Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվեցին հանուն քաղաքապետի

Ապրիլ 05,2007 00:00

Այսօր գյումրեցիները հրաժեշտ կտան Վարդան Ղուկասյանի երեք թիկնապահներին

Ինչպես հայտնի է, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ ապրիլի 2-ին կատարված մահափորձի հետեւանքով զոհվեցին նրա 3 երիտասարդ թիկնապահները՝ սպորտի վարպետ, ծանրամարտիկ, 37-ամյա Հովհաննես Միրզախանյանը, եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 25-ամյա Սիսակ Վարդանյանը եւ թեքվանդոյի եվրասիական առաջնության չեմպիոն, 22-ամյա Արտյոմ Ադամյանը:

Քաղաքապետարանի աշխատակիցների ներկայացմամբ՝ նրանք, լինելով ճանաչված սպորտսմեններ, միշտ էլ մեծ շանսեր են ունեցել արտերկրում աշխատելու եւ ապրելու, սակայն բոլոր հրավերքները մերժել են:

Սիսակ Վարդանյանը քաղաքապետի նոր թիկնապահներից էր: Նա վերջերս էր եկել Ֆրանսիայից ու վերջնականապես որոշել էր Գյումրիում մնալ: Քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանի պատմելով՝ «Քաղաքապետի ընդունարանում հավաքվող բողոքավոր տատիկ-պապիկներին Սիսակն այնպես էր հիպնոսացնում, այնպիսի քաղցր լեզվով էր խոսում, որ նրանք մոռանում էին, թե ինչի համար էին քաղաքապետարան հասել»: Նա վերջերս էր ամուսնացել եւ ընտանիքի միակ տղան էր, ունի մեկ դուստր: Բարեկամների պատմելով՝ նա շատ նման է հորը:

Թիկնապահներից ամենաստաժավորը եղել է Հովհաննես Միրզախանյանը. նա քաղաքապետարանում աշխատել է հինգ տարի: Հովհաննեսը վաղ տարիքում զրկվել է մորից, կորցրել է նաեւ եղբայրներից մեկին: Իսկ մյուս եղբայրը մասնակցելով Շուշիի ազատագրմանը` կորցրել է երկու ոտքն ու մեկ ձեռքը: Հարազատների պատմելով՝ Հովհաննեսը հաշմանդամ եղբոր խնամքը ոչ մեկին չէր վստահում: Նա նույնպես ամուսնացած էր եւ ուներ երկու դպրոցահասակ տղաներ: Ապրիլի 10-ին Հովհաննեսը դառնալու էր 37 տարեկան: Թիկնապահներից ամենաերիտասարդը Արտյոմ Ադամյանն էր: Նա դեռեւս ամուսնացած չէր, ընկերների խոսքերով՝ 22 տարեկան էլ չկար, սովորում էր Ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային բաժնի 4-րդ կուրսում: «Թիկնապահների մասին միշտ այն կարծիքը կա, թե նրանք լոկ ուժի տեր են եւ անգրագետ, բայց նրանք իրոք լավ դաստիարակված էին, լավ մարդ էին եւ ամենակարեւորը՝ ոչնչով մեղավոր չէին, որ ապրում էին սանձարձակ, կարգ ու կանոն չունեցող երկրում»,- ասում էին քաղաքապետարանի աշխատակիցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել