բացի, առաջադրվել են եւս յոթ թեկնածու՝ ոչ անհայտ Վերսանդիկ Հակոբյանը՝ «Բարգավաճ Հայաստանի» կողմից, «Ազգային վերածնունդ» կուսակցությունից՝ Աշոտ Սուքիասյանը, ՕԵԿ-ից՝ Հասմիկ Բաղդասարյանը, «Հայրենիք» կուսակցությունից՝ Ժասմեն Ասրյանը եւ եւս երեք անկուսակցական թեկնածուներ՝ Աշոտ Եղիազարյանը, Սամվել Մկրտչյանը եւ Գագիկ Սարուխանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել