Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍՆԵՐՍ ՉԿՈՐՑՆԵՆՔ ՈՒ ՀԱՎԱՏԱՆՔ

Ապրիլ 05,2007 00:00

\"\"Սա էր Լեհաստանին պարտվելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդի երեկվա մամուլի ասուլիսում հնչեցրած խոսքերի ենթատեքստը:

Տեղեկացնելով, որ վիրահատությունից հետո ինքն արագորեն վերականգնվում է, շոտլանդացի մասնագետը հույս հայտնեց, որ մեկ-երկու շաբաթից արդեն ի վիճակի կլինի լիարժեքորեն կատարել իր աշխատանքային պարտականությունները:

Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, խաղամակարդակը բարելավելու նպատակով ֆեդերացիան եւ մարզիչներն ամեն բան անում են: Ու որպես ապացույց, մասնավորապես, նշեց ընկերական հանդիպումներն այլ երկրների հավաքականների հետ: Բայց ավելացրեց, որ ինքն անչափ կարեւորում է երկրորդ, այսպես կոչվող, «B» թիմի համար նույնպես նմանատիպ խաղերի կազմակերպումը, որը մարզիչներին նոր խաղացողներ ի հայտ բերելու եւ ընտրելու ավելի լայն ու արդյունավեր հնարավորություններ կտա: Այդ գործընթացն սկսվել եւ շարունակվում է: Ճիշտ է, երկրի ներքին առաջնության արդեն հաստատված օրացույցը կարող է որոշակի անհարմարություններ առաջացնել, սակայն պարոն Պորտերֆիլդը չբացառեց, որ օրացուցային պլանը, հնարավոր է, որոշ փոփոխությունների ենթարկվի:

Գլխավոր մարզչի խոսքերով, լեհերի հետ վատ խաղի հիմնական պատճառն այն է, որ նոյեմբերին ավարտված ներքին առաջնությունից հետո հայաստանյան թիմերը մարզումները վերսկսել էին հունվարին, հիմնականում շեշտը դնելով ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստականության վրա: Այդ ժամանակ նրանք պաշտոնական խաղեր չէին խաղում: Նույն վիճակում էին մեր հավաքականի՝ այլ երկրների ակումբներում հանդես եկող թեկնածուները: Մինչդեռ, մրցակից թիմի ֆուտբոլիստների մեծ մասը հանդես է գալիս անհամեմատ բարձր մակարդակի ազգային առաջնություն ունեցող երկրներում ու կանոնավոր խաղում է: Այս առումով լեհերը մեր նկատմամբ առավելություն ունեին:

Մարզիչը մի փոքր դժվարացավ խաղին մասնակցած ֆուտբոլիստների մեջ, դարպասապահ Ռոման Բերեզովսկուց բացի, մի քանիսին էլ առանձնացնել. «Եթե Բերեզովսկին չլիներ, գուցե եւ ավելի մեծ հաշիվ գրանցվեր, թեեւ վատ չէին նաեւ Լեւոն Պաչաջյանը, Ռոբերտ Զեբելյանը: Մյուսները վատ ներկայացան, բայց այսօր նրանց քննադատելը տեղին չեմ համարում»:

«Առավոտի» հարցն ուղղված էր հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանին:

– Լեհաստանում մեր հավաքականի մեկնարկային կազմը համաձայնեցվե՞լ էր գլխավոր մարզչի հետ, ով հարգելի պատճառով մնացել էր Երեւանում, թե՞ դուք եւ Արմեն Գյուլբուդաղյանցն ինքնուրույն էիք որոշել՝ ում մտցնել խաղադաշտ: Եթե պատասխանը լինելու է երկրորդ տարբերակը, կցանկանայինք լսել նաեւ պարոն Պորտերֆիլդի կարծիքը:

Վ. Մինասյան- «Նախապես պայմանավ որվել էինք: Ասուլիսներից մեկում պարոն Պորտերֆիլդն ասել է, որ թիմի կազմը որոշվում է հավաքականի մարզիչների հետ քննարկումից հետո: Լավն այն է, որ մենք միշտ միակարծիք ենք լինում»:

Իան Պորտերֆիլդ- «Ցավոք, հիվանդության պատճառով հնարավորություն չունեցա հավաքականի երեւանյան մարզումներին ներկա լինել: Բայց Վարդանի եւ Արմենի հետ միշտ ամեն բան քննարկում էինք: Կարծում եմ, դա մեզ ճիշտ եզրակացությունների է հանգեցրել: Գոհ եմ նաեւ, որ Վարդանը հանդիպման ընթացքում խաղացողների ճիշտ փոփոխություններ կատարեց: Խնդիրը նաեւ այդ փոփոխությունները ճիշտ ժամանակին կատարելու մեջ է: Բայց, կրկնում եմ, Լեհաստանի հետ հանդիպումը մեզ համար լավ ժամանակ չկայացավ»:

Վերջում «Առավոտը» հետաքրքրվեց նաեւ, թե Հայաստան-Ադրբեջան հանդիպման մասին որեւէ նորություն չկա՞: Հավաքականների տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը տեղեկացրեց, որ այդ խնդրի վերջնական քննարկումը նշանակվել է ապրիլի 14-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել