Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒԴՈՒԿԻ ԱՐՁԱՆԸ ԴԵՌ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՉԷ

Ապրիլ 13,2007 00:00

Վանաձորի քաղաքապետարանը երեւի դուդուկից եւ երաժշտությունից ոչինչ չի հասկանում, քանի որ ապրիլի 10-ին խանգարել է նախադեպը չունեցող դուդուկի արձանի տեղադրմանը Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում:

Վանաձորցի հայտնի դուդուկահար Արտավազդ Տեր-Հովհաննիսյանի մահվան տարելիցի կապակցությամբ ապրիլի 10-ին պետք է տեղի ունենար հայտնի քանդակագործ Համլետ Մատինյանի քանդակած դուդուկի արձանի հանդիսավոր բացումը: Ի դեպ, արձանը քաղաքին է տրվելու որպես նվիրատվություն, այնպես, ինչպես քաղաքի տարբեր անկյուններում տեղադրված քանդակագործի բազմաթիվ գործեր: Սակայն քաղաքապետ Սամվել Դարբինյանը վերջին պահին արգելել է արձանի բացումը: Ըստ որոշ տեղեկությունների, քաղաքապետին նման հրահանգ է տվել ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Թերեւս այս արգելքի պատճառն այն է, որ արձանի ստեղծման, տեղադրման գաղափարը ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանինն է, ով նաեւ հովանավորել է «Դուդուկի կախարդանքը» գրքի տպագրությանը, որը եւս նվիրված է մեծ դուդուկահարի հիշատակին: Նույն օրը Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերությունը ցուցադրել է այն տեսարանը, երբ փոխգնդապետի համազգեստով երկու ոստիկաններ արգելել են արձանի տեղադրումը եւ ամբողջական մոնտաժումը, բացատրություններ չեն տրվել, ասվել է միայն, որ քաղաքապետարանն է արգելում: «Լոռի» հեռուստաընկերությամբ հարցազրույց է տվել նաեւ Արտավազդ Տեր-Հովհաննիսյանի այրին՝ տիկին Թամարան, եւ իր զայրույթն է հայտնել տեղական իշխանությունների նկատմամբ, ովքեր չպատճառաբանված կերպով արգելում են իր ամուսնու մահվան տարելիցի օրը նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու այդ ձեւը: Նաեւ շնորհակալություն է հայտնել Վիկտոր Դալլաքյանին՝ իր ամուսնու հիշատակի գիրքը հովանավորելու եւ արձանի համար: Խնդրել է նաեւ այս ամենը չքաղաքականացնել, քանի որ ինքը շատ է ուզում այդ արձանը քաղաքում կանգնեցվի հատկապես ամուսնու մահվան տարելիցի օրը: Ի դեպ, աշխարհի որեւէ երկրում դուդուկի արձան գոյություն չունի, եւ եթե Վանաձորի քաղաքապետը խոհեմ գտնվի, Վանաձորը այդ արձանով կդասվի բացառիկ քաղաքների շարքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել