Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴԻՆ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՉԵՆ ԹՈՂՆԵԼՈՒ

Ապրիլ 02,2007 00:00

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» նոր օրենքով՝ երթուղայինների վարորդները պետք է իրենց մոտ պահեն կշեռք, մետր, բուժքույր եւ լաբորատոր սարքավորումներ:

Եթե երթուղային տրանսպորտի նստարանները պատառոտված պաստառներ ունեն՝ նման տրանսպորտով փոխադրումներ իրականացնելն արգելվում է: Գծի տերերի առաջ այսպիսի արգելք է դրել այս տարվա հունվարից ուժի մեջ մտած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքը: Նկատենք, որ եթե օրենքը գործեր՝ ուղեւորները շատ դեպքերում ստիպված պետք է լինեին ոտքով տեղափոխվել եւ երթուղիները կսպասարկեին մեկ-երկու մեքենա, որովհետեւ այսօր երթուղայինի շարժակազմի մեծ մասը ջարդոտած, պատառոտված պաստառներով նստարաններ ունի: Ըստ օրենքի, չի թույլատրվում նաեւ ուղեսրահի նստելատեղերը խտացնել եւ դրանց տեղերը փոխել, մինչդեռ այսօր որոշ երթուղիներում հանդիպում են այնպիսի մեքենաներ, որտեղ շատ ուղեւոր տեղավորելու համար տեղադրված են նույնիսկ խոհանոցային փոքրիկ աթոռակներ՝ պտուտակներով ամրացված մեքենայի հատակին: Օրինակ՝ թիվ 20 երթուղին սպասարկող «Ռաֆ» մակնիշի մեքենաներից մեկի աթոռներն այնպես են վերադասավորված, որ ուղեւորների ոտքերի «ճզման» հաշվին լրացուցիչ բացվել է եւս երկու նստելատեղ, մի բան, որն օրենքով արգելվում է: Չնայած դրան՝ այս եւ այլ օրինախախտումների համար ո՛չ վարորդները, ո՛չ էլ գծի տերերը չեն պատժվում: Շարժակազմի հետ կապված նման արգելքները պետք է վերահսկի տեխզննում իրականացնող մարմինը: Նախկինում այդ գործառույթն իրականացնում էր պետավտոտեսչությունը, իսկ հիմա, կառավարության որոշմամբ՝ այն պետք է հանձնվի մասնավոր ինչ-որ ընկերության եւ գուցե այդ դեպքում մեքենաները լիարժեք տեխզննում անցնեն:

Բացի շարժակազմի տեխնիկական վիճակի մասին արգելքից, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքը երթուղայինների վարորդների առաջ այլ արգելքներ էլ է դնում: Օրինակ, ըստ օրենքի, խստիվ արգելվում է ուղեւոր վերցնել, եթե նստելատեղերն արդեն զբաղեցված են: Բոլորիս է հայտնի, որ օրենքի այս կետը խախտվում է ամեն օր, ամեն ժամ եւ ոչ ոք չի վերահսկում, որ վարորդը 100 դրամ ուղեվարձի համար ամեն քայլափոխի չկանգնի եւ մեքենան չգերծանրաբեռնի:

Ուղեւոր-վարորդ փոխհարաբերություններում հաճախ են պատահում վիճաբանություններ՝ կապված ուղեւորի բեռի հետ. շատ դեպքերում վարորդները չեն կանգնում եւ ուղեւորին չեն վերցնում միայն այն բանի համար, որ վերջինիս բեռը մեծ է: Նոր օրենքով այս խնդիրը կարգավորվում է հետեւյալ կերպ. երթուղային ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով երթեւեկող ուղեւորն իրավունք ունի ձեռք բերված 1 ուղետոմսին համապատասխան, անվճար տեղափոխել 60x40x20 սմ չափերը եւ 20 կգ-ը չգերազանցող քաշով մեկ ձեռքի ծանրոց, այդ թվում՝ փոքր կենդանիներ եւ թռչուններ: Բայց այս դեպքում էլ ստացվում է՝ վարորդն անպայման մոտը պետք է կշեռք ու մետր պահի, որպեսզի բեռ ունեցող ուղեւորին վերցնելու եւ նրա իրավունքները չոտնահարելու համար նրա ծանրոցի չափերն ու քաշը ստուգի, հակառակ դեպքում` օրենքի խախտման հավանականությունը մեծ է եւ աչքաչափով դժվար կլինի ասել՝ բեռը քսա՞ն, թե՞, ասենք, 21 կգ է:

Նկատենք, որ այս օրենքում կան սահմանումներ ու հոդվածներ, որոնք այսպես թե այնպես ենթակա են խախտման: Օրինակ՝ օրենքում ասվում է՝ «շփման միջոցով վարակ տարածող հիվանդություններ ունեցող քաղաքացիներին չի թույլատրվում օգտվել ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցներից»: Շատ հետաքրքիր է, թե վարակակիրներին ինչպե՞ս պետք է ախտորոշեն, որպեսզի նրանց թողնեն կամ չթողնեն տրանսպորտից օգտվել: Օրենքը պահպանելու համար երթուղայիններում առնվազն պիտի վարակաբաններ պահեն՝ լաբորատորիայով հանդերձ: Բացի այդ, անհասկանալի է մնում, թե վարակիչ հիվանդություն ունեցող այն ուղեւորներին, որոնք խախտել են օրենքն ու օգտվել հասարակական տրանսպորտից, ինչպե՞ս պետք է պատժեն:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքը կարգավորում է նաեւ տաքսի ծառայությունների գործունեությունը՝ սկսած որպես տաքսի շահագործվող մեքենաների տեխնիկական վիճակից մինչեւ վարորդների աշխատաժամերը, նրանց ծխելու հետ կապված արգելքները եւ այլն: Հայաստանում ուղեւորների եւ տաքսու վարորդների միջեւ հաճախ մեծ խնդիրներ են առաջանում՝ կապված ուղեգծի հետ: Հատկապես սփյուռքահայերին կամ օտարերկրացիներին սպասարկելիս տաքսու վարորդները հաճախ, օգտվելով առիթից, ուղեւորի մատնանշած հասցե գնում են զարտուղի ճանապարհներով՝ ուղեւորից գանձելով մի քանի անգամ թանկ ուղեվարձ: Մինչդեռ օրենքը սահմանում է, որ տաքսիները փոխադրումը պետք է իրականացնեն երթեւեկության համար թույլատրելի ամենակարճ ուղեգծով, եթե, իհարկե, ուղեւորն այլ ուղեգծով երթեւեկելու ցանկություն չի հայտնել: Նկատենք, որ օրենքի այս կետն էլ «գրվել է սառույցին», որովհետեւ օրինախախտ վարորդին տվյալ դեպքում վերահսկելը դժվար է. ուղեւորը կարող է այդպես էլ գլխի չընկնել՝ ո՞ր ճանապարհն է ավելի կարճ, ասենք, Մամուլի տան մոտից Բանգլադեշ գնալու համար՝ 3-րդ մասո՞վ, թե՞ ավտոկայարանով, վարորդը, անկախ օրենքի արգելքից, միեւնույն է, ինչպես իրեն ձեռնտու է՝ այդպես էլ գնալու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել