Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁԵՐ ԵՐԿԻՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՏԱԼՈՒ»

Մարտ 26,2007 00:00

\"\"Ասում է ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ, ԱԺ նախկին պատգամավորի դեմ մահափորձի համար ամբաստանվող Յուրի Վոլֆսոնը

Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահող՝ Սամվել Ուզունյան) մարտի 21-ին եւ 22-ին ընթացող դատական երկու նիստերը հարուստ էին ուշագրավ բացահայտումներով: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի մահափորձով ամբաստանվող Յուրի Վոլֆսոնի եւ Սիլվա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործով այժմ հետազոտվում են ապացույցները: Գլխավոր ապացույցներից մեկը 2005թ. սեպտեմբերի 16-ի Յուրի Վոլֆսոնի բնակարանի (Նոր Արեշի 32 փողոցի 24 տան) խուզարկության արձանագրությունն էր, որը կազմվել է ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության պետի տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի, ԱԱԾ 3-րդ եւ 1-ին բաժինների 9 աշխատակիցների մասնակցությամբ: Խուզարկությանը հետագայում մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ-քրեագետ Ա. Բասենցյանը: Ըստ խուզարկության (մեքենագիր) արձանագրության, Վոլֆսոնի բնակարանում հայտնաբերվում է 103 անուն զենք-զինամթերք, ատրճանակ, ԱԿՍ-74 ինքնաձիգ, ԱԿ-74 ինքնաձիգ, ականանետի փող, նռնակներ, ՄՊ-1 ռադիոկոնտակտ, «ԾցւՈ» ականանետ, հակատանկային պայթուցիչներ, իմիտացիոն փամփուշտներ, ԱԿ-74 տեսակի ինքնաձիգի անձայն կրակելու 116 հատ փամփուշտ, ՏՏ ատրճանակի, մարզական հրացանների, «Նագան» ռեւոլվերի եւ ազդանշանային փամփուշտներ: Եղել են նաեւ «պայթեցնող մեքենա», ականորսիչ, մետաղորսիչ, խզակոթ, գնդացրի եւ ինքնաձիգի պահունակ:

Վոլֆսոնը դատարանում հայտարարեց, որ «զինամթերքի ոչ արժեքավոր մասն է արձանագրությունում տեղ գտել: Չկան առգրավված խլացուցիչը, նշանառու հրացանը, հեռակառավարման սարքերը: Տանս կար 6 հատ ռեակտիվ՝ հակահետիոտն կրակաձիգ, գործարանային արտադրության»: Նա նաեւ հայտնեց, որ զենքերի ցուցակում տեղ չեն գտել դիվերսիոն պայթուցիկ սարքը, սինթետիկ պայթուցիչը, ավելին՝ 5 կգ պայթուցիչը: Ամբաստանյալն ասաց, որ իր տանը, զենքից բացի, եղել է թանկարժեք կահույք: Յու. Վոլֆսոնը հայտնեց, որ զբաղվել է անտիկ իրերի ձեռքբերմամբ, հպարտացել է դրանով եւ սիրել է հարմարավետություն: Նրա ասելով, իր բնակարանում խուզարկության ժամանակ եղել են ռուս վարպետների նկարներ, արծաթե սպասք՝ ցարական ընտանիքի կնիքով, 5 ոսկյա դրամ, եվրո, լարի, 2000 դոլար: «Քանի որ ապահովված մարդ էի, հաճախ էի գնում Վերնիսաժ, գնումներ անում»,- նշեց նա՝ ի պատասխան ԱԱԾ ներկայիս ղեկավարների, թե նա անհայրենիք «բոմժ» է: Միայն տանն առկա ոսկի որոնելու գործիքներն արժեցել են 3500 եւ 8000 դոլար: Վոլֆսոնն ասաց, թե ուներ բջջային թանկարժեք հեռախոսներ, լուսանկարչական սարքեր, համակարգիչներ: «Փոխգնդապետի հագուստը, որը նույնպես առգրավել էին տնիցս, միակը չէր»,- ասաց նա: Վոլֆսոնն ասաց, որ կորել է իր արխիվը, ուր կային նամակագրություն, Սերժ Սարգսյանի ստորագրությամբ փաստաթղթեր, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի հետ իր լուսանկարները:

«Իմ ձերբակալությունից հետո երբ բողոքեցի, Եպիսկոպոսյանն ասաց՝ դա էլ քեզ պետք չի գա: Հոգուդ փրկության մասին մտածիր»: Ամբաստանյալը հայտարարեց նաեւ, որ հանգուցյալ հոր եւ մոր նկարներն էլ էին գողացել: «Ձեր պրեզիդենտը պատասխան կտա, Կրակեմ Հրաչը դեռ պատասխան կտա»,- սպառնաց Յու. Վոլֆսոնը, ինչին դատավորը արձագանքեց. «Չեմ կարծում, թե Հրաչ Հարությունյանին նկարները պետք կգան»: «Ունեցե՞լ եք թվարկված զենքերը պահելու թույլտվություն»՝ մեղադրող Ժաննա Կոտիկյանի հարցին էլ Յու. Վոլֆսոնը պատասխանեց. «Իմ անմիջական ղեկավարությունը թույլ էր տվել ձեռք բերել, պահել, տեղափոխել տարբեր տեսակի զինամթերք: Ձեր երկրի ղեկավարությունը գիտեր այդ մասին: Ձեր ղեկավարությանը պատկանող զենք էլ կար իմ տանը: Անուններ չեմ տա: Ասեմ, որ փոխգնդապետի կոչումով 3-րդ երկրների քաղաքացիների դեմ կատարել եմ գործողություններ: Հիմա պիտի բացատրե՞մ, ինչու եմ գտնվում ձեր երկրում, ինչպես եմ վերացրել 3-րդ երկրների քաղաքացիների: Հարցին գլոբալ նայեք: Ոչ ոք ինձ քրեականացնելը հենց այնպես չի մարսելու: Իմ տանը գտնվել են զենքեր, որ միակն էին, ձեր հանրապետությունը չի ունեցել: Անցկացրեք ծառայողական քննություն, կպարզվի՝ դրանք օգտագործվե՞լ են, թե՞ ոչ»,- շարունակեց նա:

Վոլֆսոնը սպառնաց «բացահայտել շատուշատ բաներ, ինչով է զբաղվել, ում հրահանգով: Դա ձեր Հայաստանի դեմ կլինի»: Իսկ երբ մեղադրողը փորձեց ճշտել, թե որտեղից այդքան թանկարժեք իրեր, պոռթկաց Վոլֆսոնի փաստաբան Անժելա Կարապետյանը. «Ինչո՞ւ նույն հարցը Մելիք Գասպարյանին չեք տալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել