Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը միավորված է»

Ապրիլ 26,2007 00:00

Ընտրազանգվածին հուսախաբ չանելու համար այսպես է ներկայացնում ՆԺԿ առաջնորդը

Օրերս քարոզարշավի նպատակով Վանաձոր էր այցելել «Նոր ժամանակներ» կուսակցությունը: Կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը իր նախընտրական ծրագրերի մասին խոսեց Վանաձորի Արցախ պուրակում, որտեղ նրան լսելու էին եկել հիմնականում ՆԺԿ-ի համակիրները: Նշենք, որ «Նոր ժամանակների» այցելությունից ընդամենը 2 ժամ առաջ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Վանաձոր էր ժամանել նաեւ Հանրապետական կուսակցությունը: Վանաձորցիների պատմելով, հանրապետականների հետ հանդիպումից հետո որոշ ՀՀԿ-ականներ փորձել են հավաքված բազմությանը ցրել՝ ասելով, որ Արամ Կարապետյանը փոշմանել է եւ չի գալու: Սակայն այդ ամենը նկատել են ՆԺԿ-ի կողմնակիցները եւ ժողովրդին հայտարարել, որ պարոն Կարապետյանը կգա:

Ըստ Արամ Կարապետյանի՝ իրենք արմատական ընդդիմություն են եւ իրենց գլխավոր նպատակներից մեկն այն է, որ «Ղարաբաղյան կլանը հեռացնեն մեր երկրից: Չկարծեք, թե ես խտրականություն եմ դնում երեւանցու, լոռեցու, ապարանցու կամ ղարաբաղցու միջեւ: Ես դա ասում եմ, քանի որ իշխանությունների մեծամասնությունը ղարաբաղցի է»: Ա. Կարապետյանը կոնկրետ անուններ չտվեց, միայն ասաց, որ մայիսի 7-ից հետո, իրեն հատկացված 10 րոպեանոց հեռուստաեթերում մի շարք փաստեր կներկայացնի եւ կխոսի ոչ միայն նախարարների, այլեւ օլիգարխների կատարած «հանցագործությունների մասին»: Պարոն Կարապետյանը վանաձորցիներին կոչ արեց պարզել, թե Սերժ Սարգսյանին որտեղի՞ց այդքան գումար. «Մի՞թե Ղարաբաղում եք այդքան կապիտալ ստեղծել: Եթե կարծում եք միակ տղամարդը դուք եք այս երկրում՝ սխալվում եք»: Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործունեությանը, ՆԺԿ-ի առաջնորդն ասաց. «Հանցագործներին ձերբակալելու փոխարեն նա կամ ծառ է տնկում, կամ շուրջպար է բռնում»:

Ըստ նրա, բոլոր ընդդիմադիր ուժերն էլ միավորված են. «Ուղղակի դուք դա չեք նկատում, դրանք տակտիկական քայլեր են»: Վանաձորում Ա. Կարապետյանին միացավ այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական Վիկտոր Դալլաքյանը: Պարոն Դալլաքյանի խոսքերով. «Միջին կենսաթոշակը 10-12 հազար դրամ է, նվազագույն սպառողական զամբյուղը՝ 30 հազար, մեր երկրի բնակչության 60 տոկոսը հիվանդ է եւ գումար չունենալու պատճառով չի կարողանում բուժվել: Այսպես հնարավո՞ր է ապրել: Վարչապետը ձեզանից է գողանում, ժողովո՛ւրդ, միայն բենզինի ներկրումից՝ տարեկան $55 միլիոն, ցորենից՝ $120 միլիոն եկամուտ ունի, տե՛ր կանգնեք ձեր ունեցվածքին»: Պարոն Կարապետյանին էլ վրդովեցնում էր այն, որ Ս. Սարգսյանը մի քանի պաշտոն է զբաղեցնում. «Մի՞թե մեր երկրում էլ տղամարդ չկա, որ սաղ պաշտոնները նա է զբաղեցնում»:

Հ. Գ. Անդրադառնալով մեր նախորդ հրապարակմանը՝ Վիկտոր Դալլաքյանը հավաստիացրեց, որ չի խոստացել ընտանյոք հանդերձ ձայնը տալ ՆԺԿ-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել