Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՐՁԱԿ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀԿ-ԻՆ

Ապրիլ 12,2007 00:00

«Տարիները ցույց տվեցին, որ վերջում պատասխան տվողը մենք ենք լինում, եւ այսօր էլ չենք խուսափում պատասխանատվությունից եւ չենք խուսափում նաեւ այն բեռից, որը պիտի տանենք»,- երեկ այս նախաբանից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ եթե նախկինում ասում էին, թե ԱԺ ընտրություններում ձգտելու են պահել ներկայիս մանդատների քանակն ու հնարավորության դեպքում՝ մի փոքր ավելացնել, ապա այժմ ինքն ասում է. «Մենք ավելի մեծ պատասխանատվության բեռ պետք է վերցնենք: Այսօր պիտի խոսենք բացարձակ մեծամասնության մասին:

Եվ դա ոչ միայն մեր համոզմունքն է, այլեւ հասարակության, առավել եւս՝ քաղաքական դաշտի»: Հավելեց, թե ստեղծված աշխատատեղերը, տնտեսական աճը եւ մնացած ձեռքբերումները կուսակցությունները վերագրում են իրենց, եւ ստացվում է, որ թերությունների պատասխանատուն միայն ՀՀԿ-ն է: «Առավոտի» հարցին՝ ՀՀԿ-ն դժգո՞հ է քարոզարշավում իր դաշնակիցների՝ ՀՅԴ-ի եւ ՄԱԿ-ի պահվածքից, որ խուսափում են ամբողջական պատասխանատվությունից, Գալուստ Սահակյանն անմիջապես առարկեց. «Ո՛չ: Իմ ասածը մեղադրանքներ չեն, ես ընդամենն արձանագրում եմ այն, ինչ որ կա: Ու նաեւ շատ բնական եմ համարում՝ քարոզչության ժամանակահատվածում չափավոր պոպուլիզմը գնահատելի է, որը չունի Հանրապետականը: Միշտ կաղում ենք այդտեղ: Բայց երբեք նեղացած չենք մեր ընկերներից: Վերջին հաշվով՝ ավելի լավ է, որ յուրայինները կառուցողական քննադատեն: Մենք ինքներս էլ ենք նույն ճանապարհով մեզ քննադատում»: Գալուստ Սահակյանը ճշտեց, թե բացարձակ մեծամասնության մասին խոսելը «երբեք չի նշանակում, որ ՀՀԿ-ն համագործակցության ճանապարհով չի գնա» եւ ցանկանում է Հայաստանում ներդնել միակուսակցական կառավարում: Ընդհակառակը՝ նույնիսկ բացարձակ մեծամասնություն ունենալու պարագայում, ըստ նրա՝ «կառավարությունն էլի կկազմենք նույն սկզբունքներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել