Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՓՈՐՁ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հունիս 11,2007 00:00

Հունիսի 7-ին կրակել են ՀՀ բանակի փոխգնդապետ Արսեն Կոտոյանի վրա

Ուրբաթ օրը՝ հունիսի 7-ին, վաղ առավոտյան՝ ժամը 7:40-ին, աշխատանքի գնալիս Այգեստանի 9-րդ փողոցի 14 տան մոտ անհայտ անձը դարանակալել եւ կրակահերթ է արձակել 30ՍՍ002 պետհամարանիշի ավտոմեքենայի ղեկին եղած 33-ամյա Արսեն Սերյոժայի Կոտոյանի ուղղությամբ: Բարեբախտաբար, այս դեպքում զոհեր չկան: Արձակված կրակահերթի արդյունքում Ա. Կոտոյանը ձախ անրակի եւ աջ բազկի մասերում ստացել է հրազենային վնասվածքներ եւ, ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության, դիմել փախուստի: Նույն հաղորդագրության համաձայն, դեպքի վայրից փախուստի է դիմել նաեւ ինքնաձիգից կրակ արձակած անձը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը զննությամբ դեպքի վայրից հայտնաբերել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 12 պարկուճ եւ 3 կրակված գնդակ:

«Առավոտին» հայտնի դարձան այս դեպքին առնչվող հավելյալ մանրամասներ: Մասնավորապես. Ա. Կոտոյանը ՀՀ ՊՆ սպա է՝ կոչումով փոխգնդապետ, եւ շուրջ 2 շաբաթ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հրամանով նշանակվել է Էջմիածնի թիվ N զորամասի շտաբի պետ: Մինչ այդ նա աշխատել է Երեւանի մայրաքաղաքային գնդում՝ որպես գումարտակի հրամանատար: Այդ գործի քննությունը վարող խմբին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, Ա. Կոտոյանն իր վրա կրակահերթ արձակելու պահին ունեցել է իրեն ամրակցված հաշվեցուցակային ատրճանակ, բայց որովհետեւ զգացել է, որ վիրավոր է, ոչ թե պատասխան կրակ է արձակել կամ փախուստի դիմել, ինչպես ներկայացվում է պաշտոնապես, այլ ուղղություն է վերցրել դեպի թիվ 1 հիվանդանոց:

Մեր տեղեկություններով, Ա. Կոտոյանը հանցագործ աշխարհում մեծ «հեղինակություն» համարվող «Սվոյ Ռաֆի» զինակից, «Մետաքսի Սեր» մականվամբ Սերյոժա Կոտոյանի ավագ որդին է: Հիշեցնենք, որ «Մետաքսի Սերը» սպանվել է 1997թ.-ին՝ «Մետաքս» թաղամասում, Խորենացի փողոցի վրա գտնվող առեւտրի մի կրպակի մոտ: Հայրենի իրավապահներին արդեն 10 տարի է՝ չի հաջողվում գտնել մարդասպանին, թեեւ ժամանակին այդ հանցագործության բացահայտումը իրավապահները շատ մոտ էին համարում: Համենայնդեպս, այն ժամանակ կար սպանության վարկած եւ մոտիվ, մանավանդ որ՝ համառ լուրեր էին շրջանառվում, թե «Մետաքսի Սերին» սպանության պատվերն իջեցվել է իշխանական օղակներից: Հետքերն անգամ տարել էին դեպի աֆղանցի վետերանները: Հիմնական փաստարկն այս դեպքում այն էր եղել, որ գումի շուկան, որն այն տարիներին գտնվում էր «աֆղանցիների» ձեռքին, «Սերն» ուզում էր իրենով անել: Ըստ մեր աղբյուրների, այն ժամանակ անգամ կալանավորվել էր Գեւորիկ անունով մեկը, որին հետո բաց էին թողել՝ այն բանից հետո, երբ 1998-ին «աֆղանցի վետերանները» հայտարարել էին Ռ. Քոչարյանին սատարելու մասին, իսկ հանցագործությունն այդպես էլ չէր բացահայտվել:

Ինչ վերաբերում է Արսեն Կոտոյանի դեմ կատարված մահափորձին, ապա մեր աղբյուրների ասելով, թեեւ նրա գիտակցությունը տեղն է, բայց նա չի շտապում իրավապահներին հայտնել դեպքի հանգամանքների մասին, ասել՝ տեսե՞լ է կրակողին, թե՞ ոչ: Իրավապահները կասկածներ ունեն, որ Ա. Կոտոյանը ճանաչել կամ գոնե տեսել է իր վրա կրակող անձին: Այս դեպքի կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակներում սկսել են քննարկվել առաջին վարկածները: Դրանցից մեկով՝ Ա. Կոտոյանն ինքնուրույն է զբաղվել հոր սպանության բացահայտմամբ: Դիտարկվում է նաեւ տնտեսական հողի վրա կատարված մահափորձը: Չճշտված տեղեկությունների համաձայն, նա «Մետաքս» կոչվող թաղամասում ինչ-որ օբյեկտներ ունի, եւ հնարավոր է, որ մահափորձը կապ ունի դրանց շուրջ ծավալված զարգացումների հետ:

Երրորդ վարկածով մահափորձի շարժառիթը նրա մասնագիտական գործունեությունն է: Այնտեղ, որտեղ ծառայել է Ա. Կոտոյանը, նա հայտնի է որպես «կոշտ ու կոպիտ» անձնավորություն:

Ընդ որում՝ չի բացառվում նաեւ այն տարբերակը, որ հանցագործը քիլլեր է եղել: Մեր աղբյուրներն ասում են, որ դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ հունիսի 7-ին տեղի ունեցած մահափորձից հետո մի քանի ժամ անց՝ 13.00-ին, դեպքի վայրից մոտ 400 մ հեռավորության վրա՝ Այգեստանի 11-րդ փողոցում, թփուտների մեջ իրավապահները հայտնաբերել են կարմիր գույնի սպորտային պայուսակ, իսկ պայուսակից մոտ 50 մ հեռավորության վրա՝ «ԱԿՄ» տիպի փամփշտակալով ինքնաձիգ՝ լիցքավորված 11 փամփուշտով: Սպանության «գործիքը» դեպքի վայրում, ասում են՝ սովորաբար թողնում են քիլլերները, ինչն այս դեպքում եւ արվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930