Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադուլ՝ ՀԴՄ-ների դեմ

Ապրիլ 06,2007 00:00

\"\"Տոնավաճառներում բողոքի մեծ ալիք է բարձրացել

Երեկ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել եւ չէին բացել իրենց տաղավարները: Նրանք կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ հարկայինի: Հիշեցնենք, որ Հարկային պետական ծառայությունը մտադիր է տոնավաճառում գործունեություն իրականացնողներին բերել հարկային դաշտ եւ նրանց կրպակներում ՀԴՄ-ներ տեղադրել:

«Հրազդան» տոնավաճառի առեւտրականների ներկայացմամբ՝ «Առանց այդ էլ միայն տեղի համար տոնավաճառի սեփականատիրոջը հսկայական վարձեր ենք տալիս: Առաջ վարձը $400 էր, վերջերս էլ դարձրին $500, վարձը վերցնելիս $1-ը հաշվարկում են 450 դրամով, այսինքն՝ ամսական վարձավճարը կազմում է մոտ $650: Անգամ զուգարան մտնելու համար փող են ուզում, ամեն քայլափոխի բաժանում ենք: Մենք չենք կարող համ տոնավաճառի տիրոջը մուծվել, համ էլ առանձին հարկ վճարել: Էդ մենք ինչքա՞ն գումար ենք աշխատում, որ տարբեր տեղերով այն ցրենք, մենք էդքան առեւտուր էլ չենք անում, բա մեր եկամուտը ո՞րն է լինելու»:

Ցուցարարներից մեկի խոսքերով էլ՝ «Մենք հարկային դաշտ կմտնենք միայն այն ժամանակ, եթե վարձավճարներն էլ համապատասխան չափով իջնեն. պիտի վճարենք 50 հազար դրամ՝ թող հենց այդքան էլ տոնավաճառի տերը վարձը իջեցնի, թե չէ մենք կսնանկանանք»:

Մինչեւ գործադուլ հայտարարելը տոնավաճառի աշխատակիցները հանդիպել են տոնավաճառի տիրոջը՝ Աշոտ Աղաբաբյանին, նա չի համաձայնել վարձն իջեցնել՝ ասելով. «Իմ պայմանը դա է, ուզում եք՝ հարմարվեք, չեք ուզում՝ գնացեք ուր ուզում եք»: Ա. Աղաբաբյանի նման արհամարհական վերաբերմունքից հետո են միայն վաճառականները որոշել կառավարության շենքի մոտ ցույց անել եւ այնքան ժամանակ չաշխատել, մինչեւ իրենց բողոքը տեղ հասնի:

Երեկ կառավարությունից 6 գործադուլավորի ընդունել են եւ հարկայինի մասով առաջարկել իրենց բողոքը գրավոր շարադրել, որից հետո իրենք խնդրով կզբաղվեն: Ինչ վերաբերում է տոնավաճառի առեւտրականների այն դժգոհությանը, որ վարձավճարները բարձր են, կառավարությունից պատասխանել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի որ տոնավաճառը մասնավոր սեփականություն է եւ սեփականատերն է որոշում, թե իրեն որքան գումար պիտի մուծվի:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները ցույց են անում: Նախորդ ցույցը հենց բարձր վարձավճարների համար էր: Երեկվա ցույցի ժամանակ երբ մենք այցելեցինք տոնավաճառ, այնտեղ բաց էր միայն մեկ տաղավար: Մենք կրպակի առեւտրականից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ նա էլ չէր միացել բողոքին: Վաճառականի խոսքերով՝ «Ես կարողանում եմ պահանջվող գումարները վճարել, ի՞նչ ունեմ բողոքելու: Բացի այդ, սա արդեն 5-րդ գործադուլն է, բողոքում-բողոքում են, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվում, էլի հարմարվում են ու աշխատում»:

«Առավոտը» «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցների հայտարարած գործադուլի առնչությամբ պարզաբանումներ խնդրեց տոնավաճառի տնօրինությունից: Սակայն գործադիր տնօրեն Գագիկ Ժամհարյանը չցանկացավ մեր հարցերին պատասխանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել