Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն անցավ 2-րդ փուլ

Հունիս 05,2007 00:00

\"\"Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցամարտում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթահարեց առաջին արգելքը՝ 7,0:5,0 ընդհանուր հաշվով հաղթելով նորվեգացի 17-ամյա Մագնուս Կարլսենին:

Առաջին փուլի հինգերորդ տուրում մրցակցին սեւ խաղաքարերով զիջելուց հետո Լեւոնին չհաջողվեց վերջին՝ որոշիչ պարտիայում հաշվի մեջ կրկին առաջ անցնել՝ վերջակետ դնելով պայքարին: Կողմերը համաձայնեցին ոչ-ոքիի՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ մրցափուլ՝ թայ-բրեք: Համաձայն մրցակարգի, նրանք արագ (rapid) շախմատի չորս պարտիա խաղացին: Առաջինում հաղթեց Արոնյանը: Սակայն նա այս անգամ էլ չկարողացավ զարգացնել հաջողությունը: Երկու անընդմեջ ոչոքիներից հետո նորվեգացին չորրորդ պարտիայում ճիգերի մեծ լարումով կրկին վերականգնեց հավասարակշռությունը եւ գրոսմայստերները հարկադրված եղան ավելի ուժեղին որոշել արդեն կայծակնային (blitz) երկու պարտիաներում: Միայն այդ ժամանակ Լեւոնը վերագտավ իր իսկական խաղը եւ երկու հաղթանակ տոնելով՝ հաջորդ փուլին մասնակցելու իրավունք նվաճեց:

Մյուս զույգերի պայքարն ավարտվեց այսպիսի հաշիվներով. Պետեր Լեկո (Հունգարիա)- Միխայիլ Գուրեւիչ (Թուրքիա)՝ 3,5:0:5, Սերգեյ Ռուբլյովսկի (Ռուսաստան)- Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)՝ 3,5:2,5, Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)՝ 5,5:3,5, Գատա Կամսկի (ԱՄՆ)-Էտյեն Բակրո (Ֆրանսիա)՝ 3,5:0,5, Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)-Վլադիմիր Մալախով (Ռուսաստան)՝ 3,5:1,5, Եվգենի Բարեեւ (Ռուսաստան)-Յուդիթ Պոլգար (Հունգարիա)՝ 3,5:2,5, Ալեքսեյ Շիրով (Իսպանիա)-Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 5,5:3,5: Ասենք, որ Շիրովն ու Գելֆանդը նույնպես մրցակիցների դիմադրությունը կոտրեցին թայ-բրեքում:

Ութ հաղթողներն այժմ կազմել են նոր զույգեր եւ երկրորդ փուլում կրկին վեց պարտիաներում որոշելու են չորս ուժեղագույններին, ովքեր սեպտեմբեր ամսին Մեքսիկայում Վլադիմիր Կրամնիկի, Վիշվանաթան Անանդի, Պյոտր Սվիդլերի եւ Ալեքսանդր Մորոզեւիչի հետ միասին վիճարկելու են շախմատի աշխարհի թագը:

Հունիսի 6-ից Էլիստայում պայքարը շարունակելու են Արոնյանն ու Շիրովը, Լեկոն ու Բարեեւը, Գրիշչուկն ու Ռուբլյովսկին, Գելֆանդն ու Կամսկին: Հունիսի 9-ը հանգստի օր է, իսկ 13-ը՝ անհրաժեշտության դեպքում, կրկին թայ-բրեքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել