Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԳԱՎԱՃՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ապրիլ 06,2007 00:00

ԲՀԿ ցուցակում ընդգրկվածները բացատրեցին, թե ինչու են այնտեղ հայտնվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի առաջին 40 հորիզոնականներում տեղ գտած պատգամավորության բոլոր թեկնածուներն էլ իրենց բուկլետներում հոգու պարտք են համարել բացատրել, թե ինչու են ընդգրկվել ԲՀԿ ցուցակում կամ ինչու են դարձել հատկապես ԲՀԿ անդամ: Եվ այդ բացատրությունների հիմնական լեյտմոտիվը Գագիկ Ծառուկյանի անձն է, նրա փառաբանումը կարմիր թելի նման անցնում է բոլորի նախընտրական բուկլետներում: Օրինակ, 37-րդ հորիզոնականը զբաղեցնող, կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Վահե Էնֆիաջյանը ծրագրային դրույթների մասին խոսելով՝ գրել է. «Դրանց գերակշիռ մասը պայմանավորված է կուսակցության նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի՝ հայորդու, անհատի եւ բարերարի՝ բոլորին վաղուց հայտնի անձնական անբասիր կերպարով, ում հատկությունները միշտ ծառայել են ի նպաստ եւ ի բարօրություն ժողովրդի»: Ի դեպ, ցուցակի ներկայացման արարողությանը ներկա էր նաեւ 36-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուբեն Գեւորգյանը, ով երեւի որոշել էր «բարգավաճների» մեջ բանաստեղծական ոգի ներարկել եւ բոլորի բուկլետների կողքին դրել էր իր բանաստեղծական գրքույկները՝ «Դատապարտված դափնիներ» վերնագրով, որի վրա հատուկ նշված էր հեղինակի իսկական անունը՝ Ծաղիկ Ռուբո:

\"\"Գագիկ Ծառուկյան (ցուցակում 1-ին տեղը). «Ես իմ թիմից շատ գոհ եմ, այո, ընտրված են այն մարդիկ, ովքեր կարող են մեր ծրագրերը իրականացնել եւ մեր ծրագրերի վրա մեծ աշխատանք են կատարել, ովքեր ժողովրդի կողմից ընդունված են եւ պատրաստ են այդ ծրագրերը իրականացնել, եւ իմ թիմը ունի քաղաքական պարտավորվածություն, պատասխանատվություն»: Խորհրդարանում ակնկալվող տեղերի մասին հարցին ի պատասխան՝ ասաց. «Ամենակարեւորը կախված է նրանից, թե մենք ինչպես կպաշտպանենք, թե մեր կուսակից ընկերները ինչպիսի քարոզարշավ կկատարեն, այն, ինչ ես մտածում եմ իմ կուսակից ընկերների հետ, եթե մենք լիարժեքորեն ներկայացնենք ժողովրդին, որ այսօր մեր ուզածն է ստեղծել բարգավաճ երկիր, որ ամեն մարդ կարողանա իր ընտանիքը բարեկեցիկ պահել, եթե ընտանիքը ամուր է, ուրեմն պետությունն էլ է ամուր: Եթե մենք կարողանանք այդ բոլորը ներկայացնել հանրությանը, ժողովրդին, ուրեմն, ինձ թվում է, ամեն ինչ շատ լավ կլինի, եւ մենք կկարողանանք մեր ծրագրերը իրականացնել»:

\"\"Գուժ Մանուկյան (ցուցակում 38-րդը). «Հանդիսատեսը եւ ժողովուրդը ինքը կհասկանա, թե ինչու այս տարիքում ես ընտրեցի ԲՀԿ-ն, այսինքն, երեք բառով որ ասեմ՝ ընտրեցի հավատը, հույսը եւ վստահությունը այն ծրագրերի իրականացման ոլորտում, որը իր առաջ դրել է այս կուսակցությունը. եթե առիթը ներկայանա, կարող եմ իմ փոքրիկ ձայնը միացնել իմ կուսակից ընկերների հզոր ձայնին»:

 

Վահե Հովհաննիսյան (19-րդ). Հարցրինք՝ ճի՞շտ է, որ ինքը ԲՀԿ-ի ցուցակում է ներդրված նախագահականի հրահանգով: «Հրահանգը մի քիչ կոռեկտ ձեւակերպում չէ»: Այսինքն՝ նախագահականի թեկնածուներից մեկը ինքը չէ՞: «Այնքանով, որքանով մինչեւ փետրվարի կեսերը աշխատել եմ նախագահականում»,- եղավ պատասխանը:

\"\"Վարդան Վարդանյան (5-րդ, ԲՀԿ նախընտրական շտաբի պետ). «Քարոզարշավի առաջին օրը՝ ապրիլի 8-ին, նախատեսված է այց Սուրբ Էջմիածին, Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ: Կազմակերպչական բոլոր աշխատանքներն ավարտված են, մնում է ժողովրդին ներկայացնել մեր ծրագրերը եւ գաղափարները»:

 

 

\"\"Էռնեստ Սողոմոնյան (13-րդ). «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ հնչակը դարձավ «Բարգավաճ», պատասխանեց. «Հնչակյան կուսակցության ծրագրային հիմնադրույթները շատ համահունչ են ԲՀԿ-ի ծրագրային հիմնադրույթներին, ինձ հոգեհարազատ է, իսկ քաղաքագիտական առումով, քանի որ կենտրոնամետ եւ լիբերալ կուսակցություն է «Բարգավաճ»-ը, հնարավոր է աջից ավելի լիբերալ ուժի հետ գնա, ձախից ավելի ձախ ուժի հետ գնա»։ Հարցրինք նաեւ, թե ինչո՞ւ չի պատասխանում հնչակյան կուսակցության կողմից իրեն վերագրված բավականին լուրջ մեղադրանքներին, ասաց. «Իմ առաջ կին է, ես կնոջ հետ սովոր չեմ վիճաբանել, կնոջը հարկավոր է միայն սիրել»:

Ավետ Ադոնց (15-րդ). Ներկայացրեց Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը ըստ ԲՀԿ-ի ծրագրի. «ԼՂՀ անկախությունը այլընտրանք չունի, ԲՀԿ-ն հետամուտ է լինելու ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է կառուցվի ԼՂ-ի փաստացի գոյության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա: Մեզ համար ընդունելի է ԼՂ հակամարտության այնպիսի կարգավորումը, որի բանակցային գործընթացում անմիջական մասնակից կլինի նաեւ ԼՂՀ-ն, իսկ կարգավիճակի հարցում կբացառվի որեւէ լուծում՝ առանց Արցախի ժողովրդի համաձայնության: ԲՀԿ-ն աջակցելու է ԼՂ-ի անվտանգության ապահովմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ իրագործվող բարեփոխումների գործընթացին»:

Հ. Գ. Միջոցառման ավարտին Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում խորհուրդ տվեց՝ եթե մենք ուզում ենք մեր մասնագիտական ոլորտում բարձրանալ եւ կյանքում հաջողությունների հասնել, ապա պետք է շատ կարդանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել