Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵԽԵՐԸ ԼԱՎ ԵՆ ԱՊՐՈՒՄ

Ապրիլ 05,2007 00:00

Տեղի նվագախմբերի արտիստների աշխատավարձի 50%-ը վճարում է նախարարությունը, 20%-ը՝ հովանավորները, 30%-ը գոյանում է համերգներից:

Առաջին անգամ Հայաստան է ժամանել չեխ ճանաչված դիրիժոր Լեոշ Սվարովսկին: Նա ապրիլի 6-ին կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Դիրիժորն աշխատել է Փարիզի, Մյունխենի, Բոննի, Հաագայի, Լյուքսեմբուրգի, Լիսաբոնի եւ այլ նվագախմբերի հետ: Նա համագործակցում է ականավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Դ. Գերինգասը, Ի. Օյստրախը, Վ. Պիկայզենը եւ այլք, ձայնագրություններ է իրականացրել հայտնի ֆիրմաներում (Nem Millenium Records BBC, Newport Classic եւ այլն):

«Առավոտի» հետ զրույցում Լ. Սվարովսկին տեղեկացրեց, որ ընթացիկ համերգաշրջանում նախատեսված են իր հյուրախաղերը Ճապոնիայում, Հունաստանում, Կանադայում, Գերմանիայում եւ ԱՄՆ-ում: Երեւանյան համերգում առաջին անգամ հանդես կգա նաեւ դիրիժորի հայրենակիցը՝ ջութակահար, 20 միջազգային մրցույթների դափնեկիր ու դիպլոմանտ Ֆրանտիշեկ Նովոտնին:

Դիրիժորին խնդրեցինք ներկայացնել արվեստագետների կյանքը Չեխիայում եւ, եթե հնարավոր է, զուգահեռ անցկացնել Չեխոսլովակիայի ժամանակների հետ: Լ. Սվարովսկին չցանկացավ հիշել Չեխոսլովակիան, այն համարելով անցած էտապ՝ տեղեկացնելով հետեւյալը. «Մեզ մոտ երաժիշտներն այսօր գոհ են պետությունից: Երկրի ողջ տարածքում գործում են միայն 20 սիմֆոնիկ նվագախումբ, 9 օպերայի եւ բալետի թատրոն: Կարծում եմ, այս թվերից կարելի է եզրակացնել, որ Չեխիայում երաժիշտը աշխատատեղի խնդիր չունի: 2004-ին ընդգրկվելով Եվրամիություն, այլեւս ոչ մի խնդիր չունենք՝ կապված հյուրախաղերի, համերգային շրջագայությունների հետ»: Հարցին, թե չեխ երաժիշտներին բավարարո՞ւմ է իրենց աշխատավարձը եւ դրանում ի՞նչ մաս են կազմում պետության ու հովանավորների կողմից տրված գումարները, դիրիժորը պատասխանեց. «Չեխիայի մշակույթի նախարարության կողմից տրվող գումարը կազմում է նվագախմբի երաժշտի աշխատավարձի 50%-ը, 20%-ը հովանավորչական միջոցների հաշվին է, իսկ մնացած 30%-ը ստացվում է շրջագայություններից, համերգներից, CD-ների վաճառքից: Օրինակ՝ Պրահայի երաժշտական ակադեմիա ավարտած ջութակահարը, որ ընդունվում է ֆիլհարմոնիկ նվագախումբ, ամենաքիչը ստանում է 600 եվրո: Նվագախմբի կոնցերտմայստերը վարձատրվում է ավելի քան 2000 եվրո, իսկ նվագախմբի արտիստները, ըստ կարգերի, ամսական վաստակում են շուրջ 1000 եվրո»:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե չեխ դիրիժորը մինչ Հայաստան ժամանելն ինչ գիտեր մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին: Լ. Սվարովսկին ասաց, որ 2006թ. սեպտեմբերին, երբ վերջինս մասնակցում էր «Պրահայի աշուն» ամենամյա միջազգային փառատոնին ու համերգներով հանդես գալիս Չեխիայի մի քանի քաղաքներում, ինքը արտերկրում հյուրախաղերի էր: Վերադարձից հետո լսելով, որ շատ է խոսվում առաջին անգամ Չեխիա ժամանած Հայաստանի ֆիլհարմոնիկի մասին, ձայնագրությունների միջոցով է ծանոթացել հայկական կոլեկտիվին. «Միշտ բարձր կարծիքներ եմ լսել Երեւանի կոնսերվատորիայի մասին, որի շրջանավարտներն են նաեւ ֆիլհարմոնիկի արտիստները: Դա լրիվ բավական էր, որ ընդունեի ձեր երկիր գալու հրավերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել