Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԻՆՔՆԱԲԱՑԱ՞ՐԿ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ

Մարտ 27,2007 00:00

Երեկ «Փակագիծ» ակումբում ասուլիսի ընթացքում Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը նույն ընտրատարածքում առաջադրված «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին առաջարկեց ինքնաբացարկ հայտարարել եւ սատարել իրեն:

Սամվել Հարությունյանը նշեց, որ 1999-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացել է Սամվել Բաբայանի աջակցությունը եւ հուսով է, որ այս անգամ էլ այդպես կլինի: Նաեւ՝ չբացառեց, թե մերժվելու դեպքում՝ ինքը կհայտարարի ինքնաբացարկ եւ կսատարի Սամվել Բաբայանին: Սամվել Հարությունյանն ընդգրկված է նաեւ «Ժառանգության» համամասնական ցուցակի 13-րդ հորիզոնականում: Նույն ընտրատարածքում առաջադրված 3-րդ թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի եղբոր մասին էլ Սամվել Հարությունյանը նշեց, թե Ալեքսանդր Սարգսյանն իր մրցակիցներին գերազանցում է նյութական ու վարչական ռեսուրսներով եւ ներկայումս արդեն գործի է դրել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Այս ասուլիսն ինքնին այդքան ուշագրավ չէր լինի, եթե չլիներ «Դաշինքի» արձագանքը: Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գնել Ղլեչյանը դրանից հետո հայտնեց «ԱրմԻնֆո»-ին, որ Սամվել Բաբայանը մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներից ստացել է առաջարկներ՝ իր թեկնածությունը հանել հօգուտ Սամվել Հարությունյանի, որն այդ դեպքում հանդես կգա որպես ընդդիմության միասնական թեկնածու: Ըստ Գնել Ղլեչյանի՝ այդ առաջարկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ 37-րդ ընտրատարածքի մանդատի համար պայքարն ընտրողների մի մասի կողմից ընկալվում է որպես Սամվել Բաբայանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի միջեւ անձնական դիմակայություն:

Գնել Ղլեչյանը նաեւ հաստատել է, թե Սամվել Հարությունյանը դիմել է Սամվել Բաբայանին՝ իր օգտին թեկնածությունը հանելու առաջարկով, սակայն առայժմ այն քննարկման առարկա չի դարձել կուսակցության քաղաքական խորհրդի նիստում, ինչն անխուսափելի է որոշում կայացնելուց առաջ: Նաեւ հաղորդել է, որ Սամվել Բաբայանը դեռեւս փաստաթղթերը գրանցման համար չի ներկայացրել թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել