Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՅՑԵԼԵՑ «ՎԻՐԱՀԱՅԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» Հ/Կ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Ապրիլ 02,2007 00:00

\"\"Վատ է, որ մարդիկ մահանում են, ավելի վատ՝ երբ երիտասարդ հասակում: Այդպիսին էր ճակատագիրը ՀՀ վարչապետ, հարգարժան Անդրանիկ Մարգարյանի:

Նրա հուղարկավորությանը մասնակցում էր նաեւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու գլխավորած պատվիրակությունը: Ի դեպ, պետք է նշել, որ ՀՀ վարչապետի հուղարկավորությանը մասնակցող արտերկրյա պատվիրակներից ամենաբարձր պաշտոնյան Վրաստանի վարչապետն էր:

ՀՀ վարչապետի հուղարկավորության ավարտից հետո, Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին այցելեց «Վիրահայերի միասնություն» հ/կ գրասենյակ: Նրա հետ էին Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Վախթանգ Գաչեչիլաձեն, Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ջեմալ Ինաիշվիլին, խորհրդարանի «Մաժորիտարի» խմբակցության ղեկավար Բեսո Ջուղելին, վարչապետի գրասենյակի վարիչ Գեորգի Զուրաբաշվիլին, Վրաստանի խորհրդարանի հայագգի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Համլետ Մովսիսյանը, Հայկ Մելտոնյանը, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանային վարչությունների նախագահներ Արթուր Երեմյանը, Սուրեն Մոսոյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Խաչատուր Այվազյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն:

Ոչ պաշտոնական, բարեկամական հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության համանախագահներ Տաճատ Վարդապետյանը, Անդրեաս Սրաբյանը, կազմակերպության նախագահության անդամներ, ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, Հայկ Սանոսյանը: Ներկաները եւս մեկ անգամ, մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին ՀՀ վարչապետի հիշատակը:

Վրաստանի վարչապետը նշեց, որ իր համար պատիվ է հանդիպել եւ շփվել իր հայրենակիցների, իր երկրի նախկին քաղաքացիների հետ, որոնց ստեղծած կառույցը՝ «Վիրահայերի միասնություն» հ/կ֊ն, որ արդեն 5 տարի գործում է Հայաստանում, հայ-վրացական բարեկամության, միջպետական հարաբերությունների խորացմանը խթանող ամենագործուն կառույցն է:

Վարչապետ Զուրաբ Նողաիդելին հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառավարությունը հնարավորինս ամեն ինչ կանի, որպեսզի Ջավախքում եւ Վրաստանի հայաբնակ այլ շրջաններում առկա խնդիրների լուծման համար կառուցողական մոտեցումներ դրսեւորվեն:

«Վիրահայերի միասնություն» հ/կ պատվավոր նախագահն է Մոսկվայի հայ համայնքի ղեկավար, ծնունդով ջավախքցի Նորայր Թեւանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել