Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները՝ ընդդեմ բուհերի

Ապրիլ 26,2007 00:00

Մարդու իրավունքների պաշտպանը իրավախախտում է հայտնաբերել

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, սկսվեց կրթության եւ գիտության նախարարության, Տնտեսագիտական, Ճարտարագիտական եւ Բժշկական համալսարանների դեմ այդ բուհերի գերազանցիկ առաջադիմությամբ ուսանողներ Դավիթ Նիկողոսյանի, Խաչատուր Արշակյանի, Լուսինե Ղեւոնդյանի հայցի քննությունը: Հայցվոր կողմը ներկայացնում էին փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ ուսանող Խաչատուր Արշակյանի հայրը՝ Միսակ Արշակյանը: Տնտեսագիտական համալսարանից դատական նիստին ներկայացել էին իրավախորհրդատու Արուսյակ Առաքելյանը, պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանը, Բժշկական համալսարանից՝ իրավախորհրդատու Մելիք Սողոմոնյանը եւ Ճարտարագիտականից՝ Նվարդ Այվազյանը: Կրթության եւ գիտության նախարարությունը՝ պատշաճ ծանուցված լինելով, ոչ միայն չէր ապահովել իր ներկայացուցչին դատարան, այլեւ չէր ուղարկել իր առարկությունները հայցի կապակցությամբ, ինչը, սակայն, չխանգարեց դատական նիստը սկսելուն: Պատասխանողներն առարկեցին տեսաձայնագրմանը, ասելով. «Չարժե շոուի մակարդակի վերածել նիստը»: Իսկ «Առավոտի» հրապարակային լուսանկարահանման կապակցությամբ բացահայտ առարկություն չեղավ: Ըստ հայցվոր ուսանողների, իրենց նկատմամբ 2005-06 ուստարվա քննությունների արդյունքներով չի կիրառվել «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ուսանողի կարգավիճակի փոխատեղման (ռոտացիայի) դրույթը: Ըստ վերոնշյալ օրենքի, ուսման վճարի փոխհատուցում՝ նպաստի ձեւով, տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սոցիալապես անապահով ուսանողներին՝ ՀՀ կառավարության հաստատած տեղերի քանակին եւ կարգին համապատասխան: Վերոնշյալ օրենքը ուժի մեջ է մտել 2005թ. մարտի 2-ից, իսկ ուսանողական նպաստներ տալու մասին կարգը հաստատվել է 2006-ի դեկտեմբերի 10-ին: Մինչ դատարան դիմելը, ուսանողները դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, որը «քննարկման արդյունքում բացահայտել է ուսանողների իրավունքների խախտում», ըստ այդմ որոշում է կայացրել «մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու, անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկ ներկայացնելու մասին»:

Կրթության եւ գիտության նախարարը օմբուդսմենին տեղեկացրել էր, որ փոխատեղման մասին կարգը սահմանվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին, որը, սակայն, երեկ դատարանում պարզվեց, հաստատվել է 2005թ. դեկտեմբերի 29-ին: Այսինքն՝ 2005-06 ուստարին սկսվելուց հետո, ինչը, ըստ ուսանողների ներկայացուցիչների, հնարավորություն է տվել առաջին քննաշրջանը սկսվելուց օրեր առաջ ապահովել վիճարկվող օրենքի պահանջը, սակայն 2005-06 ուստարվա արդյունքներով ռոտացիայի սկզբունքի կիրառման հարցը անորոշ է եղել եւ այն միանշանակ չի կիրառվել բուհերի ղեկավարների համար: Այս երեւույթը, օմբուդսմենի գնահատմամբ՝ «ավելի է խճճվել ՀՀ ԿԳ նախարարության ոչ հետեւողական գործողությունների արդյունքում»: Դատական նիստի ժամանակ տեղեկացանք, որ 2005թ. բուհեր ընդունված ուսանողների եւ բուհերի միջեւ կնքվել են պայմանագրեր, ուր ուսանողի կարգավիճակի փոխատեղման սկզբունքի կիրառման մասին ոչինչ չի նշվել: Մինչդեռ, ըստ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքի, բուհը ուսանողի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է բուհի ընդունելության հայտարարության հետ եւ նախապես տրամադրվում է դիմորդներին: Երեկ կողմերին հաշտության հնարավորություն տրվեց: Հայցվորները համաձայն են հաշտվելու, եթե գերազանց սովորող ուսանողները տեղափոխվեն վճարովիից անվճար համակարգ: Մինչդեռ, ըստ Ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր պարոն Հովհաննիսյանի, իրենց բուհում սովորող 184 ուսանողի նկատմամբ կիրառվում է այլ բան, իսկ մեկի նկատմամբ հակառակը կիրառել անհնարին է: Նա առաջարկում էր ուսանողի նկատմամբ կիրառել առավելագույն՝ 80% զեղչ, իսկ քննությունները հանձնելուց հետո՝ տեղափոխվի անվճար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել