Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՎԻՆԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մարտ 26,2007 00:00

\"\"Կենսական (գրասենյակային) տարածքներն անցնում են ուժեղագույնին. նրան, ով իշխանություն ունի

Հանրապետական կուսակցությունը Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում տեղակայված երկհարկանի շենքը, որը գտնվում է քաղաքապետարանի հաշվեկշռում, իրենով է արել: Այդ շենքը Կոմունիստական եւ «Առաքելություն» կուսակցությունների համար ծառայում էր որպես գրասենյակ: Մեր տեղեկություններով՝ այդ նույն շենքում գրասենյակ է ունեցել նաեւ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից համամասնականով առաջադրված Վարդեւան Գրիգորյանը, ով մեծ գումարներ էր ծախսել եւ իրեն պատկանող երեք սենյակները կապիտալ վերանորոգել, իսկ երբ ԱՄՆ կատարած ճանապարհորդությունից վերադարձել է, տեսել է՝ իր սենյակներն այլեւս գոյություն չունեն:

Այդ շենքում որոշակի ներդրումներ՝ վերանորոգման աշխատանքներ էր կատարել նաեւ օրերս լուծարված «Առաքելություն» կուսակցությունը, որը երկար տարիներ զբաղեցրել է շենքի երկրորդ հարկը՝ քաղաքապետարանին պարտաճանաչորեն վճարելով պահանջված վարձերը:

Հանրապետականներն այդ շենքը ձեռք բերելուց հետո, առաջին քայլը, որ արել են՝ եղել է այն, որ շենքի կտուրից կոմունիստների դրոշն անմիջապես հանել են, չնայած նրան, որ կոմունիստները դեռեւս վերջնականապես իրենց պատկանող տարածքը չեն լքել: Այս օրերին հանրապետականները շենքում արդեն «տնավորվել» են եւ կապիտալ վերանորոգում են սկսել:

Կոմունիստական կուսակցությունը տարիներ շարունակ զբաղեցրել է երկհարկանի շենքի առաջին հարկի որոշ սենյակներ: Նշենք, որ Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավար Վարդան Ղուկասյանի տեղակալը՝ Գագիկ Մանուկյանը, կոմունիստ է ու որպեսզի իր կոմունիստ տեղակալի սիրտը շահի՝ Վ. Ղուկասյանը մի քանի տարի առաջ ավագանու նիստով Կոմկուսին ազատել էր այդ շենքի առաջին հարկը զբաղեցնելու համար վարձ տալու պարտականությունից: Ավագանու 2006-ին ընդունած որոշումներից մեկում արձանագրված է այն մասին, որ շենքում ակտիվ վերանորոգումներ կատարելու դիմաց Կոմկուսն ազատվում է վարձավճարից: Սա այն դեպքում, երբ կոմունիստները 5-6 տարվա ընթացքում որեւէ վերանորոգում այնտեղ չեն արել: Սակայն Վարդան Ղուկասյանի՝ Կոմկուսի նկատմամբ նման բարյացակամ վերաբերմունքը տեւեց այնքան, մինչեւ քաղաքապետը դարձավ հանրապետական: Ու քանի որ Հանրապետական կուսակցությունը այդ շենքի վրա աչք ուներ՝ Վ. Ղուկասյանը, առանց աչքը թարթելու եւ իր տեղակալի մասին մտածելու, շենքը զբաղեցրած բոլոր վարձակալներին դուրս է հրավիրել:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում Կոմունիստական կուսակցության անդամ Մնաց Թեւանյանը հաստատեց, որ իրենք ճամպրուկային տրամադրության մեջ են, սակայն ասաց. «Մենք բողոքելու բան չունենք, քանի որ քաղաքապետարանն այդքան տարիներ մեզանից վարձ չի վերցրել: Այդ շենքը համայնքապատկան շենք է եւ քաղաքապետարանն ինչ որ ուզի՝ կանի»: Այդուհանդերձ, ընկեր Թեւանյանը նեղսրտեց. «Չնայած որ մենք՝ կոմունիստներս, ժամանակին համայնքին հսկա շենքեր նվիրեցինք՝ երկու ռայկոմների եւ քաղկոմի շենքը»:

«Առաքելություն» կուսակցության ղեկավար Արտուշ Պապոյանի խոսքերով էլ, ճիշտ է, այս օրերին կուսակցությունը լուծարվել է, սակայն մոտ 18 տարի այդ շենքում գործունեություն է ծավալել. «Ավելին, մենք փրկել ենք այդ շենքը կործանումից, սակայն անցյալ տարվա օգոստոսին քաղաքապետարանը հրաժարվեց մեզ հետ պայմանագիրը վերակնքել՝ պատճառաբանելով, որ քաղաքապետարանը պատրաստվում է իր որոշ բաժիններ տեղափոխել այդ շենք, սակայն հանրապետական դառնալուց հետո, չգիտես ինչու, Վ. Ղուկասյանը միտքը փոխեց եւ շենքը դարձրեց հանրապետականների գրասենյակ»:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վարդեւան Գրիգորյանի գրասենյակը շենքից հանելուն, ապա Վ. Գրիգորյանը այսպես պարզաբանեց. «Ես այն ժամանակ «Առաքելություն» կուսակցության անդամ էի եւ այնտեղից հանել են ոչ թե «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին, այլ «Առաքելություն» կուսակցության անդամին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել