Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալի զոհը

Ապրիլ 16,2007 00:00

\"\"Ըստ դատապարտյալի, գեներալ Սեմյոն Հակոբյանը իրեն բանտ է ուղարկել՝ աշխատանքի դիմաց չվճարելու նպատակով

Ունեմ երեք երեխա: Աղջիկս սովորում է Պետհամալսարանի երրորդ կուրսում, տղաս ծառայում է բանակում, իսկ անչափահաս տղաս վեցերորդ դասարանում է: Ինքս երկրորդ կարգի հաշմանդամ եմ: Աբովյանի երկրապահների միությունից ունեմ շնորհակալագիր՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար: Բնակվում էի վարձով, ընտանիքս գտնվում է սոցիալական շատ ծանր վիճակում:

Ինձ դատապարտել են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ Քրեական օրենսգրքի 312 հոդվածի 3-րդ մասի 1 կետով՝ խարդախության համար, ազատազրկելով 3 տարի: Դիմել եմ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան, որը 312 հոդվածը փոխեց 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, պատժի չափը թողնելով նույնը: Գտնում եմ, որ ինձ դատապարտելու պատճառները անհիմն են եւ անօրինական: Քանաքեռ-Զեյթուն համայնքների ներքին գործերի բաժնի կողմից կատարվել են օրենքի ահավոր խախտումներ թե՛ իմ, թե՛ ընտանիքիս նկատմամբ, չեն քննվել իմ կողմից ներկայացված վկաները, քննությունը կատարվել է ճնշման տակ, որպեսզի գեներալ Սեմյոն Հակոբյանը խուսափի վճարումից այն աշխատանքի համար, որը կատարվել է իմ ծախսերով՝ իրեն պատկանող ամառանոցի համար:

Տեղեկացնեմ, որ գեներալ Ս. Հակոբյանի ամառանոցի համար իմ ծախսերով քանդվել է 4200 մ երկարությամբ 70×70-ի վրա ջրագիծ, որի համար նա խոստացել էր ինձ վճարել աշխատանքի ընթացքում եւ գործը ամբողջությամբ ավարտելուց հետո, բայց կատարվեց հակառակը. վճարելու փոխարեն ինձ ուղարկեց բանտ: Գեներալի կողմից չարաշահվել է իր զինվորական պաշտոնը եւ աստիճանը. ինձ դատապարտելու համար ՆԳ բաժնի միջոցով կարողացել են քաղաքացիական գործը վերափոխել քրեականի եւ ինձ դիտավորյալ դատապարտել երեք տարի ժամկետով, որպեսզի գեներալ Ս. Հակոբյանը ունենա հնարավորություն՝ չվճարել ինձ ծանր աշխատանքի համար, որը կատարվել է ամբողջությամբ իմ ծախսերով: Այս բոլորն անտեսվեց դատական բոլոր ատյաններում, որովհետեւ Ս. Հակոբյանը գեներալ է, իսկ ես՝ սովորական քաղաքացի: Իմ նկատմամբ կիրառել են «ուժեղի մոտ թույլն է մեղավոր» հոդվածը եւ ինձ դատապարտել են, որպեսզի ես զրկվեմ ճիշտը ապացուցելու եւ մեղավորին ի հայտ բերելու հնարավորությունից:

Խնդրում եմ ձեր աջակցությունը՝ հայտնի դարձնելու այն բոլոր անօրինականությունները, որ կատարվել են իմ նկատմամբ, որպեսզի մեր ժողովուրդը իմանա, թե ինչպես են մեր պետությունում ոտնահարվում մարդու իրավունքները, որը նախատեսված է Սահմանադրությամբ՝ սովորական քաղաքացու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել