Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ օրենքը չի փոխվել

Մարտ 26,2007 00:00

\"\"Մասնագիտացման լույսն ու ստվերը

Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, Դատարանների նախագահների խորհրդի (ԴՆԽ) թիվ 97 որոշմամբ երեք տարածքային՝ Երեւանի, Շիրակի, Լոռու մարզերի առաջին ատյանի դատարանների դատավորները մասնագիտացվել են քրեական եւ քաղաքացիական գործերով: Քանի որ վերոնշյալ որոշումը ստորագրել էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, մենք նաեւ նշել էինք, որ եղել էին կարծիքներ (անգամ դատավորների), թե Մանուկյանը խախտել է գործող Սահմանադրությունը:

Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է մասնագիտացումը տարածվել երեք տարածքային դատարանների վրա եւ ոչ թե հանրապետության բոլոր առաջին ատյանների դատարանների, եւ արդյո՞ք ինքը դրանով իսկ Սահմանադրությունը չի խախտել, պատասխանեց. «Մասնագիտացումը կատարվել է Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ, «Դատարանակազմության մասին» օրենքի համաձայն էլ ԴՆԽ-ն այդ իրավունքն ուներ: Գործերի բաշխման հատուկ կարգ է սահմանվել այն դատարաններում, որտեղ դատավորների թիվը մեծ էր՝ Երեւանի, Գյումրիի, Վանաձորի: Այսօր դատարանում եւ դատական համակարգից դուրս այլ կարծիք չի առաջացել: Ես տեսնում եմ դրա պտուղները, մասնավորապես՝ քաղաքացիական գործերի որակը էապես բարելավվել է մասնագիտացումից հետո»:

«Դատական համակարգից դուրս» այլ կարծիք ուներ իրավաբան Արսեն Մանուկյանը: Ըստ նրա, «ՀՀ սահմանադրությունը եւ «Դատարանակազմության մասին» օրենքը առաջին ատյանի դատարանների դատավորների մասնագիտացում չեն նախատեսում: ՀՀ սահմանադրության 92-րդ հոդվածը խոսում է ոչ թե դատավորների մասնագիտացման, այլ մասնագիտացված դատարանների մասին, իսկ 94-րդ հոդվածի համաձայն՝ դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Միամտություն կլինի կարծել, թե «մասնագիտացված դատարաններ» արտահայտությունն օգտագործելով, Սահմանադրությունը իրավակիրառական գործունեություն իրականացնող մարմիններին լիազորել է իրականացնել առաջին ատյանի դատարանների դատավորների մասնագիտացում: Առավել եւս, երբ «Դատարանակազմության մասին» օրենքը մասնագիտացում սահմանել է միայն վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատավորների համար:

Այսպես: «Դատարանակազմության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում գործում է երկու՝ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան եւ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան, իսկ 21֊րդ հոդվածի համաձայն՝ վճռաբեկ դատարանը կազմված է քաղաքացիական պալատից եւ քրեական պալատից:

Նույն օրենքի 13-րդ հոդվածը, սահմանելով առաջին ատյանի դատարանների լիազորությունները, նման մասնագիտացում չի նախատեսել:

Սա նշանակում է, որ օրենսդիրը մասնագիտացում է սահմանել միայն վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատավորների համար, իսկ առաջին ատյանի դատարանների եւ դատավորների համար նման բան չի նախատեսել: Այլ բան է, որ կոնկրետ պաշտոնատար անձինք գտնում են, որ ներկայումս հասունացել է առաջին ատյանի դատարաններում նույնպես դատավորների մասնագիտացում մտցնելու անհրաժեշտությունը: Սակայն քանի դեռ օրենքը չի փոխվել, այն պետք է գործի»:

Կան նաեւ ԴՆԽ-ի որոշման հետ համաձայն մասնագետներ: Մասնավորապես, ըստ ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Պողոսյանի, «ԴՆԽ-ն իր թիվ 97 որոշմամբ իրականացրել է «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ կետերով իրեն վերապահված լիազորությունները, այն է՝ քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող հարցեր եւ ընդունում որոշումներ, ինչպես նաեւ մշակում եւ հաստատում է առաջին ատյանի դատարաններում գործերի բաշխման, վերաքննիչ դատարաններում դատական կազմերի եւ դրանցում նախագահող դատավորների նշանակման, դատավորների բացարկի, ինքնաբացարկի, արձակուրդի կամ հիվանդության դեպքերում դատարանի նախագահի եւ դատավորների փոխարինման կարգերը»: ԱԺ փորձագետը նշում էր. «Մի շարք դատարանների դատավորների շրջանում 97 որոշմամբ՝ քրեական եւ քաղաքացիական գործերով մասնագիտացման ներմուծմամբ, չի խաթարվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի միասնականությունը, դրանով իսկ դատարանը չի վերածվել մասնագիտացված դատարանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել