Լրահոս
Օրվա լրահոսը

Ով կբարեկարգի՝ նրան էլ ձայն կտանք

Ապրիլ 30,2007 00:00

\"\"ՀՀ քաղաքացիներն աշխատում են այս նախընտրական շրջանից հնարավորինս օգուտ քաղել

Հյուսիսային պողոտայի հարեւանությամբ գտնվող Տերյան 3 եւ Տերյան 3ա «էլիտար» շենքերի բակը ծածկված է հսկայական ջրափոսերով: Բնակիչները որքան էլ խնդրի մասին բողոքում են թաղային իշխանություններին, վերջիններս չեն արձագանքում՝ ասելով, որ «այդ շենքերը դեռ հաշվառված չեն համայնքի հաշվեկշռում, ինչի համար մենք ոչինչ անել չենք կարող»: Բնակիչների խոսքերով՝ «Բա որ հաշվառված չեն, ինչո՞ւ է թաղապետարանը մեզանից գույքահարկ վերցնում»:

Շենքի հետնամասում «էլիտարի» բնակիչների ստորգետնյա ավտոտնակներն են, որոնցից հնարավոր չէ օգտվել. ավտոտնակները ցեխաջրերից գոյացած լճի մեջ թաղված են: Ջուրն աստիճանաբար ներծծվում է շենքի հիմքը ու «էլիտարը» դարձնում վթարային: «Շատ հեշտ կարելի է ձուկ բազմացնել»,- կատակով ասաց Տերյան 3ա շենքի բնակիչ Ադամ Փափազյանը: Բնակիչների միակ հույսը պատգամավորության թեկնածուների աջակցությունն է: Բնակիչ Ադամ Փափազյանի խոսքերով. «Ով ուզում է լինի՝ «Բարգավաճ Հայաստանը», «Հանրապետականը», թե մեկ ուրիշ կուսակցություն, մեզ համար միեւնույն է, ով շուտ հասցնի մեր բակը բարեկարգել՝ նրան էլ կընտրենք, խոստանում ենք: Քիչ չենք, երկու շենքով 100 տուն կանք»:

Էրեբունի համայնքի 209 շենքի բնակիչները նույնպես իրենց բակային խնդիրների համար հույսները կապել են միայն ու միայն կուսակցությունների հետ: Այդ շենքի բակը ջրի ու ցեխի մեջ կորած է, ցեխաջրերը մուտքերն են լցվում, շենքի կոյուղին անընդհատ խցանվում է եւ մի քանի օրը մեկ դուրս է գալիս, լցվում տները: «Ով գա կոյուղին ու բակը նորոգի՝ նրան էլ կընտրենք»,- կուսակցություններին թասիբի գցեց 209-րդ շենքի բնակիչ Ժաննա Հայրապետյանը: Մեկ այլ բնակչի՝ Արմեն Սարգսյանի խոսքերով էլ՝ շենքի հարեւանությամբ գտնվող թիվ 120 դպրոցի երեխաների տունդարձի միակ ճանապարհը իրենց շենքի բակն է: Հաշվի առնելով, որ այդ դպրոցը նույնպես ընտրատեղամաս է՝ բնակիչները հույս ունեն, որ ընտրությունների նախաշեմին գոնե թեկնածուներից մեկը տարածքը կբարեկարգի: Փոխարենը թիվ 209 շենքի բնակիչները խոստանում են ընտրել բարեկարգող թեկնածուին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել