Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետականի» տոմս հեշտ չեն տալիս

Ապրիլ 13,2007 00:00

Երեկ հայտարարեց ՀՀԿ երիտասարդական թեւի Երեւանի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը:

Երեկ «Փալմիրա» խանութ-սրճարանում տեղի ունեցավ Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի Երեւանի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի ասուլիսը: Այն կազմակերպել էր «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների» հայկական կենտրոնը՝ «Ռուսկոյե ռադիոյով» եթեր հեռարձակվող «Քաղաքական ռեմիքս» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ամեն հինգշաբթի հնարավորություն կտա կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներին իրենց ծրագրերն ու դիտարկումներն արտահայտել երիտասարդների հիմնախնդիրների մասին: Մյուս շաբաթ խոսքը կտրվի «Այլընտրանքի» երիտասարդական թեւին: Իսկ երեկ Հանրապետականի երիտասարդ ներկայացուցիչը ետ չմնաց իր մյուս կուսակիցներից՝ քարոզելով Գարեգին Նժդեհի գաղափարները: «Եթե ուզում ես գուշակել ազգիդ ապագան՝ նայիր երիտասարդությանը»,- Նժդեհից մեջբերեց Ա. Գեւորգյանը:

Նա, օգտվելով առիթից, ներկայացրեց նաեւ իրենց կուսակցության ծրագրերը: Լրագրողները փորձեցին Ա. Գեւորգյանից պարզել, արդյոք հե՞շտ է դառնալ հանրապետական, եւ եղե՞լ են դեպքեր, երբ կասեցվել է որեւէ անդամի գործունեությունը: «Միանգամից ոչ ոքի կուսակցական տոմս չենք հրամցնում: Նախ պիտի հատուկ փորձաշրջան անցնեն: Եղել են նաեւ այնպիսի դեպքեր, երբ որոշ դրդապատճառներից ելնելով՝ կասեցրել ենք այս կամ այն անդամի գործունեությունը»,- նշեց Ա. Գեւորգյանը: Նա վստահաբար ասաց, թե այն կուսակցությունները, որոնք չունեն երիտասարդական թեւեր, ժամանակավոր բնույթ են կրում: Իսկ իրենք արդեն 16 տարի գործում են, եւ կուսակցության համամասնական ցուցակում 15 երիտասարդ անդամ է ընդգրկված:

Ա. Գեւորգյանը նաեւ հավատացրեց, թե իրենց ավագ գործընկերները կրտսերների կարծիքը հաշվի են առնում, նույնիսկ երիտասարդների առաջարկությամբ որոշումներ ընդունում: «Այդպիսի օրինակ է «Սպառազինության մասին» օրենքը»,- նշեց Հանրապետականի երիտասարդ ներկայացուցիչը: Ներկայումս շատ են կարծիքները, թե երիտասարդ կուսակցականներն իրենց քաղաքական գործունեությունը սկսում են բուհից՝ դառնալով ուսանողական խորհրդի անդամ, հետո նախագահ… «Ուսանողական խորհրդի անդամը քաղաքացի է եւ ցանկացած կուսակցության անդամ լինելու իրավունք ունի: Բայց դա չի նշանակում, որ ուսխորհուրդն իրականացնում է տվյալ կուսակցության քարոզչությունը»,- նշեց Ա. Գեւորգյանը: Երիտասարդ հանրապետականները, պարզվում է, ավագ կուսակիցներից հանդուրժող են: «Մյուս կուսակցությունների երիտասարդական թեւերին չարժե թշնամաբար նայել: Նույնիսկ ընկերություն է պետք անել»,- կարծում է Ա. Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել