Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ ԿԱՇԱՌՔ ԲԱԺԱՆԻ՝ ԳԼՈՒԽԸ ԿՋԱՐԴԵ՞Ն

Ապրիլ 02,2007 00:00

Ապարանում նախընտրական եռուզեռ է

\"\"ՀՀԿ-ի շտաբներից մեկը գտնվում է Ապարանի քաղաքապետարանի շենքում:

\"\"Ապարանցի այս երիտասարդները Գ. Ծառուկյանի նկատմամբ ունեցած սիրուց են ԲՀԿ-ական դարձել:

 

\"\"«Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի դուռը կողպված էր:

 

\"\"ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանը բոլոր մարզերում հանդես է գալիս «բարգավաճած» պաստառներով:

 

Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված է 8 թեկնածու: Ապարան չմտած՝ հեռվից հեռու աչքի են ընկնում շենքերից մեկի ճակատին փակցված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մեծադիր նկարն ու կուսակցության ցուցանակը: ԲՀԿ-ն այս ընտրատարածքում առաջադրել է «Հայկ Արշին» շինկազմակերպության նախագահ, ձորափցի Արագած Ախոյանի թեկնածությունը: ԲՀԿ-ն Ապարանում 2 շտաբ ունի: ՀՀԿ-ն եւս այս առումով չի զիջում ԲՀԿ-ին: Բացի քաղաքապետարանում տեղակայված գրասենյակից, մյուսն էլ վարձակալել է «Հայփոստի» շենքում: Իսկ ՀՅԴ-ն այստեղ ավելի համեստ դիրքերում է. նրա շտաբը Ապարանի կենցաղի տան փոքրիկ սենյակներից մեկում է: Քաղաքում իրենց նախընտրական շտաբներն ունեն նաեւ «Դաշինքը», «Ազգային միաբանությունը», ՄԱԿ-ը, որոնց գրասենյակները մեր այցելության պահին փակ էին:

1 ձայնը՝ 5000 դրամից 100 դոլար

Երբ զրուցում էինք ապարանցիների հետ, մարդիկ նույնիսկ չգիտեին, թե ովքեր են իրենց պատգամավորության թեկնածուները եւ մեզ էին հարցնում, թե իրենք ո՞ւմ տան իրենց ձայնը: Նրանց խոսքերով՝ իրենք ձայն կտան այն թեկնածուին, ով ավելի շատ փող կտա. «Մեկ է, գալիս ընտրվում են, գնում՝ մոռանում, որեւէ օգուտ չեն տալիս, գոնե մի բան մեզ քյար մնա»: Հետաքրքրվեցինք, թե 1 ապարանցու ձայնն ինչ արժե: Ոմանք նվազագույնը 100 դոլար էին պահանջում, ոմանք էլ՝ պատրաստ էին նույնիսկ 5 հազար դրամով տվյալ թեկնածուի օգտին ձայն տալ: «Օրվա հացի կարոտ ենք, մեկից մի լավ բան չտեսանք, հույս էլ չունենք, որ գումար կտան, բայց եթե տան՝ սիրով կվերցնեմ»,- մեզ հետ զրույցում խոստովանեց Ապարանի բնակիչ Սիրանուշ Անդրեասյանը: Ապարանցի Նշան Ղազարյանն էլ պատրաստ էր 500 դոլարով ցանկացած թեկնածուի օգտին 30-50 ձայն ապահովել: Իսկ Գոհար Սարգսյանը թեկնածուների առաջ հստակ պահանջներ էր դրել. «Թող տունս վերանորոգեն, մշտական ջրով ապահովեն, այլապես ոչ ոքի ձայն չեմ տա»: Ընդհանրապես, մեզ հանդիպած բոլոր ապարանցիներն էլ այս խորհրդարանական ընտրություններից նյութական սպասելիքներ ունեին: Միայն 80-ամյա Վլադիմիր Գեղամյանն էր, որ շատ ծանր էր տանում ընտրությունները առուծախի վերածելու հանգամանքը: Նրա խոսքերով՝ «Ավելի լավ է մեր տան քրջիկն (թթու կաղամբով ճաշ- Գ. Մ.) ուտեմ, քան թե դրանց տված 5 հազար դրամը վերցնեմ: Այսքան ժամանակ ոչ մի դեպուտատ մեզ մազաչափ օգուտ չի տվել: Չեմ հավատում, ոչ էլ հույս ունեմ, որ այս ընտրություններից հետո, ինչպես խոստանում են, մեր քաղաքի վիճակը լավանալու է: Գլուխս կախում, անցնում եմ դրանց նկարների առջեւից, ոչ էլ նայում եմ: Տեսեք՝ այս քանդված փողոցները, դե թող ընտրվելուց հետո մեկնումեկը գար ու ասֆալտեր»:

Ընտրակաշառքի մասին մեզանից լսեցին

Որքան էլ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՄԱԿ-ը Ապարանը ողողել են իրենց քարոզչական պաստառներով եւ փորձում են կաշառքներով ու բարեգործություններով ապարանցիների սիրտը շահել, միեւնույն է՝ ըստ ապարանցիների, ընտրվելու ամենամեծ շանսերն ունի անկուսակցական Լյովա Խաչատրյանը: Նրան ընտրություններում սատարում են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՀՀԿ-ն: Ըստ շրջանառվող լուրերի, Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանն էլ անձամբ է գլխավորելու Լ. Խաչատրյանի նախընտրական շտաբը: Սակայն Ապարանի ՀՀԿ տարածքային գրասենյակում մեզ հայտնեցին, որ դեռ ոչ մի բան որոշված չէ եւ քարոզարշավը սկսվելուց հետո միայն պարզ կդառնա՝ հանրապետականները կսատարե՞ն անկուսակցական Լ. Խաչատրյանին, թե՞ ոչ: Երբ հարցրինք, թե գիտե՞ն, որ ապարանցիներն առանց փողի չեն պատրաստվում որեւէ մեկին ընտրել՝ գրասենյակի կոորդինատոր Գոհար Սարգսյանն ասաց. «Առաջին անգամ մենք ձեզանից ենք նման բան լսում, դա մեր կուսակցության հետ որեւէ կապ չունի»: Ավելին՝ գրասենյակում դեռ մի բան էլ վիրավորվեցին, որ իրենց նման հարց ենք տալիս. «Մենք բերենք մեր հող ու ջրի մարդկանց կաշառե՞նք: Ապարանում նման անթասիբ մարդ դեռ չի ծնվել: Ով փորձի կաշառք բաժանել՝ գլուխը կջարդենք»:

ՀՅԴ-ի նախընտրական շտաբում էլ համոզված էին, որ մինչ օրս իրենց քաղաքում կուսակցությունների կողմից որեւէ կաշառք չի բաժանվել, բայց դեռ ուշ չէ եւ, ըստ նրանց, քարոզարշավի թեժ օրերին հնարավոր է բաժանեն: Ի դեպ, ՀՅԴ տարածքային կառույցի ղեկավարն Ապարանի քաղաքապետի եղբայրն է՝ Վռամ Աբրահամյանը:

Երբ ԲՀԿ-ի շտաբներից մեկում էինք, մի քանի երիտասարդ ԲՀԿ-ականներից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են հենց այդ կուսակցությունն ընտրել, նրանց գաղափարնե՞րն են երիտասարդներին դուր եկել, թե՞ շահադիտական նպատակով են անդամագրվել: «Ես շատ սիրում եմ Գագիկ Ծառուկյանին, դրա համար էլ ողջ օրն այստեղ նստած եմ լինում, եթե նույնիսկ ակնկալիք էլ չլինի»,- մեր հարցին այսպես պատասխանեց ապարանցի մի աղջիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել